ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ, Վարդան Գանձակեցի, Աղվանից Վարդան, Վարդան Կիլիկեցի, Վարդան Մե ծ, Վարդան Պատմիչ, Վարդան Վարդապետ (մոտ 1200, Գանձակ – 1271, Խոր վիրապ), պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ: Նախնական կրթությունն ստացել է Նոր Գետիկի վանքում, որտեղ աշակերտել է Մխիթար Գոշին:
Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, բազմաթիվ ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր: Վարդան Արևելցին հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր: Հայ և Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի մեկնող. երկերը համակարգելիս նա սոսկաբար չի շարադրել նրանց մտքերը, այլ տվել է նոր մեկնություններ, որոնք չեն ունեցել նախորդները: Հայ մեկնողական գրականության լավագույն նմուշներից են «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր, իսկ Երգ երգոցի նրա մեկնությունը հայ մեկնաբանական մտքի կարևոր երկերից է: Այդ մեկնությունը որոշ ձեռագրերում անվանվում է պարզություն (պարզաբանություն): Վարդան Արևելցին պարզ, դյուրըմբռնելի ներկայացրել է իր նախորդ մեկնությունների ամբողջ. պատկերը: Երկի հիմք ընդունելով Գրիգոր Նյուսացու մեկնությունը ՝ Վարդան Արևելցին պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս ս. հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով: Իսկ սկսած 6.7-ից տվել է իր ինքնուրույն մեկնությունը:
Բազմաթիվ և բազմաբնույթ են Վարդան Արևելցու ճառերը, խրատները, ներբողներն ու թղթերը, որոնք արծարծում են աստվածաբանական խնդիրներ, ծիսական հարցեր կամ նվիրված են սուրբերի կյանքին ու գործունեությանը (Գրիգոր Լուսավորչին, նրա որդիներին և թոռներին, Հովհաննես Գ Օձնեցուն, Մարիամ Աստվածածնին,Հովհաննես Մկրտչին): Առավել հայտնի են.
«Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» ևն:
Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը: Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր: Վարդան Արևելցու գրչի արգասիքն են Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»): Վարդան Արևելցուն են վերագրվում Խաչին նվիրված ճառեր, «Կանոնական բանս» գրվածքը,առակներ, ընդարձակ և համառոտ տարբերակներով պահպանված «Աշխարհացոյց»-ը:
Հեղինակ է նաև քերականական երկու աշխատությունների՝ «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց», որոնք գրված են ժամանակի խոսակցական լեզվով: Առաջինը, որը գրել է Հեթում Ա-ի պատվերով, Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանության մեկնությունն է, իսկ երկրորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը: Հեղինակը քերականությունը զատում է ճարտասանությունից ու տրամախոսությունից՝ այն ներկայացնելով որպես խոսքի մասերին նվիրված ինքնուրույն գիտություն: Տեղեկություններ է հաղորդել նաև բարբառների մասին:
Հայ միջնադարյան մատենագրության մեջ ուրույն տեղ ունի Վարդան Արևելցու «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է «Ժղլանք» անունով): Բազմաթիվ և բազմաբնույթ նյութերից կազմված, դյուրըմբռնելի միջին հայերենով շարադրված, հանրագիտարանային բնույթի ծավալուն այս երկը եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից: Վարդան Արևելցու պատմական գլխավոր երկասիրությունը «Հաւաքումն պատմութեան» գիրքն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ: Բաղկացած է «Նախերգանքից» և հարյուր գլխից: Բուն պատմությունն սկսվում է Բաբելոնյան աշտարակաշինությունից և հասնում մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267): Որպես սկզբնաղբյուր հեղինակն օգտագործել է Եվսեբիոս Կեսարացու, անցյալի գրեթե բոլոր հայ պատմիչների ու մատենագիրների, իր ժամանակակիցներից՝ Վանական Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների աշխատությունները, վիմական արձանագրություններ, դիվան. փաստաթղթեր, ժողովրդական պատումներ: Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ. վերջի և XIII դ. պատմական իրադարձությունների նկարագրությունը:
Երկը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար:
Նշանակալից է նաև Վարդան Արևելցու թարգմանչական գործունեությունը. հունարենից, լատիներենից և ասորից թարգմանել է բազմաթիվ գործեր: Ասորի Իշող քահանայի աշխատակցությամբ 1248-ին թարգմանել է ասորի ժամանակագիր Միքայել Ասորու (1126–99) «Ժամանակագրութիւնը» և «Յաղագս քահանայութեան» գործը: Խմբագրել ու լրացրել է Տոնապատճառ ծիսական ժողովածուն:
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևորկրթական գործունեության շնորհիվ հսկայական ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան միշտ ներկայացրել և պատվել «Մեծն Վարդան» անունով:
Հովհաննիսյան Պ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 966-968:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am