«ՈՒԹ ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՎԵՏԱՐԱՆ», կիլիկյան պատկերազարդ ձեռագիր մատյան ընտիր թավշյա մագաղաթից: Պատկերազարդել են XIII դ. վերջին քառորդի անհայտ նկարիչներ և 1320-ին՝ Սարգիս Պիծակը: Կիլիկյան մանրանկարչության ծաղկման շրջանի գոհարներից է: Գրիչը նշանավոր Ավետիսն է, որը հայտնի է Թորոս Ռոսլինի ծաղկած «Մաշտոց» -ի, «Կեռան թագուհու Ավետարան»- ի և այլ եզակի ձեռագրերի ընդօրինակություններով: «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ը Ավետիսի անունով մեզ հասած վերջին աշխատանքն է: Պահվում է Մատենադարանում (ձեռ.դ 7651): Ձեռագիրը ստացող Սեբաստիայի Ստեփանոս եպիսկոպոսը 1320-ին հիշատակարանում գրել է, որ Կիլիկյան Հայաստանի Օշին արքայի հրամանով պալատի մատենադարանում («յարկեղս տանն») բազմապիսի ձեռագրերից ընտրել է «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ը և տվել Սարգիս Պիծակին՝ պատկերազարդումն ավարտելու, որովհետև տերունական նկարների մի մասը նկարված էր, մի մասն ուրվագծված («նշանագծեալ»), շատերի համար էլ տեղ էր թողնված: Հիշատակարանից երևում է, որ Ստեփանոս եպիսկոպոսի պատվերով Սարգիս Պիծակն ուրվագծվածները ծածկել է գույներով, պատկերներով լրացրել բաց մնացած տեղերը:
Ղազարյան Վ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1029-1030:
Տես նաև՝
Ղազարյան Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դարի վերջ – XIV դարի սկիզբ),Ե., 1984:
Дрампян Р., Из истории армянской миниатюры XIII–XIV вв., «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս.գիտ.», 1948, N 5:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am