ՏՈՆԵՐ եկեղեցական, աստվածապաշտության կամ ծեսի և պաշտամունքի բաղկացուցիչ հիմնական բաժիններից: Կատարվում են եկեղեց. հանդիսավոր արարողություններով, նվիրված են որոշակի դեպքերի ու անձերի ոգեկոչումներին կամ ուղղակի միջոց են հոգևոր խորհրդածությունների: Նպատակն է նվիրվել օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին, ապրել հոգևոր բարեպաշտ. կյանքով և խորհել հոգևոր արժեքների մասին: 

 Ծնունդ (նկարիչ՝ Կիրակոս, Ավետարան, 1330 թ., Ուռնկար)Քրիստոնեական, այդ թվում և Հայ եկեղեցու տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին, խաչին, սուրբերին և մարտիրոսներին, ինչպես նաև ազգային-եկեղեցական նշանակություն ունեցող իրադարձություններին (հայոց համար այդպիսիք են Թարգմանչաց, Վարդանանց տոները): Մի շարք քրիստոնեական տոների հետ միախառնվել են նաև հեթանոս. շրջանի տոների որոշ տարրեր և ժողովրդական սովորույթներ: Կիրակին Տերունական օր է, նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը և միշտ նշվում է որպես եկեղեցական տոն: Շաբաթվա մնացած օրերը սրբոց և պահոց օրեր են: Հայ եկեղեցու գլխավոր հինգ եկեղեցական տոները կոչվում են Տաղավար (Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, ս. Զատիկ, Խաչվերաց, Վերափոխումն Ս. Աստվածածնի, Վարդավառ): Այդ տոների հաջորդ օրը մեռելոց է, կատարվում է գերեզմանօրհնեք: Հայ եկեղեցին տարվա օրերը բաժանել է երեք հիմնական խմբի. տոներ, սրբոց (մարտիրոսաց) օրեր կամ սրբոց հիշատակներ և պահոց օրեր (տես Պահք): Տոները բաժանվում են չորս խմբի.

1. Տերունի տոներ` նվիրված Քրիստոսի փրկագործ տնօրինության հիշատակներին, 

2.Աստվածածնի տոներ, 3. Խաչի տոներ, 4. Եկեղեցու տոներ: ԱստվածածնիՏյառնընդառաջ (Մողնու ավետարան, XI դարի կեսեր), Խաչի և Եկեղեցու տոները Տերունի տոների մասեր են և նույնպես համարվում են Տերունի, քանի որ կատարվում են ի պատիվ և հանուն Տիրոջ: 

Սրբոց օրերը նվիրված են սուրբերի հիշատակին: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սուրբերի և զուտ Հայ եկեղեցու սուրբերի տոներ (տես Սուրբեր Հայաստանյայց  առաքելական  եկեղեցու): Սուրբերի կարգին են դասվել նաև հրեշտակները, որոնց նվիրված տոներ ևս ունի Հայ եկեղեցին: 

Հայ եկեղեցու տոները լինում են շարժական և անշարժ:

Անշարժ են այն տոները, որոնք հաստատուն կերպով կապված են ամսաթվերին և ոչ թե շաբաթվա օրերին: Դրանք են հունվարի 5-ից մինչև 13-ը ներառող իննյակ օրերի տոները.

Հարություն (նկարիչ ՝ Մելիքսեդեկ, Ավետարան, 1338 թ., Բերկրի)Ճրագալույց Ս. Ծննդյան (հունվարի 5), Ս. Ծնունդ և Աստվածահայտնություն (հունվարի 6), Ս. Ծննդյան յոթնյակը կամ ութօրեքը (հունվարի 7–12), Անվանակոչություն (հունվարի 13), Տյառնընդառաջ (փետրվարի 14), Ավետում (ապրիլի 7), Ծնունդ Աստվածածնի (սեպտեմբերի 8), Ընծայումն Աստվածածնի (նոյեմբերի 21), Հղություն Աստվածածնի (դեկտեմբերի 9):

Հաստատուն օրեր ունեն Աստվածածնի Վերափոխման (օգոստոսի 15) և Խաչվերաց (սեպտեմբերի 14) տոները, բայց Հայ եկեղեցին դրանք նշում է այդ օրերին ամենամոտ կիրակի օրը: Սրբոց հիշատակ կատարվում է ոչ թե ամիսների հաստատուն օրերով, այլ` յոթնյակի դրությամբ, որը շաբաթների հաջորդությունն է: Շաբաթվա մեջ միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին կարող են սուրբերի հիշատակները նշվել: Շարժական տոները կապված են ս. Զատկի (Հարության) տոնի հետ` համաձայն Լուսնի լրումի:


                                                                                                Ղազարյան Ա.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1022-1023

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am