ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են IV–V դարերում, Վաղարշապատ քաղաքում, դավանական, եկեղեցա-վարչական կարևոր խնդիրների քննարկման համար (կայացել է չորս ժողով):
Երկրորդ ժողովը, որի մասին վկայում է Հովհաննես Ե Դրասխանակերտցին (X դ.), գումարվել է 366-ին՝ Հայոց թագավոր Արշակ Բ-ի նախաձեռնությամբ և Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկվել է Հայոց կաթողիկոսության՝ Կեսարիայի աթոռից անջատելու և անկախ ճանաչելու հարցը: Այն իր վերջնական լուծումն է ստացել Պապ թագավորի օրոք՝ 372-ին, երբ վերջինս Շահակ Ա Մանազկերտցուն ձեռնադրման չի ուղարկել Կեսարիա:
Երրորդ ժողովը, որը գումարվել է 402 կամ 403-ին՝ Մեսրոպ Մաշտոցի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի նախաձեռնությամբ, վճռել է Հայաստանում օգտագործվող հունական և ասորական դպրությունները փոխարինել հայկականով և այդ ծրագրի իրականացման նպատակով արքունի դիվանապետ Վահրիճին ուղարկել Եդեսիա՝ բերելու դանիելյան նշանագրերը:
Չորրորդ ժողովը գումարվել է 426-ին. հրավիրել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը՝ քննելու և հաստատելու Հայ եկեղեցու հայերեն նոր գրով կազմված կանոնները, որոնք հիմնականում մշակվել էին առաջին ժողովում: Հաստատվել են Սահակ Ա Պարթևի կազմած կանոնները, որտեղ սահմանված էին եպիսկոպոսների, քահանաների և վանականների պարտականությունները:
Մի շարք ուսումնասիրողներ Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի 506-ին Դվինում հրավիրած ժողովը սխալմամբ համարել են Վաղարշապատի հինգերորդ ժողով՝ գումարված 491-ին: Վաղարշապատի եկեղեցական ժողովներում կանոնական որոշումներ չեն ընդունվել:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 956:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am