ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿ, Վկայության տապանակ, Տապանակ, սրբություն, Աստծո և Աստծո ժողովրդի միջև կնքված ուխտի առարկայական նշանը. նվիրական արկղ-պահպանարան, որի մեջ, ըստ Հին ուխտի (Հին կտակարանի)՝ դրվել են Սինա լեռան վրա Մովսես մարգարեին տրված տասը պատվիրանները (Տասնաբանյան)՝ նոր քարե տախտակների վրա (Ելք 34), մանանայով լեցուն ոսկե սափորը (Ելք 16.32–36) և Ահարոնի ծաղկած գավազանը (Թվեր 17): 

Դոմենիկո Գարջուլո <<Դավիթ թագավորը ուխտի տապանակը Երուսաղեմ տանելիս>>: Պուշկինի անվան պետական պատկերասրահ:Ուխտի տապանակի նկարագիրն առաջին անգամ տրվում է Ելք գրքում. Աստված հրահանգում է Մովսեսին. «Վկայության տապանակ կպատրաստես կարծր փայտից: Երկուսուկես կանգուն թող լինի դրա երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը, մեկուկես կանգուն՝ դրա բարձրությունը: Այն կպատես մաքուր  ոսկով՝ ներսից ու դրսից կոսկեզօծես այն: Դրա վրա շուրջանակի կդնես ոսկյա պսակ... Լծակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը... Քավության խնկամանի կափարիչը կպատրաստես մաքուր ոսկուց... Կոփածո երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես և դրանք կդնես կափարիչի երկու ծայրերին... Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և վկայության տապանակի կափարիչի վրա գտնվող երկու  քերովբեների արանքից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների վերաբերյալ» (Ելք 25.10–22): 

Ուխտի տապանակը դրվում էր Վկայության խորանում: Այն որպես Աստծո իմանալի ներկայության խորհրդաբանական և սուրբ ամփոփարան-պատգամամատույց, ղևտացի քահանաները տանում էին Իսրայելի բանակի առջևից՝ Սինայի անապատից մինչև Քանանի երկիր: Ուխտի տապանակի զորության շնորհիվ է Հորդանան գետը բացվում՝ բաժանվելով երկու մասի (Նավեի որդի Հեսուի գիրքը, 3.1–17), և կործանվում Երիքովի պարիսպը (Նավեի որդի Հեսուի գիրքը, 6.4–20):

Ուխտի  տապանակը, իսրայելացիների Քանան մտնելուց հետո, առժամանակ մնում է<<Ուտի տապանակը տաճար տանելիս>> Գաղգաղայում, ապա տեղափոխվում Սելով: Պատերազմի ժամանակ գերվում է փղշտացիների կողմից, որոնց Ուխտի տապանակը հարվածում է աստվածառաք պատիժներով. ուստի փղշտացիներն այն վերադարձնում են (Ա Թագ. 4.–5.–6.–7): Դավիթ թագավորը յոթանասուն հազար երիտասարդներով գնում է Հուդայի երկիր, Ամինադաբ Բլրացու տունը, որտեղ էր Ուխտի տապանակը, «որի վրա նստած էր Աստված քերովբեների միջև» (Բ Թագ. 6.2): Ուխտի տապանակը  դնելով մի նոր սայլի վրա՝ այն կամենում է տանել Սիոն՝ «Դավթի քաղաքը», բայց ճանապարհին տեսնելով Ամինադաբի որդիներից Օզիային պատահածը (վերջինս մեռնում է՝ հանդգնելով ձեռք տալ Ուխտի տապանակին, Բ Թագ. 6.6–10)՝ երկյուղում է և Ուխտի տապանակը տանում գեթացի Աբեդդարի տունը, որը օրհնվում է Ուխտի տապանակի  շնորհիվ: Ի վերջո, Դավիթ արքան, Աստծո տապանակի առջև պարելով և փող հնչեցնել տալով, մեծ ուրախությամբ այն տեղափոխում է Սիոն՝ Երուսաղեմ (Բ Թագ. 6.12–23, Ա Մնաց. 15., 16.): Այնուհետև, Դավթի որդին՝ Սողոմոն թագավորը, Ուխտի տապանակը դնում է իր կառուցած Երուսաղեմի տաճարում՝ Խորանի կամ Սրբության Սրբոց կոչված ներքին բաժնի մեջ (Բ Մնաց. 5): Տաճարից առժամանակ հանված Ուխտի տապանակը Հոսիաս թագավորի օրոք նորից դրվում է իր տեղը (Բ Մնաց. 35.3): Անհետանում է Երուսաղեմի կործանման ժամանակ, Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորի (Նաբուգոդոնոսոր) օրոք. Բաբելոնյան գերությունից հետո վերաշինված Տաճարն այլևս չի ունենում Ուխտի տապանակը: Կա ենթադրություն, որ այն թաքցվել է մի անհայտ տեղ՝ բարեպաշտ հրեաների կողմից: Ուխտի տապանակում կար նաև Օրինաց գրքից մի օրինակ՝ դրված հետագայում, Մովսեսի հրամանով (Բ Օրինաց 31.24–26): 

Եկեղեցին Ուխտի տապանակը մեկնաբանում է իբրև Աստծո ներկայության  խորհրդապատկեր՝ զուգահեռվելով Աստծո Որդու և նրա միջոցով Աստծուց բխած Սուրբ Հոգու հետ. Սրբություն, որ մահացու է անարժանաբար իրեն  դիպչողի և օրհնաբեր՝ մաքուր սիրտ ու ձեռքեր ունեցողի համար: 

Հայ եկեղեցին Ուխտի տապանակի տոնը նշում է Վարդավառի նախընթաց նավակատիքի օրը, իբրև «Յիշատակ Տապանակին հնոյ և տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ»  իբրև Հին ուխտի հաստատությունը, որը նախընթացը և օրինակը եղավ Նոր ուխտի, այն է՝ Քրիստոսի եկեղեցու:

                                                                                                  Սարգսյան  Լ.

 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1034-1035

Տես նաև՝

Բառարան սուրբ գրոց, ԿՊ, 1881:

 

     

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am