ՎԱՆԵՎԱՆ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից 24 կմ հարավ-արևելք: Ըստ շինարարական արձանագրության, Վանևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ միջնադարից կանգուն միանավ բազիլիկ եկեղեցուց հս., 903-ին կառուցել է Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ: Հիմնել է նաև վանական միաբանություն և Վանեվանին չորս գյուղ ու ջրաղացներ նվիրել: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտով, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆով: Ունի ներքուստ քառախորան, արլ-ում զույգ ավանդատներով հորինվածք: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, Վանեվանում 914-ին թաղվել է Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, իսկ 980-ական թթ. վանքը նորոգել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջի գավիթը կառուցել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գագիկը (ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը): Վանևանը XIII–XIV դդ. բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: 1502-ին գավթում թաղվել է Մելքիսեթ եպիսկոպոսը և վրան խոշոր խաչքար կանգնեցվել: 1871–80-ին վանահայր Թեոդորոս Շիրակացին նորոգել է վանքի շինությունները:
Մնացականյան Ս.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 959-960:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am