ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի 1991-ի սեպտեմբերի 1-ի վճռագրով: Առաջնորդանիստը՝ Լվովի Ս. Աստվածածնի Վերափոխման եկեղեցի:
1997-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հունվարի 13-ի կոնդակով Ուկրաինայի հայոց թեմը ստացել է կանոնական ճանաչում՝ առաջնորդ է նշանակվել Նաթան եպս. Հովհաննիսյանը:
Ներկայումս (2001) Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության ներքո ունի պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում (Ակքերման), Թեոդոսիայում (Կաֆա), Յալթայում, Եվպատորիայում (Գյոզլև), Սիմֆերոպոլում, Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում, Իզմայիլում:
Թեմի տարածքում գործում են Լվովի Ս. Աստվածածնի Վերափոխման (1363), Թեոդոսիայի Ս. Սարգիս (XIII դ.) և Միքայել ու Գաբրիել Հրեշտակապետաց (1408), Եվպատորիայի Ս. Նիկողայոս (1817), Յալթայի Ս. Հռիփսիմե (1905–17), Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորիչ (1995), Սիմֆերոպոլի Ս. Հակոբ (1997), Մակեևկայի Ս. Խաչ (1998) եկեղեցիները:
Թեմի գրեթե բոլոր համայնքներն ունեն կիրակնօրյա դպրոցներ:
Ուկրաինայի թեմի առաջնորդն է Գրիգորիս արք. Բունիաթյանը (2001-ից):
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1035:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am