ՈՒԹՁԱՅՆ, քրիստոնեական պաշտոներգության հիմքում ընկած, եկեղեցու կողմից կանոնակարգված ձայնեղանակների համակարգ: Բնորոշվում է, այսպես կոչված, չորս «բուն» (հիմնական) և չորս «կողմ» (օժանդակ) ձայնեղանակների միակցությամբ, որի հիմքում ընկած է սրբազան ութ թվի խորհրդաբանությունը: Սկիզբ է առել քրիստոնեության առաջին դարերի երուսաղեմյան ավանդույթից, ըստ որի՝ ս. Զատկի 8 օրերից յուրաքանչյուրին վերաբերող երգասացությունները կատարվել են օրվա հատուկ եղանակով: Եղանակների 8-օրյա շարքը շուտով տարածվել է ս. Զատկի առաջին օրից հաշվարկած 8 կիրակիների վրա: Ավելի ուշ օրհներգությունների շարքը կրկնվել է ողջ տարվա ընթացքում մինչև Նոր Զատիկը՝ կազմելով տարվա տոնական շրջանը: Այսպիսով, սկզբնապես մեկ ընդհանուր տեսական հիմք ունեցող համակարգից առանձնացվել են արլ.(Սևերիոս Անտիոքացի, Հովհաննես Դամասկացի) և արմ. (Ամբրոսիոս Մեդիոլանցի, Գրիգոր I պապ) քրիստոնյա երաժշտական մշակույթներին հատուկ Ութձայները, այնուհետև՝ արևելաքրիստոնեական երաժշտարվեստի սահմաններում ձևավորվել և տարանջատվել են մի շարք ազգ. Ութձայներ, որոնցից յուրաքանչյուրը սերել է տվյալ ժողովրդի դարավոր ֆոլկլորային ավանդույթներից և հիմնվել աշխարհիկ մասնագիտացված երաժշտության մեջ բյուրեղացած հնագույն բնորոշ ձայնեղանակների վրա: Այդ է պատճառը, որ հայկ. Ութձայն եղանակներից յուրաքանչյուրը (բացառությամբ՝ երկրորդի) ունի մեկ կամ մի քանի հարող կամ ածանցյալ, այսպես կոչված՝ «դարձվածք» եղանակ: Դրանից բացի, հայկ. Ութձայները առանց «դարձվածքների» էլ մշտապես հիշատակվում է երկու «ստեղի» ձայնեղանակներով համալրված, ինչն արդեն իսկ դուրս է գալիս ութի սահմաններից: Դրանում է հայկական Ութձայնի ելևէջային հարստության յուրահատկությունը: Ուստի Ութձայնը միջնադարյան կանոնական արվեստի պահանջների պայմաններում հանդես է գալիս որպես հոգևոր միաձայն երգարվեստը կանոնավորող կաղապար, որը կարևոր դեր է կատարել եկեղեց. երգարվեստի հիմն. ելևէջային մեղեդիական նկարագրի հարատևման և պահպանման գործում:
Հայկական Ութձայն համակարգը սկսել է ձևավորվել IV-Vդդ.: Նրա առաջին կարգավորումը, ըստ Հայսմավուրքի, պատկանում է Սահակ Ա Պարթևին, որը և սահմանել է ութ ձայն և երկու «ստեղի» հավելյալ եղանակ: VII–VIII դդ. Ութձայնի գործնական և տեսական բարեկարգումով հավանաբար զբաղվել է Բարսեղ Ճոնը՝ ստեղծելով հոգևոր ինքնուրույն երգերի Ճոնընտիր ժողովածուն, որտեղ երգասացություններն արդեն պետք է դասակարգված լինեին ըստ որոշ ակի սկզբունքի, և Ստեփանոս Սյունեցին, որին վերագրվում է Հարության Ավագ օրհնությունների՝ ըստ ութ ձայնեղանակների գաղափարված հանդիսավոր մեծ երգաշարքերի հորինումը: Ութձայնի օրինաչափություններին է ենթարկված հայոց հնագույն Սաղմոսարան Ժամագիրքը՝ իր ութ կանոններով, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է մի ձայնեղանակ, և Շարակնոցը, որի մեջ ձայնեղանակների կրճատ նշումներն արվել են օրհներգերից անմիջապես առաջ: Պաշտոներգության մեջ ընդգրկված երգասացությունների գործնական ուսուցման և յուրացման համար կարևոր նշանակություն է տրվել նաև բանավոր ավանդվող այսպես կոչված սկսվածքներին, որոնք կազմում էին Ութձայնի փոքրաչափ հատվածը: X–XIV դդ. Ութձայնի կայունացած ձայնեղանակների համակարգը հետզհետե ընդլայնվել և ճյուղավորվել է, ընդգրկելով Ութձայնի կանոնական սահմաններից դուրս եկող և հաճախ ինքնուրույն «ստեղիատիպ», «զարտուղի» և «դարձվածքանման» ձայնեղանակներ (այսպես կոչված՝ «մանրուսման եղանակներ»), որոնց առկայությունը մեծապես պայմանավորված էր տաղային արվեստի ծաղկումով: Հայ մատենագրության մեջ պահպանվել են ձայնեղանակների յուրահատուկ մեկնություններ, այսպես կոչված «մեկնութիւնք ձայնից», Ութձայնի գյուտին և մեկնաբանությանը նվիրված գրվածքներ, որոնց հեղինակների թվում են Մովսես Քերթողը, Ստեփանոս Սյունեցին, Անանիա Նարեկացին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Այդ գրվածքներն արտացոլում են հայ միջնադարյան մտածողների Ութձայն համակարգի տեսագեղագիտ. իմաստավորումը, ի մի բերելով ինչպես հնագույն հեթանոս. պատկերացումների մնացուկները, այնպես էլ՝ աստվածաշնչային հայեցակարգի շրջանակներում ձևավորված մտահղացքը:
Հայկական Ութձայնն իր ուրույն տեղն ունի քրիստոնեական եկեղեցիների նմանատիպ համակարգերի շարքում: Արևելաքրիստոնեական երաժշտական մշակույթների համատեքստում հայկական Ութձայնն աչքի է ընկնում իր մեղեդիական մեծ հնարավորություններով և ազգ. վառ ինքնատիպ գծերով, որոնք արտացոլում են հայ հոգևոր երաժշտության ելևէջային կազմին հատուկ հիմն. ոճական առանձնահատկությունները:
Արևշատյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1030-1031:
Թաշճյան Ն., Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղ-պատ, 1874:
Բրուտյան Ա., Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան, Վաղ-պատ, 1890:
Տնտեսյան Ե., Նկարագիր երգոց Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, ԿՊ, 1933:
Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941:
Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959:
Թահմիզյան Ն., Ութձայնի սկսվածքները, «Էջմիածին», 1972, դ 2–5:
Նույնի,Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե., 1973:
Кушнарев Х., Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958.
Тагмизян Н., Теория музыки в древней Армении, Е., 1977.
Аревшатян А., Армянские средневековые “Толкования на гласы”, “Гимнология”, вып. I, кн. 2, М., 2000, ст. 510–516.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am