Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ուրցաձորի Ս. Հովհաննես Կարապետ վանք

 ՈՒՐՑԱՁՈՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ, ՀՀ Արարատի մարզում, Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջի սարահարթի վրա: XIV դ. սկզբին, որպես տոհմական տապանատուն, հիմնադրել են Օրբելյան իշխանները: Վանքի Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ Տիրացու գրչի փորագրած շին. արձանագրության, 1301-ին Կիրակոս վարդապետի հսկողությամբ կառուցել է Իվանե Զաքարյանի դուստր, Ջալալ Օրբելյանի կին Գոնցան: Նա եկեղեցուն նվիրել է Քալաս գյուղը, հողեր, այգիներ, ջրաղացներ, ձիթհանք: Առանձին արձանագրությամբ նշվել է ճարտարապետի անունը՝ Բուտ: 

Եկեղեցին զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձև թմբուկով  գմբեթը պսակված է հովանոցաձև վեղարով: Միակ՝ արմ. շքամուտքի բարավորին և նրանից վերև բարձրարվեստ հարթաքանդակներ են, որոնց հեղինակն է Սարգիս վարդապետը: Բարավորին, ծաղկահյուս ֆոնի վրա պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, կողքերին՝ կանգնած հրեշտակներ: Վերևում, կամարակապ խորշում քանդակված է Քրիստոսը, շուրջը՝ չորս ավետարանիչների խորհրդանշաններ: Գմբեթի թմբուկին հապավումներով փորագրված են. արլ. նիստին՝ Կիրակոս, Բուտ, հվ-ին՝ Ջալալ, Գոնցա, հս-ին՝ Տիրացու (արմինը ջնջված է, հավանաբար՝ Սարգիս): Եկեղեցուց հվ-արմ., ուղղանկյուն հատակագծով ժամատունն է (XIV դ., մինչև 1346-ը), որը ծառայել է նաև որպես տապանատուն: Ժամատանն արմ-ից կից է  երկհարկ եկեղեցի-դամբարանը (XIV դ.), որի երկրորդ հարկի կիսաշրջանաձև խորանը դրված է ժամատան ծածկի վրա: 

1346-ին Ջալալի և Գոնցայի որդի Էլիկում Օրբելյանը վանքին խոշոր նվիրատվություններ է կատարել: 1679-ին երկրաշարժից ավերվել են ժամատունը և եկեղեցի-դամբարանի զանգակատան ռոտոնդան: 1896–97-ին վանական համալիրի արմ. կողմում  կառուցվել են միաբանության շենքերը և ուղղանկյուն հատակագծով պարիսպը, 1898-ին՝ շտեմարանը: Պահպանվել են ջրմուղի և ջրավազանի մնացորդները: Վանքի գերեզմանատանը կանգուն են նուրբ զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով  գերեզմանաքարեր: Ուրցաձորի Ս. Հովհաննես Կարապետ վանքը հայկական միջնադարյան այն սակավաթիվ հուշարձանախմբերից է, որը պահպանել է ինչպես կառուցող մեկենասների, այնպես էլ ճարտարապետի, քանդակագործի, շինարարական աշխատանքների ղեկավարի, փորագրող գրչի անունները: 

 

                                                                                                 Հասրաթյան Մ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1040-1041:

 

Տես նաև՝

Եղիազարյան Հ., Հովհաննես Կարապետի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները, «Էջմիածին», 1962, դ 1:

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:

Овсепян Г., Потомство Тарсаича и Мина Хатуны, “Христианский Восток”, т. 2, в. 2, СПБ, 1913;

Cuneo P., Architettura armena dal quarto  al diciannovesimo secolo, t. 1–2, Roma, 1988.

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am