ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, աշխարհիկ կենցաղավարությունը մերժած, պարտադիր կուսակրոն կյանքով ապրող և որոշակի կանոնակարգի ենթարկվող անձանց կրոնական կամավոր ընկերակցություն, որի կանոնադրությունը պահանջում է նաև անձնական ունեցվածքի բացակայություն և ազգակցական ու ընկերային հարաբերությունների խզում:
Վանականությունը լայն ծավալ է ստացել IV դ., թեև միայնակեցության տեսքով հանդես է եկել քրիստոնեության ավելի վաղ շրջանում (III դ.) և տվել այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք էին Պողոս Թեբայիդացին և նրա աշակերտ Անտոն Անապատականը: Սակայն Վանականությունը, իր նեղ առումով, իբրև ճգնավորների համակեցության պայմաններում կանոնադրությամբ օժտված հաստատուն կազմակերպություն, իր հիմնադրությամբ պարտական է հույն վանական Պաքոմոսին (Պախոմիոս): Նա է Եգիպտոսում,Նեղոսի կղզիներից մեկում հիմնել առաջին վանական հաստատությունը՝ Տաբեննայի վանքը (IV դ.):
Վանականությունը, եկեղեցական մի շարք եռանդուն գործիչների շնորհիվ, Եգիպտոսից թափանցել է նաև այլ վայրեր (Պաղեստին, Ասորիք, Կապադովկիա, Հայաստան ևն): Հայաստանում Վանականության տարածման գործում մեծ ավանդ է ունեցել Սեբաստիայի եպիսկոպոս Եվսթադեոս բժիշկը, որը, վանքեր հիմնելով, նպաստել է ճգնավորների կենցաղում համակեցության հաստատմանը: Վանականությունը հատկապես խթանվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի օրոք (IV դ.), ապա աշխուժացել IX–XIII դդ. և XIV–XV դդ., այնուհետև՝ XVII դ.: Ի տարբերություն կաթոլիկական Վանականության (սովորաբար մի քանի վանք միավորված էին մեկ միաբանությունում), Հայ եկեղեցում յուրաքանչյուր վանք կազմել է ինքնուրույն միաբանություն: Հայկական պետականության անկման և օտար զավթիչների տիրապետության պայմաններում Վանականությունը Հայաստանում զուրկ է եղել երկրի ներքին կյանքին միջամտելու հնարավորությունից և սահմանափակվել է հիմնականում ուսումնագիտական գործունեությամբ: Սկսած XIX դ. վերջից Վանականությունը Հայաստանում վերածվել է Հայ եկեղեցու համար կուսակրոն պաշտոնյաներ պատրաստող խավի:
Տես նաև Ճգնավորություն և Անապատականություն:
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 958-959:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am