ՎԱՐԱԳԱՎԱՆՔ, Վարագավանք, Վան քաղաքից հարավ-արևելք, Վարագ լեռան արևմտյան լանջին: Նշանավոր կրոնական, կրթական  ու մշակութային կենտրոն: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյանց կույսերից Հռիփսիմեն Վաղարշապատ ուղևորվելիս այդտեղ է թաքցրել իր պարանոցինկրած ս. Նշանը՝ Խաչափայտի մասունքով սուրբ Խաչը: Երբ 653-ին հայտնի է դարձել Վարագա Սուրբ Խաչի (ս. Նշանի) տեղը, կաթողիկոս Ներսես Գ Տայեցին Վարագ լեռան վրա կառուցել է Ս. Նշան եկեղեցին և հաստատել Վարագա Սուրբ Խաչի տոնը (տես Խաչի տոներ): 870-ին արաբները գրավել են Վարագավանքը, սակայն շատ չանցած իշխան Աշոտ Արծրունին ազատագրել է այն: Վարագավանք ծաղկում է ապրել X դ. սկզբին, Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հովանավորությամբ, որի կինը՝ Մլքեն, վանքին է նվիրել հայկական ամենանշանավոր ձեռագրերից մեկը՝ «Մլքե թագուհու Ավետարան»: 946-ին Վարագավանքի առաջնորդ Անանիա եպիսկոպոսն ընտրվել է Հայոց կաթողիկոս (Անանիա Ա Մոկացի): 975-ին վանքի միաբանությունը բանադրել է Աբլղարիբ իշխանին, որի մատնությամբ արաբները գերել են Վասպուրականի Դերենիկ թագավորին:

981-ին, ըստ շինարարական արձանագրության, Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կինը՝ Գագիկ Բագրատունու դուստր Խուշուշը, կառուցել է Վարագավանքի Ս. Սոփիա եկեղեցին (ուշ միջնադարում ամրոցի վերածվելու պատճառով կոչվել է նաև Բերդավոր): Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի խորանը լուսավորվում է զույգ պատուհաններով (այժմ պահպանվել է եկեղեցու միայն արլ. մասը): Հս-ից նրան կից է Ս. Հովհաննես (կամ Քառասուն աբեղա) եկեղեցին (X դ.), որը եռախորան է, գմբեթավոր, երկայնական պատերում խորշեր ունեցող արմ. խաչաթևով: Պատերը շարված են սրբատաշ քարով, իսկ ծածկը և գմբեթը՝ աղյուսով:

2,5 մ դեպի հս. կանգուն է Վարագավանքի գլխ.՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ.), որն ունի «հռիփսիմեատիպ» կառույցների հորինվածքը՝ քառախորան, գմբեթավոր, 3/4 շրջանի հատակագծով խորշերով, արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառված ավանդատներով, որոնցից արմ-ները մուտք ունեն արմ. խորանից: Եկեղեցու պատերը քարից են, իսկ ծածկը և գմբեթը՝ աղյուսից (այժմ՝ քանդված):

Ս. Աստվածածին եկեղեցուն հս-ից կից է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Նշան եկեղեցին (XI դ.):

1021-ին Վասպուրականը Բյուզանդիային բռնակցվելուց հետո Սենեքերիմ-Հովհաննես թագավորը Վարագա սուրբ Խաչը տարել է Սեբաստիա, որտեղ նրա որդի Ատոմը 1022-ին հիմնել է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: 1025-ին, Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, որդիներն աճյունը Սեբաստիայից վերաթաղել են Վարագավանքում՝ միաժամանակ վանքին վերադարձնելով Վարագա սուրբ Խաչը:

1085-ին, Անտիոքի Փիլարտոս Վարաժնունի իշխանի ճնշմամբ, Վարագավանքի վանահայր Պողոս վարդապետը Մարաշում հռչակվել է Հայոց կաթողիկոս, սակայն վեց ամիս անց հրաժարվելով գահից՝ վերադարձել է Վարագավանք:

