ՎԱՆՔ, մենաստան, ուխտք, միասնական կանոնադրությամբ ապրող վանականների համայնք, հոգևոր և մշակութային կենտրոն, կրոնական և աշխարհիկ շինությունների համալիր: Վանքը գլխավորում է վանահայրը, որին ընտրում են Վանքի միաբանները: Վանականները ամրակցված են եղել Վանքին, բնակվել այնտեղ և զուրկ եղել սեփականության իրավունքից՝ ընդհանուր որոշ գծերով Տաթևի վանքնմանվելով անապատականներին (տես Անապատականություն): Հայաստանում առաջին Վանքերը ստեղծվել են վաղ միջնադարում, վանականության շարժման հետևանքով: Ըստ հայ պատմիչների, Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծը հիմնել է հազարից ավելի Վանքեր: Հայկական Վանքերը առաջնորդվել են Գրիգոր Ա Լուսավորչի մշակած կանոնադրությամբ, որը հետագայում փոփոխվել և լրացվել է: Հայաստանում Վանքերի կազմավորումը և շինարարությունը բուռն վերելք է ապրել IX–XIII դդ., երբ դրանք դարձել են հարուստ կալվածատիրական կազմակերպություններ՝ որպես նվիրատվություն ստանալով գյուղեր, մեծ հողատարածքներ, այգիներ, ագարակներ, իշխանություններից ձեռք են բերել կարևոր արտոնություններ (ապահարկություն, դատական,վարչական ինքնուրույնություն ևն): Վանքերը հիմնվել են ավանդական  սրբավայրերի տեղում, վաղ միջնադարում կառուցված եկեղեցիների շուրջը, ինչպեսՆորավանք նաև նոր վայրերում: Որոշ Վանքեր նաև ուխտատեղիներ են: Վանքերի համալիրների կազմում եկեղեցիներից, մատուռներից, զանգակատներից, դամբարաններից բացի լինում են նաև գավիթներ ու ժամատներ, գրատներ, հյուրատներ, բնակելի, տնտեսական շենքեր (մառաններ, սեղանատներ, խոհանոցներ, գոմեր, ախոռներ), այլ կառույցներ (կամուրջներ,աղբյուրներ, ջրանցքներ) ևն: Միջնադարում խոշոր Վանքերը կրթական, գիտական, գրչության, մշակութային կենտրոններ էին: Այստեղ գործող վարդապետարաններում աստվածաբանության հետ սովորեցրել են նաև լեզուներ, քերականություն, աշխարհագրություն, տոմարագիտություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչության արվեստ ևն: Հայկական ճարտարապետությունը և քանդակագործությունը միջնադարում զարգացել են հիմնականում վանական համալիրներում:

IX–XIII դդ. խոշոր Վանքեր են կառուցվել Հայաստանի բոլոր նահանգներում՝ Այրարատում (Գեղարդավանք, Հովհաննավանք, Սաղմոսավանք, Մարմաշենի վանք, Խծկոնքի վանք, Հոռոմոսի վանք), Սյունիքում (Տաթևի վանք, Նորավանք, Թանադե վանք), Արցախում (Գանձասարի վանք, Դադիվանք), Գուգարքում (Հաղպատի վանք, Սանահինի վանք), Վասպուրականում (Աղթամարի վանք, Սանահինի վանքՎարագավանք, Նարեկավանք), Տարոն-Տուրուբերանում (Մշո Ս. Կարապետ վանք) ևն: Հայաստանում Վանքերի շինարարությունը նոր վերելք է ապրել XVII դ., երբ տեղի է ունեցել նաև վանականների կարգավիճակի փոփոխություն. ըստ պատմիչ Առաքել Դավրիժեցու, նրանք անձնական  սեփականության իրավունք են ստացել: XVII դ. նորաստեղծ Վանքերը շրջապատվել են ամրոցներին բնորոշ, բուրգերով ուժեղացված պարիսպներով, ստեղծվել է կրոնական և պաշտամունքային համալիրների յուրօրինակ միավորում (Խոր վիրապի վանք, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանք, Շատին վանք, Արտազի Ս. Թադե վանք, Ամարասի վանք ևն): Վանքերի ճարտարապետական կերպարի ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել, եկեղեցիներից բացի, նաև աշխարհիկ շենքերի, գավիթների, զանգակատների ծավալները, որոնք հարստացրել են համալիրների հորինվածքը, ինքնատիպ ուրվանկար ստեղծել: Վանքում զարգացել է միջնադարյան հայկական քանդակագործական արվեստը, որը սերտորեն կապված էր ճարտարապետության հետ: XX դ. ՀՀ տարածքի Վանքերի ճնշող մեծամասնությունը դադարել է գործել և միայն 1991-ից՝ անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում տեղի է ունեցել վանական շարժման նոր վերածնունդ, վերաբացվել են նախկինում փակված որոշ Վանքեր:

                                                                           Հասրաթյան  Մ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 960-961:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am