ՈՒԽՏԱՆԵՍ,  Ուխտանես եպիսկոպոս, Ուխտանես Սեբաստացի, Ուխտանես  Ուռհայեցի (մոտ 935–1000), պատմագիր, Սեբաստիայի հայոց թեմակալ առաջնորդ (մոտ 970–985): Ուսանել է Նարեկավանքում՝ աշակերտելով Անանիա Նարեկացուն, հմտացել աստվածաբանության մեջ: Հավանաբար (985-ից հետո) վարել է նաև Ուռհայի (Եդեսիա) հայոց վիճակավորի պաշտոնը: Վարդան Արևելցու վկայությամբ՝ Ուխտանեսն առաջինն է սահմանել Սեբաստիայի Քառասուն մանկանց տոնը: Ուխտանեսի    «Պատմութիւն Հայոց» երկից երևում է, որ շրջագայել է ողջ Հայաստանում, մասնավորապես քաջատեղյակ է Վասպուրականին, Փոքր Հայքին, Շիրակին, Տայքին ու Վրաստանին: 

Ուխտանեսի Պատմությունը գրել է Անանիա Նարեկացու պատվերով և ուղղակի ցուցումներով: Նրանք 980-ի հուլիսի 4-ին   «յեզր գետոյն, որ կոչի Ախուրյան» զրուցել են «բերան ի բերան... յաղագս պատմութեանս»: Այսինքն՝ միասին են քննարկել ու ծրագրել աշխատության  թե՛ կառուցվածքը, թե՛ ծավալը և թե՛ բովանդակությունը: Ժամանակի հակաքաղկեդոնականության ականավոր ներկայացուցիչ Անանիա Նարեկացին իր դրոշմն է դրել Պատմության վրա: Ուխտանեսը հակաքաղկեդոնական մաքառման այն գործիչներից էր, որոնց ջանքերն ուղղված էին Բյուզանդիայի ծավալապաշտական ձգտումների դեմ: Պատմությունը երկասիրելու ժամանակահատվածում (982–984) Բյուզանդիայի մարտավարությունը Հայաստանում հասել էր զգալի հաջողությունների, և Ուխտանեսի գործը նշանակալից է եղել կայսրության նվաճողական քաղաքականության ու բյուզանդական եկեղեցու նկրտումների դեմ մղվող դավանական պայքարում: Երկասիրության ամբողջական խորագիրն է «Պատմութիւն յերիս հատուածս»: Այն բաժանված է երեք մասերի, որոնք հեղինակն անվանում է հատվածներ՝

ա. Պատմութիւն հայրապետաց և  թագավորաց Հայոց,

բ. Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց,

գ. Յաղագս մկրտութեանն ազգին այնմիկ Ծադն կոչեցեալ:

Մեզ են հասել 1-ին մասը կամ հատվածն ամբողջությամբ, երկրորդը՝ փոքր-ինչ թերի, երրորդը չի պահպանվել: Առաջին հատվածը Հայոց ամփոփ պատմությունն է՝ Ադամից մինչև Տրդատ Գ Մեծ: Բաղկացած է 76 գլուխներից, որոնցից առաջինը խոսում է աշխատանքի նպատակաուղղվածության ու ստեղծման հանգամանքների մասին և ընծայական է Անանիա Նարեկացուն: Առաջին հատվածի պատմ. արժեքը մեծ չէ. Ուխտանեսը գրեթե կրկնել է Ագաթանգեղոսի, Զենոբ Գլակի, Եվսեբիոս Կեսարացու և հատկապես Մովսես Խորենացու արդեն հայտնի տեղեկությունները: Օգտվել է նաև Անանիա Շիրակացուն վերագրված «Ժամանակագրութիւնից» եկեղեցական հայրերի ճառերից, վկայաբանություններից և այլ երկերից: Հեղինակը տվել է Հայոց թագավորների և կաթողիկոսների, հռոմեական կայսրերի ու քահանայապետների ցանկերը, I–IV դ. Հայաստանի քաղական, կրոնական պատմությունը: Այս հատվածում ամենաարժեքավորը թերևս  «Գահնամակ»  վերաբերյալ ակնարկությունն է, որը տեսել և օգտագործել է հեղինակը: Կարևոր է նաև IX դ. վերջի և X դ. սկզբի հայ պատմիչ Շապուհ Բագրատունու կորած երկի մասին հիշատակությունը: Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ առաջին հատվածն էլ մեզ չի հասել  ամբողջությամբ:  Հայ-վրացական Հարաբերություններին նվիրված երկրորդ և առաջին հատվածների միջև բաց է մնում շուրջ 300-ամյա պատմություն: Երկի երկրորդ հատվածում (բաղկացած 70 գլխից) Ուխտանեսը մանրամասն  անդրադառնում է  VI դ. վերջին և VII դ. սկզբին Հայ, Վրաց և Աղվանից եկեղեցիների փոխհարաբերությունների ու հատկապես Հայ եկեղեցուց Վրաց եկեղեցու բաժանման պատմությանը: Ցույց է տվել երկու եկեղեցիների միջև նախապես եղած կատարյալ միությունն ու համաձայնությունը: Դեռևս 506-ին, Դվինի եկեղեցական ժողովում Վրաց Գաբրիել կաթողիկոսը նզովել է Քաղկեդոնն ու նրա որոշումները: Ուխտանեսի համոզմամբ Հայ եկեղեցու հակաքաղկեդոն. դիրքորոշումը հայ և վրաց ժողովուրդներին զերծ է պահել օտար ազդեցություններից ու ենթակայության վտանգից և ունեցել դրական նշանակություն: Սակայն Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի օրոք սկսվել են եկեղեց. բաժանման խմորումներ, և Վրաց եկեղեցին VII դ. սկզբին վերջնականապես անջատվել է Հայ եկեղեցուց: Դատապարտելով Վրաց կաթողիկոս Կյուրիոնի անջատողականությունը ՝ Ուխտանեսը հանգել է այն եզրակացության, որ պառակտումն իրականացվել է բյուզ. Եկեղեցու ու կայսրության դրդմամբ, և որ եկեղեցական երկատմամբ կթուլանար նրանց դիմադրողականությունը: Այս հատվածի շարադրման համար Ուխտանեսը  օգտագործել է  «Գիրք թղթոցը», VII դ. պատմիչ Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը, թուղթ-շրջաբերականներ, դիվանական վավերագրեր, վրաց. փաստաթղթերի թարգմանություններ ևն: Հեղինակը մեջ է բերում ժամանակաշրջանի Հայոց և Վրաց կաթողիկոսների, Սմբատ Մարզպանի և Վրաց կաթողիկոս Կյուրիոնի ողջ թղթակցությունը: Աշխատության երկրորդ հատվածի 26 գլուխները թղթակցություններ են, 44-ը՝ հեղինակի պատմ. մեկնաբանություններ: Առանձին գլխում են ընդգրկված տիեզերական ժողովներն ու նրանց որոշումները: Վերջերս հայտնաբերվել է այս հատվածի վերջաբանության մեծ մասը (11 էջ ձեռագիր), որն առ այսօր անտիպ է: 