1237-ին Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի ասպատակություններից խուսափելով, Վարագա սուրբ Խաչը տարել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության Անապատ վանք, որը վերանվանվել է Նոր Վարագավանք:

1318-ին թաթար-մոնղոլները ներխուժել են վանք, կողոպտել, ավերել շենքերը (բացառությամբ Ս. Հովհաննես եկեղեցու, որի երկաթե դուռը ներսից փակել էին այնտեղ ապաստանած միաբանները): 1320–50-ական թթ. Վարագավանքը հիմնովին նորոգվել է: XIV–XVI դդ. այդտեղ արգասաբեր գործել է գրչության կենտրոն: 1441- ին Վարագավանքի վանահայր Հովհաննեսը մասնակցել է Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովին:

1534-ին Պարսից շահ Թահմազը կողոպտել է Վարագավանք: 1648-ին, ի շարս Վասպուրականի շատ վանքերի, Վարագավանքն ավերվել է երկրաշարժից: Վանահայր Կիրակոսն անմիջապես սկսել է Վարագավանքի նորոգումը, որին իրենց նպաստն են բերել Վանի մեծահարուստները: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու՝ խոջա Ամրխանը նորոգել է Ս. Խաչ, Մարխաս Չելեբին՝ Ս. Աստվածածին, խոջա Դիլանչին՝ Ս. Սիոն, իսկ խոջա Հովհաննեսը՝ Ս. Նշան եկեղեցին: 1648-ին ճարտարապետ  Տիրատուրը Ս. Աստվածածին եկեղեցուն արմ-ից կից կառուցել է քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ գավիթ (XIX դ. օգտագործվել է որպես եկեղեցի և կոչվել Ս. Գևորգ): Գավթին արմ-ից կից է եռակամար բաց նախասրահը (XVII դ.), հս-ից՝ Ս. Խաչ թաղածածկ եկեղեցին, իսկ հվ. ից՝ Ս. Սիոն եկեղեցին (XVII դ.): Որպես եկեղեցիների արմ. մուտքերի բարավոր օգտագործվել են սեպագիր արձանագրություններով ուրարտական կոթողներ (այժմ տեղափոխված են Վանի թանգարան):

Վարագավանքը երկար ժամանակ եղել է եպիսկոպոսանիստ, և նրա վանահայրերը համարվել են Վանի ու շրջակայքի առաջնորդ: Վանքում զարգացել են գրչագրությունը, մանրանկարչությունըմատենագրությունը, տաղասացությունը ևն: XVII դ. 1-ին կեսին գրիչներ Զաքարիան և Սահակը այստեղ բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակել: Եղել է նշանավոր ուխտավայր. վանքի տոնի օրը փետրվարի 28-ն է: 1651-ին Խոշաբի բերդակալ Սուլեյման բեկի հրոսակները ներխուժել են Վարագավանք, կողոպտել սպասքը, ձեռագրերը, սրբությունները, այդ թվում՝ Վարագա սուրբ Խաչը, որը հետո վանեցիները փրկագնել են և զետեղել (1655-ին) Վանի Ս. Տիրամայր եկեղեցում: XVII դ. վերջին վանքն անկում է ապրել, 1679-ին տնտեսական դժվարությունների պատճառով վաճառվել են գանձերը: 1724-ին վանահայր Բարդուղիմեոս եպս. Շուշանցին նորոգել է վանքը: 1759-ին վանքի Ս. Տիրամայր եկեղեցուց քաղաքի Ս. Էջմիածին եկեղեցի են տեղափոխել Վարագա սուրբ Խաչը, որն այդուհետ կոչվել է Ս. Նշան: 1779-ին վանահայր Բաղդասար վարդապետը Վարագավանքի գավթի ներսը զարդարել է Աբգար թագավորին, Թեոդոս կայսրին, Գայանեին, Հռիփսիմեին, Խոսրովիդուխտին, Գաբրիել հրեշտակապետին պատկերող որմնանկարներով, որտեղ նկարիչը չի կաշկանդվել պատկերագր. ընդունված կանոններով, ինչպես նաև ներդաշնակորեն զուգակցել է հայկական, պարսկական և արևմտաեվրոպական արվեստին բնորոշ ոճական առանձնահատկությունները: 1803-ին կառուցվել են վանքի պարիսպը, առաջնորդարանը, խցերի երկհարկանի շենքը, բաղնիքը ևն: 1817-ին վանահայր Գալուստ եպիսկոպոսը հիմնովին վերակառուցել է Վարագավանքի Ս. Խաչ եկեղեցին և վերածել մատենադարանի: 1832-ին Վանի Թամուր փաշան խեղդամահ է արել Վարագավանքի վանահայր Մկրտիչ վրդ. Գաղատացուն և հափշտակել վանքի ունեցվածքը:

