ՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ, Վանական Վարդապետ Տավուշեցի (1181, Ուտիք նահանգի Տավուշ գավառ – 1251), աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղբոր՝ կուսակրոն քահանա Պողոսի մոտ: Ուսումնառությունը շարունակել է Նոր Գետիկի բարձրագույն դպրոցում: 1201-ին ձեռնադրվել է քահանա, դարձել Մխիթար Գոշի աշակերտն ու գործի շարունակողը: Ուսուցչի հետ մասնակցել է Լոռեի (1204) և Անիի (1207) եկեղեցական ժողովներին և շարադրել դրանց պատմությունը, որը մեզ չի հասել:
1240-ին Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլայի հրավերով մի խումբ րաբունապետների հետ մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը և թողել արձանագրություն:
1246-ին Խորանաշատում Վանական Վարդապետին այցելել են Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին և Հայոց Արևելից Կողմանց կաթողիկոս Ներսեսը (1235–62):
Վանական Վարդապետին են աշակերտել Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին, Սոսթենեսը և մշակութային ու քաղաքական այլ նշանավոր գործիչներ: Վանական Վարդապետի գրական ժառանգությունը հարուստ է ու բազմաբովանդակ:
Հավանաբար նրա կոթողային աշխատությունը եղել է «Պատմությունը», որը չի պահպանվել: Ըստ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու, այն ընդգրկել է Հայաստանի ամբողջական պատմությունը՝ սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը: Վանական Վարդապետը գրել է մեկնություններ: Ամենածավալունը Հոբի գրքի մեկնությունն է («Մեկնութիւն Յոբայ»), որ Հիսիքիոսի, Ստեփանոս Սյունեցու, Դավիթ Քոբայրեցու և ուրիշների երկերից արված քաղագրություն է:
Առավել ուշագրավ է «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («Ճռաքաղ», 1858) երկը, որը բառական մեկնություններից բացի պարունակում է նաև հետաքրքիր այլաբանություններ: Նշանավոր է հատկապես Ամբակում մարգարեի «Տէր զլուր քո լուայ» աղոթքի մեկնությունը: Որոշակի արժեք ունեն նաև «Համեմատութիւն Հին Կտակարանայի Նորս», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից» և «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ» փոքրածավալ մեկնությունները:
«Խրատ դաւանութեան» երկը գրվել է XIII դ. կեսին սկիզբ առած հռոմեա-բյուզանդական դավանաբանական մի վեճի առթիվ՝ կապված Ս. Հոգու բխման հարցի հետ (Ինոկենտիոս IV պապը դիմել էր նաև Հայ եկեղեցուն): Գրությունը ներառված է Կիրակոս Գանձակեցու «Հայոց Պատմությանն» մեջ: Վանական Վարդապետի «Պատճառք վասն առաջաւորաց պահոց» երկը ուշագրավ է այնտեղ պահպանված միջնադարյան զրույց-ավանդություններով: «Յաղագս տարեմտին» ճառը (նախատեսված է եղել Ամանորին եկեղեցիներում կարդալու համար) Վանական Վարդապետը գրել է ժողովրդին աստղաբաշխության և տոմարագիտությ ան (տարվա, ամիսների անունների, Արեգակի, Լուսնի, մոլորակների շարժման, մի շարք ժողովուրդների տոմարների) մասին գիտելիք տալու նպատակով: Օգտվելով Անանիա Շիրակացուց՝ նա ճիշտ է բացատրում Արեգակի և Լուսնի խավարումների պատճառները:
Այդ երկում պահպանվել է նաև Հայոց Արտավազդ Ա արքայի մասին առասպելի տարբերակներից մեկը: Հեղինակը փորձել է նաև ստուգաբանել հայկական ամսանունները: Վանական Վարդապետի պահպանված գործերից ամենաարժեքավորն է «Հարցմունք և պատասխանիքը» (Մատենադարան, ձեռ. դ 5611), որը խիստ գործածական է եղել միջնադարում և հայտնի է մի քանի տասնյակ ընդօրինակություններով (գրիչներն ու պատվիրատուները խմբագրել են ու համառոտել, առանձնացրել որոշ «հարցախմբեր», որոնք հետագայում սխալմամբ ընկալվել են որպես ինքնուրույն գործեր): Երկը բավական ծավալուն է և ընդգրկում է բոլոր այն գիտելիքները, որ ուսման սկզբնական շրջանում պարտավոր էր ձեռք բերել նրա վարդապետարանի աշակերտը: Այն փաստորեն դպրոցի ուսումնական ծրագրի համառոտ ամփոփումն էր և իր ժամանակի հանրագիտական բառարանը (ամփոփում էր XIII դ. հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրության, հավատալիքների, իմաստասիրության, մատենագրության, մատենագիտության, կենսաբանության, բուսաբանության, բժշկագիտության, աստղաբաշխության, երաժշտագիտության, բառագիտության, քերականագիտության, դավանաբանության, աստվածաբանության և այլնի վերաբերյալ): Ուշագրավ են աղվանական ցեղերին և լեզուներին վերաբերող հաղորդումները: Շարադրված է գրեթե խոսակցական, միջին հայերենով և այդ շրջանի հայոց լեզվի ուսումնասիրման կարևոր աղբյուր է:
Հայսմավուրքային ժողովածուի հայացումը, նրան ազգային նկարագիր տալն ու ազգապահպանման պահանջներին հարմարեցնելը սերտոր են կապված են Վանական Վարդապետի անվան հետ: Սույն ժողովածուի երկու խմբագրությունների հեղինակները՝ Խաչենի արքեպիսկոպոս Տեր Իսրայելը և Կիրակոս Գանձակեցին, նրա աշակերտներն են: Ընդ որում, այդ աշխատանքը Տեր Իսրայելը կատարել է Վանական Վարդապետի պատվերով:
Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի լուծմանը: 1250-ին բանադրել է Դավիթ Ծարեցու XIII դ. 40–50-ական թթ. գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին: Նրա դեմ գրել է մեղադրական թուղթ՝ «Թուղթ առ Դաւիթ մոլորեցուցիչ» վերնագրով, որը չի պահպանվել: Վանական Վարդապետի մատենագրությունը դեռևս բավարար ուսումնասիրված և մեկնաբանված չէ:
Իր կտակի համաձայն՝ Վանական Վարդապետը թաղվել է Խորանաշատի մերձակայքում գտնվող աղքատների գերեզմանոցում:
Շահնազարյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 956-958:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am