Պատմության երրորդ հատվածն ունեցել է շեշտված դավան-աստվածաբանական բնույթ: Այն նվիրվել է ծաթերի (քաղկեդոնիկ հայերի) կրկնամկրտության եղելությանը. Հայ եկեղեցին նրանց բռնությամբ ենթարկել էր իր իշխանությանը: Այնտեղ շարադրված է եղել ծաթերի պատմությունը, նրանց բնակեցրած տարածքի պատմաաշխարհագրական նկարագիրը: Երրորդ հատվածի բովանդակության մասին հակիրճ ակնարկվում է երկի  նախերգանքում: Պատմական կարևորագույն արժեք ներկայացնող այս հատվածը որպես  սկզբնաղբյուր օգտագործել է XIII դ. պատմիչ Մխիթար Այրիվանեցին: Պատմության քննությունից պարզվում է, որ հեղինակն սկզբնապես մտահղացել է միայն երրորդ հատվածը, որտեղ նկարագրվող իրադարձությունների մասնակիցն է եղել: Այնուհետև ծրագրվել են առաջին և երկրորդ հատվածները, որոնք հիմք էին հանդիսանալու երրորդի համար: Երրորդ բաժինը պետք է ծառայեր ժամանակի հայոց պետական գաղափարախոսությանն ու քաղաքական նպատակներին, Բյուզանդիայի դեմ կրոնաքաղաքական մաքառման գաղափարին: Ուխտանեսը մեծապես ազդվել է Մովսես Խորենացու Պատմությունից, որը նրա համար բացարձակ հեղինակություն էր և գլխ. աղբյուրներից մեկը: Ուխտանեսը  նրան է հետևում ինչպես ժամանակագրական համակարգով, այնպես էլ ժողովրդական զրույցների ու ավանդությունների նկատմամբ քննախույզ մոտեցմամբ: Նա եզակի  եղեկություններ է հաղորդում նաև Անանիա Նարեկացու «Պատմութիւն Հայոց» և   «Հաւատարմատ» կորած երկասիրությունների մասին: Նրա լեզուն  պարզ է և սահուն, սակայն զերծ չէ երկարաբանություններից: 

Ուխտանեսի Պատմության բնագիրը մեզ է հասել 1663-ի ընդօրինակությամբ (Մատենադարան, ձեռ. դ 1774), մյուս չորս ձեռագրերը գրչագրված են դրանից և պահվում են Երևանի, Սանկտ Պետերբուրգի, Վենետիկի և Փարիզի ձեռագրատներում: Պատմության միակ հրատարակությունը (1871) առատ է բազմատեսակ սխալներով: Մ. Բրոսսեն այն թարգմանել է ֆրանսերեն (Սանկտ Պետերբուրգ, 1870–71): Զ. Ալեքսիձեի թարգմանությամբ վրացերեն է հրատարակվել (հայ. բնագրին զուգահեռ) երկի երկրորդ հատվածը (Թբիլիսի, 1975): Նույն հատվածը, Զ. Արզումանյանի թարգմանությամբ, հրատարակվել է անգլերեն  (ԱՄՆ,Ֆորտ Լոդերդեյլ, 1985): 

 

 

                                                                                Հովհաննիսյան  Պ.

  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1032-1034:

 

 

 


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am