ՏՈՆԱՊԱՏՃԱՌ, Պատճառտօնից, հայոց Տոնացույցի՝ «Կանոնք ընթերցվածոց»-ի տոների շարքի և դրա հետ կապված առանձին ընթերցվածների՝ Հին և Նոր կտակարաններից մեջբերված բնագրերի մեկնությունների, վերլուծությունների ժողովածու: Տոնապատճառում լուսաբանվում են տոների իմաստները, եկեղեցական մատենագրության մեջ առանձին կարևորություն ունեցող մի շարք ճառերի և մեկնողական երկերի հորինման շարժառիթները, բացատրվում են ավետարանական բնագրերը՝ տոների «պատճառներ»-ը (այստեղից էլ՝ Տոնապատճառ անվանումը)՝ աստվածաբանական., վարդապետական մասնավոր ուղղվածությամբ: Սկզբնապես հայտնի էին «Մեկնություն ընթերցվածոց» անվամբ: Տոնապատճառի մեջ հայրախոս. տեքստերից բացի առկա են նաև Աստվածաշնչի և մի շարք ճառերի մեջ հանդիպող առավել խրթնիմաստ բառերի և արտահայտությունների կարճառոտ մեկնաբանություններ՝ լուծմունքներ, դավանաբանական երկեր, ինչպես նաև՝ մարգարեների, առաքյալների, նահատակների (տես Վկա) վերաբերյալ համառոտ պատմություններ, որոնք, զերծ լինելով վարքերին ու վկայաբանություններին հատուկ նկարագրականությունից, ունեն առավելապես բարոյական հրահանգի, վերլուծական պատգամի բովանդակություն: Ի տարբերություն գործնական կիրառության համար սահմանված ծիսական մատյանների (տես Ծիսամատյան), որոնք ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ենթարկվել են ինչ-ինչ փոփոխությունների, Տոնապատճառ ժողովածուն, ունենալով գերազանցապես տեսական բովանդակություն, քիչ է ենթարկվել արտաքին ազդեցության: Իբրև տեսական-աստվածաբանական անհրաժեշտ գիտելիքներ պարունակող կարևոր դասագիրք՝ Տոնապատճառը լայնորեն կիրառվել է վանական դպրոցներում: Ձեռագրական ավանդույթը Տոնապատճառ ճողովածուի ստեղծումը կապում է Արիստակես Ա Պարթև կաթողիկոսի (325–333) անվան հետ: Սակայն Տոնապատճառի կազմավորման մեջ շատ ավելի էական է համարվում նախ՝ Գրիգորիս Արշարունի քորեպիսկոպոսի (VII–VIII դդ.), ապա Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսի (855–876) մասնակցությունը: Ժողովածուի բովանդակային ճոխացմանը կարևոր նպաստ է բերել նաև Սամվել Կամրջաձորեցին (X–XI դդ.)՝ այն համալրելով նոր միավորներով, այդ թվում նաև՝ իր հորինած մեկնողական ճառերով: Իբրև այս ժողովածուի խմբագիրներ հիշվում են նաև Վարդան Հաղպատեցին (XII դ.), XIII դ. հեղինակներ Հովհաննես Գանձակեցին, Վարդան Արևելցին և ուրիշներ:
Քյոսեյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1021:
Տես նաև՝
Անթաբյան Փ., «Տօնապատճառ» ժողովածուն..., ԲՄ, դ 10, 1971:
Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Ե., 1999:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am