ՎԱՆԱՆԴԵՑԻ Հովհաննես, Հովհան (Ամիրզադե Միրզայի Միրզայան, 1772, Վան –3.2.1841, Զմյուռնիա), աստվածաբան, դյուցազներգակ բանաստեղծ, մշակութային գործիչ, թարգմանիչ: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կտուց անապատում: Այստեղ էլ աչքի է ընկել բանաստեղծելու իր ձիրքով, ինչի շնորհիվ դպրոցի տնօրինությունը նրան անվանակոչել է Հովհաննես (ի պատիվ Հովհան Ոսկեբերանի): 1798-ին Վանանդեցին ավարտել է Կ. Պոլսի Մայր դպրատունը, 1799-ից աստվածաբանություն և հայկաբանություն է դասավանդել Զմյուռնիայի նորաբաց Մեսրոպյան վարժարանում: Իր առաջին՝ «Ճառ ներբողական ի սուրբ Խաչն Քրիստոսի և պատմագրական առասացութիւն ի Սուրբ Նշանն Վարագա» (1816, հրտ. 1853) գործում տալիս է Վարագա վանքի պատմությունը, կարևորում քրիստոնեության դերը հայ ժողովրդի կյանքում:
Զմյուռնիայում Վանանդեցին ավարտել է «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ եւ Արայի» (հրտ. 1856) դյուցազներգությունը: Հիմնականում հետևելով Մովսես Խորենացուն՝ Վանանդեցին «չափական բանիւ» վերաշարադրել է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը՝ որոշ հավելումներով ու շեղումներով: Մյուս՝ «Արփիական Հայաստանի» (հրտ. 1836) դյուցազներգությունում (10 հզ. տող) շարադրված է հայ ժողովրդի՝ քրիստոնեություն ընդունելու պատմությունը (ըստ Ագաթանգեղոսի): Որոշ ընդմիջումից հետո Վանանդեցին գրել է իր վերջին՝ «Ոսկի դար Հայաստանի» (1841) դյուցազներգությունը: Ունենալով հարուստ գիտելիքներ, տիրապետելով հայ բանաստեղծական արվեստի օրինաչափություններին, դարձյալ անդրադառնալով պատմաաստվածաշնչային թեմայի՝ հեղինակը ստեղծել է բարձրարժեք գործ:
Իր այս երեք դյուցազներգություններով Վանանդեցին որոշակի ձև և գրական նպատակաուղղվածություն է տվել հայկական կլասիցիզմին և առաջադիր տեսական սկզբունքներ մշակել նրա համար: Վանանդեցու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստանը» (առավելապես իր առաջին՝ «Հայաստան, երկիր դրախտավայր» չափատողով), որ երգի է վերածել Կոմիտասը:
Իր ստեղծագործություններում Վանանդեցին զարգացրել է կրոնական-աստվածաբանանական այն տեսակետը, թե դրախտը եղել է Հայաստանում, և հետևաբար մարդկությունը սերվել է Հայաստանից, որ ինչպես Քրիստոսը, այնպես էլ Ադամն ու Եվան խոսել են հայերեն, ուրեմն մեր լեզուն՝ «աստուածապարգեւն գրաբարը», գերերկրային, աստվածային ծագում ունի: Վանանդեցին սկզբունքային պայքար է ծավալել կաթոլիցիզմի դեմ՝ ընդդիմանալով լատին և հայ կաթոլիկ միսիոներների XVIII դ. ծավալած եռանդուն հավատորսական գործունեությանը:
Շտիկյան Ս.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 959:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am