1849-ին Գաբրիել վրդ. Շիրոյանը վերակառուցել է երկրաշարժից ավերված Ս. Սիոն եկեղեցին և դարձրել ցորենի շտեմարան:

1857-ին Վարագավանքի վանահայր է կարգվել Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի), որը մեծ ջանքերով վանքը հանել է Վանի առաջնորդների իրավասությունից և դարձրել անկախ (միայն Կ. Պոլսի հայոց պատրիարքին ենթակա)՝ ազատելով այն Վանի իշխանությունների շահատակություններից:

Խրիմյան Հայրիկը Վարագավանքում բացել է տպարան և շարունակել «Արծվի Վասպուրական» շաբաթաթերթի հրատարակությունը (1858–64), հիմնել է ժառանգավորաց դպրոց, որտեղ դասավանդել են եվրոպ. կրթություն ստացած ուսուցիչներ: Ժառանգավորացը եղել է նոր տիպի դպրոց, որտեղ վերացվել են աշակերտների մարմնական  պատիժները, ներդրվել մանկավարժության առաջադիմական ձևեր ու մեթոդներ: Դասավանդվել են կրոնի պատմություն, աստվածաբանություն, երաժշտություն, ճարտասանություն, քերականություն, աշխարհագրություն, հայոց պատմություն և հայրենագիտություն (առաջին անգամ՝ Վասպուրականում): Դպրոցում որոշ ժամանակ ուսուցիչ է եղել Րաֆֆին:

1862-ից դպրոցը տվել է շրջանավարտներ, որոնցից են Գ. Սրվանձտյանցը, Ա. Թոխմախյանը, Հ. Սևիկյանը, Ա. Փոխանյանը և այլք: 1880-ին ժառանգավորաց դպրոցը վերածվել է երկրագործական  վարժարանի, Եվրոպայից բերվել են գյուղատնտեսական գործիքներ, գնվել է խոշոր կալվածք՝ ուս. գործը պրակտիկ հիմքերի վրա դնելու համար:

1896-ին Վարագավանքը կողոպտվել է, վարժարանի ուսուցիչների և աշակերտների մի մասը սպանվել: 1915-ին Վարագավանքը լքվել է: Ներկայումս ամբողջովին ավերակ է:

Երևանի Մատենադարանում են պահվում Վարագավանքն ընդօրինակված տասնյակ ձեռագրեր, որոնց թվում՝ մանրանկարներով 1293-ի Ավետարան (գրիչ՝ Վարդան), Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ը (1369, գրիչ՝ Ստեփանոս), Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրքը» (1418, գրիչ՝ Նիկողոս), չորս ավետարանիչների մանրանկարներով Ավետարան (1505, գրիչ՝ Հովհաննես Մանգասարենց), Սահակ աբեղայի օրինակած սրբանկարներով «Ժողովածու» (1627), Սաղմոսարան (1628), «Մաշտոց ձեռաց» (1631) ևն:

                                                                               Հասրաթյան  Մ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 962-963:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am