ՎԱՀԱՆ ԳՈՂԹՆԱՑԻ, սուրբ Վահան Գողթնեցի [ծ. մոտ 700, Գողթն գավառ –նահ. 737, ք. Ռուծափ (Սերգիոպոլիս), Սիրիա], քրիստոնյա նահատակ, տոնելի: Որդին Գողթն գավառի իշխան Խոսրով Գողթնացու, որին արաբական տիրապետության շրջանում Հայաստանի շուրջ 1200 իշխանների հետ, նենգ խաբեությամբ, Նախիջևանի և Խրամի եկեղեցիներում հավաքելով, այրել՝ կրակին են մատնել արաբ հրոսակները (705-ին կամ 706-ին):

Նախարարարական այլ ընտանիքների հետ արաբները գերել և Դամասկոս են ուղարկել նաև մանուկ Վահան Գողթնացուն: Դամասկոսում մահմեդականացրել են հայ մանուկներին՝ մահմեդական կրոն ուսուցանելով: Այստեղ առաջադիմությամբ աչքի է ընկել Վահան Գողթնացին., որին կոչել են Վահաբ: Ուսումն ավարտելուց հետո նրան նշանակել են ամիրապետի ատենադպիր: Վահան Գողթնացին, «թեեւ բոլորովին իսլամացած և գրեթե արաբացած» (Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, 1997, էջ 197), սակայն տեղյակ էր իր քրիստոնյա իշխանական տոհմից սերված ու հայ լինելուն: Երբ Հովհաննես Գ Օձնեցու միջնորդությամբ 719-ին ընդհանուրներում և վերադարձի իրավունք է շնորհվել գերյալ քրիստոնյաներին, Վահան Գողթնացին ևս, պատճառաբանելով, որ կամենում է վերականգնել իր իշխանական  իրավունքները Գողթն գավառում, Էոմեր (Օմար) ամիրապետից թույլտվություն է ստացել և վերադարձել Հայաստան, որտեղվերստին ընդունել է քրիստոնեություն: Շրջել է վանքից վանք և ճգնել Շիրակ գավառում, ապա ամուսնացել է Սյունյաց իշխանի դստեր հետ՝ կամենալով վերջնականապես հաստատվել Հայաստանում: Սակայն Վահան Գողթնացուն, որպես մահմեդականությունն ուրացածի, փնտրել է արաբական իշխանությունը: Վահան Գողթնացին, Հիսուսին Տեր և Փրկիչ վկայելու և հանուն նրա իր արյունը թափելու հաստատ որոշմամբ, ինքնակամ մեկնել է Ռուծափ, ներկայացել ամիրապետին և խոստովանել քրիստոնեություն ընդունած լինելը: Անհողդողդ դավանել է Հիսուսին՝ որպես Աստծո Որդու և, արհամարհելով սպառնալիքներն ու չարչարանքները, մարտիրոսական պսակ ընդունել՝ գլխատմամբ: Հայսմավուրքները նրա մարտիրոսության օրը դնում

են ապրիլի 14-ին, երկուշաբթի: Հայ եկեղեցին ս. Վահան Գողթնացու հիշատակը տոնում է «Ապայից» կոչվող տոների շարքում՝ Վարդավառից հետո 3-րդ կամ 4-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի կամ երեքշաբթի կամ հինգշաբթի օրերին և, տարեգրերի հետ կապված, նաև ուրիշ օրերի, իսկ երբեմն էլ՝ այլ սրբերի հիշատակի հետ: Նրան է ձոնված մի շարական, որը, ըստ ոմանց, հորինել է Վահան Գողթնացու քույրը՝ Խոսրովիդուխտը. «...Որպես զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ, կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ…»:

                                                                             Տեր-Դավթյան Ք.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 949-950:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am