ՏՈՆԱՑՈՒՅՑ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոների մասին ցուցումներ պարունակող ծիսամատյան, տոների օրացուցային կարգի և արարողությունների կատարման ուղեցույց, որտեղ արձանագրված է յուրաքանչյուր օրվա ներքին ծիսակարգը` իր մասնավոր հերթագայությամբ, կատարման համար սահմանված ընթերցումներով (Աստվածաշունչ, քարոզ, աղոթք, շարական ևն): Համաձայն ավանդության, Հայ եկեղեցու տոների կարգավորության պաշտոնական հիմնադիրը Գրիգոր Ա Լուսավորիչն է: Այդ գործին մեծապես նպաստել է Սահակ Ա Պարթևը: Մասնավորաբար հայկական Տոնացույցին հատուկ յոթնյակ ձևը (երբ ս. Զատկի շարժականությամբ թելադրված` մի շարք տոներ յոթ օրվա տատանումով են նշվում) կապվում է նրա անվան հետ: Տոնացույցի կազմավորման գործին իրենց մասնակցությունն են բերել Գյուտ Ա Արահեզացի, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսները: Հովհաննես Գ Օձնեցին կանոնակարգել է Ս. Ծննդյան չորս Ավագ տոներն իբրև նախատոնակ: Ներսես Շնորհալին սահմանել է Հոգեգալուստը` յոթ և Վերափոխումը` ինն օր տոնախմբելու կարգը:
Տոնացույցը խմբագրել և վերստին «ստուգաբանել» է Գևորգ Լամբրոնացին (XIII դ.): Նա Կանոնագրքից քաղած վկայություններով հաստատագրել է Հայ եկեղեցու տոնական կարգավորությունը: Նշանակալից է Սիմեոն Ա Երևանցու մասնակցությունը Տոնացույցի կարգավորման աշխատանքներին: Նրա ջանքերով հայ եկեղեցական Տոնացույցը ձեռք է բերել նոր և հաստատուն կերպարանք: Կիրակի օրվա սրբությունը պահելու նկատառումով նա Տերունական և Սրբոց տոների կապակցությամբ Տոնացույց է ներմուծել 21 օրեր, հանել Մեծի պահոց կիրակիների մեջ Հարության հիշատակումը, մշակել գործածության առավել դյուրին և հաստատուն մի ձև, որը ցույց է տալիս 36 տարեգրերի համար մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը տեղի ունեցող ս. Զատկի տոնի փոփոխությունները: Սիմեոն Ա Երևանցու Տոնացույցը կիրառվում է ցայսօր: Ըստ Տոնացույցի, Հայ եկեղեցին տարին բաժանում է երեք տեսակ օրերի` տոների, սրբոց օրերի (տես Սուրբեր Հայաստանյայց առաքելական եկեղեցու) և ապաշխարության կամ պահոց օրերի (տես Պահք):
Տես նաև Տոնապատճառ:
Քյոսեյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1021-1022:
Տես նաև՝
Ակինյան Ն., Քննութիւն ս. Սահակի վերագրուած կանոններու եւ հայոց եկեղեցական տարին Է դարու սկիզբը, Վնն., 1950:
Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Ե., 1970:
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 959–962:
Պողարյան Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990, էջ 68–75:
Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին, Ե., 1993:
Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Ե., 1999:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am