ՈՒՆԻԹՈՐՈՒԹՅՈՒՆ (ունիտորություն, լատ. unitor – միաբանող), միարարություն, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ քրիստոնեական տարբեր եկեղեցիների միության (ունիայի) գաղափարի վրա հիմնված եկեղեցական ուղղություն, որն ընդունում է Հռոմի պապի գերագահությունը, կաթոլիկ. դավանանքը, ծեսը՝ պահպանելով ժամերգության ազգային լեզուն: Գոյություն ունեն Արևելյան միացյալ (Uniate) եկեղեցիներ կամ պատրիարքություններ, ինչպիսիք են Մարոնիտ (1216), Քաղդեական (1553), Հույն (Մելքիդ՝ 1724), Ասորի (1783), Ղպտի (1824) կաթոլիկ պատրիարքությունները: 1742-ին կազմավորվել է Հայ կաթողիկե պատրիարքությունը (տես Հայ կաթողիկե եկեղեցի): XVI դ. վերջին ունիթորական եկեղեցի է ստեղծվել նաև Ուկրաինայում և Բելառուսում:
Ունիթորության առաջացումը պայմանավորված էր պապականության և արևմտաեվրոպական տերությունների աշխարհակալական քաղաքականությամբ, իսկ Ունիթորության նախադրյալներն ստեղծվել են XI դ. վերջին՝ պայմանավորված առաջին Խաչակրաց արշավանքներով: Հայ իրականության մեջ նույնպես Ունիթորությունն ուներ քաղաքական երանգավորում. Կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու ձգտումը նպատակ էր հետապնդում Արմ. Եվրոպայի ռազմաքաղաքական օգնությամբ ազատագրվել օտար լծից և վերականգնել հայկ. պետականությունը: Ունիթորությունը տարածվել է նաև Կիլիկյան Հայաստանում, որի լատ. և լատինամետ (առևտրատնտեսական կապերով Եվրոպայի հետ սերտորեն կապված) հայ բնակչությունը որոշ ակի ուժ ու դիրք է ձեռք բերել և իր նկրտումներն առավել եռանդով դրսևորել հատկապես ճգնաժամային պայմաններում: Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորը թագադրումից (1198) առաջ առերես ծիսական որոշ զիջումներ է խոստացել Հռոմի պապին և Կիլիկիայում նրա քարոզիչներին ազատ գործելու հնարավորություն տվել, սահմանային մի շարք ամրոցներ իբրև ավատ հանձնել եվրոպական ռազմիկ-միաբանություններին: Կիլիկյան միարարների և ազգային ավանդներին հավատարիմ հոսանքի հետևորդների միջև սուր պայքար է ծավալվել Կիլիկիայի հայկական պետության թուլացման և անկման շրջանում (1289–1375): 1307-ին Սսում և 1316-ին Ադանայում (տես Ադանայի եկեղեցական ժողով 1316) գումարված ժողովներն ընդունել են Կաթոլիկ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը և Հռոմի պապի գերիշխանությունը: Սակայն ակնկալած ռազմաքաղաքական օգնությունը չստանալով՝ 1361-ին Սսում չեղյալ է հայտարարվել նախորդ ժողովների ընդունած «ունիան» (տես Սսի եկեղեցական ժողովներ): Հայ եկեղեցու դավանանքի, ծիսակարգի անաղարտության, ավանդ.կարգի և ինքնուրույնության պահպանման համար Ունիթորության ու Կիլիկիայի լատինամետ հայ հոգևորականների դեմ անհաշտ պայքար է մղել հայ հոգևորականության ավանդապահ թևը՝ Հայոց Հյուսիսային Կողմանց կամ արևելյան վարդապետները:
1240-ական թթ. պապական քարոզիչները թափանցել են նաև բուն Հայաստան և տարանցիկ առևտրական ճանապարհների կարևոր հանգուցակետերում հիմնել արքեպիսկոպոսություններ (Սուլթանիե, Խանբալիկ-Պեկին) և եպիսկոպոսություններ (Թավրիզ, Մարաղա, Դեհխարկան, Թիֆլիս, Նախիջևան)՝ փորձելով «ճշմարիտ հավատի» բերել արևելյան հին քրիստոնյա, առաջին հերթին՝ հայ և ասորի ժողովուրդներին: Սկզբում գործել են Ֆրանցիսկյան միաբանները, որի արդյունքում կաթոլիկացվել է Արտազի թեմական կենտրոն Ս. Թադե վանքը: 1318-ից Հռոմի պապ Հովհաննես XXII-ի հանձնարարությամբ նրանց փոխարինել են Դոմինիկյան կրոնավորները, որոնց աջակցությամբ ավելացել է Անիի, Կարինի, Թիֆլիսի, Թավրիզի, Մարաղայի և այլ վայրերի կաթոլիկացած հայ համայնքների անդամների թիվը: Ամենանշանակալին Նախիջևանի Երնջակ գավառի եպիսկոպոսությունն էր, որը հաստատվել է 1330-ին, Քռնայի Ս. Աստվածածին վանքում՝ Հովհաննես Քռնեցու գլխավորությամբ, և գործել մինչև 1766-ը (ունեցել է 38 գահակալներ, որոնցից 32-ը՝ հայ վանականներ): Վանքում գործել է Քռնայի բարձր տիպի դպրոցը, որի դեմ դավանաբան. Պայքար են մղել Գլաձորի և Տաթևի համալսարանների ուսուցչապետներն ու վարդապետները՝ Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուր.: Հովհաննես Քռնեցին այստեղ հիմնել է «Կարգ Սուրբ Գրիգոր Լուսավորչի» անունով միաբանություն, որդեգրել Դոմինիկյանների տարազը (քիչ տարբերությամբ) և կանոնագիրը: Այդ միաբանության կրոնավորները կոչվել են «Հայ միաբանող եղբայրներ» կամ ունիթորներ:
XVI դ. վերջին սկսվել է Ունիթրության՝ դեպի արևելք տարածվելու երկրորդ շրջանը: Հիսուսյան, Թեատինյան ու այլ միաբանությունների անդամների և Ուրբանյան դպրոցի (որի հայկ. բաժինը 1884-ին վերածվել է քահանայապետական Լևոնյան վարժարանի) ուսուցիչների ու սաների ջանքերով կաթոլիկ հայերի համայնքներ են ստեղծվել նաև այլ վայրերում: Հայ կաթողիկե պատրիարքության հաստատումից (1742) հետո, երբ ստեղծվել են կաթոլիկ նվիրապետ. թեմեր և միաբանություններ, Ունիթորությունը աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը և մարել՝ չիրականացնելով իր հետապնդած նպատակները (տես նաև Միսիոներություն):
Տեր-Վարդանյան Գ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1038-1039:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am