ՎԱՀՐԱՄ ՐԱԲՈՒՆԻ, Վահրամ Վարդապետ Սեվ լեռնցի (ծ. և մ. թթ. անհտ), XIII դարի աստվածաբան, իմաստասեր, պետական գործիչ: Ապրել և ստեղծագործել է Կիլիկիայի Հայկական թագավորության հզորացման շրջանում, եղել Լևոն Գ թագավորի ատենադպիրը, արքունի գրասենյակի ջանցլերը:
Կրթվել և վարդապետի աստիճանի է հասել Սև լեռների դպրոցներից մեկում: Կենսագրական այլ տվյալներ չեն պահպանվել: Վահրամ Րաբունին պաշտպանել է Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միավորման գաղափարը: Նրա անվան հետ է կապված XIII դ. հայ իմաստասիրության մեջ Արիստոտելի և Դավիթ Անհաղթի տեսական ավանդույթների վերակենդանացումը: Գրել է Արիստոտելի «Կատեգորիաներ» (հրտ. «Լուծմունք «Ստորոգութեանցն» Արիստոտէլի» 1967), «Մեկնության մասին» («Պերի արմէնիաս»), Պորփյուրի «Ներածության», Դավիթ Անհաղթի մեկնության («Պորփյուրի ներածության վերլուծություն»), Գրիգոր Նյուսացու «Մարդու կազմության մասին», Դիոնիսիոս Արիոպագացու «Յաղագս երկնային քահանայապետութեանց» երկերի մեկնությունները (Մատենադարան, ձեռ. դդ 59, 631,1683, ևն): Լևոն Գ թագավորի հանձնարարությամբ գրել է «Ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց» պատմական երկը (հրտ. 1859): Ուշագրավ է նաև Լևոն Գ-ի թագադրման կապակցությամբ արտասանած ընդարձակ ճառը («Արարատ», 1868, դդ 7, 12, 1869, դ 1–5): Հեղինակ է նաև քարոզների և խրատների:
Վահրամ Րաբունուն է վերագրվում «Լուծմունք Սահմանաց գրոց Դավիթ Անյաղթ փիլիսոփայի» և «Հարցմունք և պատասխանիքի Գիրս Ծննդոց» աշխատությունները:
Վահրամ Րաբունու կրոնաբնազանցական հայացքների հիմքում ընկած է միաստվածության և Արարչագործության գաղափարը, ըստ որի, Աստված ոչնչից ստեղծել է ողջ տիեզերքը, կյանք պարգևել անշունչ և շնչավոր գոյացություններին: Արարչակարգն աստիճանակարգային, ներդաշնակ ու կատարյալ կառուցվածք ունի, որտեղ յուրաքանչյուր գոյացությանը նախասահմանված է որոշակի կարգավիճակ: Աստված ոչ միայն ստեղծել, այլև իմաստուն կերպով նախախնամում և կառավարում է աշխարհը:
Անզուգական ու բացառիկ է մարդու տիեզերական կարգավիճակը, որն Արարչագործության գլուխգործոցն ու վերջնանպատակն է: Աստված նրան ստեղծել է իր պատկերով և նմանությամբ, օժտել բանական հոգով` շնորհել առավելություն մյուս արարածների նկատմամբ, որոնք ստեղծված են մարդու մարմնական ու հոգևոր կարիքները բավարարելու համար:
Մարդն աստվածային-իմանալի և նյութական զգալի աշխարհների շաղկապող օղակն է. բույսերի նման ունի տնկական հոգի, կենդանիների նման՝ զգայական հոգի և հրեշտակների նման՝ բանական հոգի: Հոգու այս երեք տեսակները մարդու մեջ «բնութեամբ միացեալք են յիրար»: Մարդը հոգու և մարմնի միասնություն է: Ծագումնաբանական առումով հոգու և մարմնի միջև առաջնայնության հարց չի կարող լինել, որովհետև դրանք ստեղծվել են միաժամանակ: Հոգին աննյութական է ու անմահ, իսկ մարմինը՝ կազմված չորս տարրերից և ապականացու: Հոգին պատվավոր է մարմնից, քանի որ Աստծո պատկերն է, սակայն դա չի նշանակում, թե մարմինն արհամարհելի գոյացություն է: Հոգու և մարմնի հարաբերությունը պետք է հիմնված լինի արդարության սկզբունքի վրա:
Աստված մարդուն օժտել է ճանաչողական կարողություններով: Նա բանական քննությամբ՝ զգայություններով և բանականությամբ, ճանաչում է զգալի նյութական աշխարհը, իսկ հավատի տեսությամբ՝ աստվածային աշխարհը: Շեշտելով մարդու իմացության ստացական բնույթը՝ Վահրամ Րաբունին քննադատում է բնածին գաղափարների մասին պլատոնյան տեսությունը:
Հավատի և բանականության հարաբերակցության հարցը վճռում է հավատի օգտին: Միևնույն հարցի վերաբերյալ երկու հակադիր ճշմարտություն չի կարող լինել. իմաստասերների դատողություններն այնքանով են ճշմարիտ, որքանով համապատասխանում են սուրբգրային հայտնություններին:
Իմաստասիրական-տրամաբանական բնույթի հարցեր դիտարկելիս Վահրամ Րաբունին հետևել է Արիստոտելի և Դավիթ Անհաղթի տված լուծումներին: Նրա տեսական իմաստասիրության մեջ առանցքայինն ընդհանուր հասկացությունների (ունիվերսալիաների) հիմնահարցն է, որը դիտարկվել է երկու տեսանկյունից. մի դեպքում՝ իբրև աստվածային գաղափարների և արարված իրերի հարաբերության, մյուսում՝ իբրև իրերի մեջ ընդհանուրի և անհատականի, անհատ գոյացությունների և ընդհանուր հասկացությունների հարաբերակցության հարց: Մերժելով ընդհանուր էությունների՝ Աստծո բանականությունից և անհատ գոյացություններից
անկախ և առանձին գոյությունը, Վահրամ Րաբունին գտնում է, որ ընդհանուրը իրերի մեջ գոյություն ունի հատկության, որակի կարգավիճակով: Դրանց ճանաչողության հիման վրա մտքում էանում է ընդհանուրը որպես այդպիսին: Վահրամ Րաբունին ընդունում է ընդհանուրի եռակի կեցության բանաձևը, ըստ որի, ընդհանուրը գոյություն ունի Աստծո գիտության մեջ՝ իբրև արարվելիք իրերի աննյութական նախատիպ, իրերի մեջ՝ իբրև դրանց հատկություն, և մարդկային բանականության մեջ՝ իբրև ընդհանուր հասկացություն:
Վահրամ Րաբունու մարդաբանական հայացքների հիմքում մարդու անձնիշխանության մասին քրիստոնեական գաղափարն է: Արարածներից միայն մարդն է, որ օժտված է կամքի ազատությամբ, բարու և չարի միջև ընտրություն կատարելու հնարավորությամբ: Առանց կամքի ազատության անհնար է պատկերացնել մարդու փրկության գործը:
Վահրամ Րաբունին սկզբունքորեն մերժել է ճակատագրապաշտական այն տեսությունները, որոնք կաշկանդում են մարդու ազատությունը, նրա գործողությունները կախման մեջ դնում արտաքին ուժերի ազդեցությունից: Աստվածային նախախնամությունը չի հակասում մարդու անձնիշխանության գաղափարին:
Վահրամ Րաբունու քաղաքագիտական խորհրդածությունների կենտրոնում թագավորության առաջացման, նրա կանոնավոր գործառնության և ամրապնդման, թագավորի, իշխանների և հոգևորականների իրավունքներին ու պարտականություններին առնչվող հարցերն են: Նա տարբերակում է երկու կարգի թագավորություն՝ աստվածային և մարդկային: Աստված գերագույն թագավորն է, որի խնամքի տակ է գտնվում նաև մարդկային թագավորությունը:
Թագավորությունը նա նմանեցրել է մարդկային օրգանիզմին, որտեղ յուրաքանչյուր անդամ կատարում է իրեն վերապահված գործառույթը: Թագավորի վարք ու բարքից, կառավարման հմտությունից շատ բան է կախված, քանզի «բարութիւն նոցա բազմաց, և չարութիւն յոլովից հասանէ»: Բարեպաշտությունը և հավատն առ Աստված այն առաքինություններից են, որոնք կարող են հզոր պահել պետությունը: Ուստի թագավորը պետք է լինի բարեպաշտ, իմաստուն, արդարամիտ, հոգ տանի հավատի ամրապնդման համար, հեռու մնա հեթանոսական նախապաշարմունքներից: Իշխանները նույնպես պետք է բարեպաշտ լինեն, քանզի հավատարմությունը երկնային թագավորին հաստատուն է դարձնում նվիրվածությունը երկրային թագավորին: Իշխանների նման հոգևորականները նույնպես պետք է հնազանդվեն իրենց երկրային թագավորին: Նրանց խնդիրն է մարդկանց «ի հնազանդութիւն յորդորել, ուսուցանել», աղոթել թագավորի համար, նրան ժամանակին հասցնել աստվածային օրենքները և «ծառայել մարմնաւոր Տեառն որպէս Աստուծոյ»:
Վահրամ Րաբունու հայացքները մեծապես ազդել են հետագա դարերի հայ աստվածաբանների և իմաստասերների, հատկապես Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու աշխարհայացքի ձևավորման վրա:
Զաքարյան Ս.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 951-952:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am