ՎԱՀԱՆԱՎԱՆՔ, ՀՀ Սյունիքի մարզում, Կապան քաղաքից հարավ-արևմուտք, Տիգրանասարի լանջին: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը (նրա անունով էլ կոչվում է), կառուցել է գլխ. եկեղեցին՝ Ս. Գրիգորը (շինարարության ավարտը՝ 911-ին): Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է, ճակատները «հայկական  խորշերով», կառուցված է սրբատաշ բազալտից: Արմ-ից կից գավիթը (ուղղանկյուն դահլիճ է, երեք թաղակիր կամարներով, գլխ. մուտքը հվ-ից է և բացվում է դեպի կից սյունասրահը, որը ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ) շինել է Վահանավանքի վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան եպիսկոպոսը XI դ. կեսին: 1046-ին Իշխանաց իշխան Գրիգորը (ապագա Սյունյաց թագավոր Գրիգոր Ա), ըստ շինարարական արձանագրության, վերակառուցել է Վահանավանքի գլխավոր եկեղեցին, սրահը և գավիթը (արձանագրության մեջ՝ Ժամատունը):

Վանական համալիրի հվ. կողմում, մուտքի թաղի վրա բարձրանում է 1086-ին Սյունյաց թագուհի Շահանդուխտ Բ-ի և նրա քույր Կատայի կառուցած երկհարկ, փոքրիկ, թաղածածկ եկեղեցին, որը հս-ից և արլ-ից ունի սյունազարդ պատշգամբ: Առաջին հարկում՝ դարպասի կողքին, փոքրիկ դամբարան է:

Վահանավանքը ունեցել է մոտ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որտեղ ուսանելու են եկել Սյունիքի շատ գավառներից (դպրոցի սաներից էր ապագա կաթողիկոս Վահան Ա Սյունեցին):  Ըստ վիմագրի՝ Վահանավանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ՝ Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը պարզված չէ:

Վահանավանքը  ունեցել է խոշոր կալվածքներ, սեփական գյուղեր, հանդեր ու արոտավայրեր: Վահանավանքը  հայտնի է նաև որպես դամբարանատուն. այստեղ են գտնվում Վահան իշխանի, ՍահակՍևադա Բ-ի, Սոփի թագուհու, Իշխանաց իշխան Աշոտի («Աշոտիկի»), նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, Վաչագան իշխանի մայր Խուշուշի գերեզմանները: 1966-ից Վահանավանքում կատարվում են պեղումներ, 1978-ից՝ վերականգնման աշխատանքներ:


                                                                                    Գրիգորյան Գ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 950-951:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am