ՎԱՀԱՆ Ա ՍՅՈՒՆԵՑԻ [ծ.թ. անհտ – 972, գ. Ձորովանք (Վասպուրական նահանգի Տոսպ գավառ)], Ամենայն հայոց կաթողիկոս 968–969-ին: Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ջևանշերի որդին, Ձագիկի թոռը: Հաջորդել է Անանիա Ա Մոկացուն: Ժամանակագրի կարծիքով, Վահան Ա Սյունեցին հայրապետական
գահին բազմել է «հրամանաւ Անանիայի (կաթողիկոսի), Յովհաննիսի և Աշոտոյ Հայոց թագաւորացն» ՆԻԵ (976) թվականին և վախճանվել 983-ին, ինչը թյուրիմացության արդյունք է: Այսպես են նշում նաև Գրիգոր Նարեկացու «Վարքի» հեղինակները: Պատմիչներ Սամուել Անեցու, Վարդան Վարդապետի և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, Վահան Ա Սյունեցին գահակալել է ընդամենը մեկ կամ երկու տարի, իսկ ըստ Ասողիկի, Մատթեոս Ուռհայեցու և Ստեփանոս արք. Օրբելյանի՝ 5 տարի: Կրթությունն ստացել է Վահանավանքի դպրոցում, հորեղբոր՝ Վահանի հովանավորությամբ: Ապա, ընդունելով հոգևոր կոչում՝ օծվել է եպիսկոպոս, դարձել վանահայր (Վահանավանքում), իսկ Հակոբ Ա-ից հետո, 958-ից 6 տարի գլխավորել է Սյունյաց աթոռը, ընդարձակել նրա կալվածներն ու տնտեսությունը:
Վահան Ա Սյունեցու գործունեությանը տրվել են հակասական գնահատականներ: Նրան մեծարանքով են ներկայացրել Ներսես Լամբրոնացին («Ատենաբանութիւն») և Ստեփանոս արք. Օրբելյանը («Պատմութիւն»), իսկ Մատթեոս Ուռհայեցին պարզապես գրում է՝«լաւն ի բնաւիցս զերանելին Վահան», «սուրբ Հայրապետն Հայոց Վահան»: Ավանդապահ հայրերը նրան մեղադրել են քաղկեդոնականությանը հարելու մեջ: Նրանց կարծիքով՝ Հայոց հայրապետը հովանավորել է պատկերապաշտությունը և «ըստ Հոռոմոց սահմանին» կարգադրել է օգտագործել սրբապատկերներ (իկոնաներ) «և առանց կոնի ոչ մատուցաներ պատարագ»:
Սկզբնաղբյուրների վկայությամբ, Վահան Ա Սյունեցին ձգտել է Հայ եկեղեցին միավորել Հույն և Վրաց եկեղեցիների հետ, միության բովանդակությամբ նամակներ է հղել Մելիտինե քաղաքի Թեոդորոս մետրոպոլիտին և բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկին՝ հավանաբար հետապնդելով քաղաքական նպատակներ:
969-ին Անիում, Աշոտ Գ Ողորմած թագավորի մասնակցությամբ, տեղի է ունեցել եկեղեցական ժողով, որը քննարկել է Վահան Ա Սյունեցուն հասցեագրված մեղադրանքները: Կաթողիկոսը չի մասնակցել այդ ժողովին և մեկնել է Վասպուրական՝ հանգրվան գտնելով Գագիկ Արծրունու որդի Համազասպ-Ապուսահլ թագավորի տանը: Եկեղեցական ժողովը գահընկեց է արել Վահան Ա Սյունեցուն և նոր կաթողիկոս ընտրել Սևանի միաբանության վանահայր Ստեփանոսին (Ստեփանոս Գ Սևանցի): Երկփեղկված հայրապետական աթոռի գահակալներն սկսել են միմյանց նզովագրեր հղել: Անորոշ վիճակին վերջ տալու նպատակով Վասպուրական է մեկնել պատվիրակություն՝ Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսի գլխավորությամբ, սակայն տեղ հասնելուն պես Համազասպ-Ապուսահլը կարգադրել է ձերբակալել պատվիրակության բոլոր անդամներին և, բացառությամբ Մովսեսու Բաբկեն վարդապետների, արգելափակել Աղթամար կղզում: 972-ին վախճանվել են երկու կաթողիկոսները: Հայոց կաթողիկոս է օծվել Խաչիկ Ա Արշարունին:
Վահան Ա Սյունեցին շինարարական լայն գործունեություն է ծավալել հատկապես Սյունյաց աշխարհում. Հիմնովին վերակառուցել է Վահանավանքի գլխավոր՝ Ս. Գրիգոր եկեղեցին, կառուցել գավիթն ու սյունասրահը, սեղանատունը, Տիգրանասարի ակունքներից կավե փողրակներով խմելու ջուր է բերել մինչև վանք, ընդլայնել Տաթևի ու մյուս վանքերի կալվածային տնտեսությունները՝ հատկապես իշխանական նվիրատվությունների միջոցով:
Գրիգորյան Գ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 949:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am