ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ, Մարաթացի, Ամթեցի, Կիլիկեցի(ծ. և մ. թթ. անհտ), XII–XIII դդ. մատենագիր, դավանաբան, առակագիր: Ծնվել է Տլուք գավառի հայաբնակ Մարաթա գյուղում (ինքն իրեն կոչել է Մարաթացի): Սովորել է ծննդավայրում, այնուհետև՝ Սև լեռների Արքակաղնի վանքում, ստացել վարդապետի աստիճան, զբաղվել քարոզչությամբ նախ՝ Ամիթում (այստեղից էլ՝ Ամթեցի), ապա՝ Տլուքում: 1198-ին մասնակցել է Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ Մեծագործ թագավորի թագադրության հանդեսին: Ենթադրվում է, որ եղել է Լամբրոնի արքեպիսկոպոս և Սկևռայի առաջնորդը: Ինչինչ պատճառներով հալածվել է և 1208-ին հարկադրված հեռացել հայրենի վայրերից:
«Արմատ հավատո»-ն կառուցվածքով նման է Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկին և «Կնիք հավատո» դավանական ժողովածուին. բաժանված է գլուխների, որոնցից յուրաքանչյուրը փաստարկվում է նյութին պատշաճող սուրբգրային և հայրախոսական առատ վկայություններով: «Հակաճառություն»-ից և «Կնիք հավատո»-ից «Արմատ հաւատոյ»-ն տարբերվում է նրանով, որ եթե առաջին երկուսը զուտ դավանական հարցեր են շոշափում, ապա վերջինը միաժամանակ՝ և՛դավանական և՛ ծիսական հարցեր:
Հայտնի է «Արմատ հաւատոյ»-ի երկու խմբագրություն՝ ընդարձակ և համառոտ: Ընդարձակ խմբագրությունը բաղկացած է 16 գլխից, որոնցից առաջին երկուսը առաջաբաններ են: Ունի հիշատակագրություններ և հիշատակարան: Ենթադրվում է, որ համառոտը ծագել է ոչ թե ընդարձակից, այլ այդ երկու խմբագրություններն ունեն մեկ ընդհանուր աղբյուր՝ հեղինակային նախօրինակը:
Ժողովածուն արծարծած խնդիրներով պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ դավանական (1–9 գլուխներ) և ծիսական (10–16 գլուխներ): Առաջին մասում աստվածաբանական կարևորությամբ առաջին տեղը զբաղեցնում է Հայ եկեղեցու դավանական դրության խնդիրը, որը ներկայացված է «Ուղիղ դաւանութիւն Սուրբ Երրորդութեանն» խորագրով 3-րդ գլխում և 6-րդ գլխի վերջում զետեղված դավանագրերում: Շոշափվում են նաև Մարդեղության, Քրիստոսի բնությունների, անապականության և քրիստոսաբանական ու աստվածաբանական զանազան այլ հարցեր: Ծիսական հարցերին նվիրված գլուխներից 11-րդը և 13-րդն ուղղված են Կաթոլիկ եկեղեցու դեմ, մնացածը՝ Ասորի եկեղեցու, ավելի ճիշտ՝ ասորածես հայերի դեմ:
Վարդան Այգեկցին իր ժողովածուն կազմելիս օգտվել է ինչպես դավանական բնույթի ժողովածուներից, այնպես էլ Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի, հույն և ասորի աստվածաբանների, Հայ եկեղեցու հայրերի ու վարդապետների աստվածաբանական ժառանգությունից (վկայակոչվածհեղինակների և աղբյուրների թիվը հասնում է 100-ի):
«Արմատ հաւատոյ»-ն դավանական հեղինակավոր և հզոր զենք է եղել Հայ եկեղեցու ձեռքին՝ երկաբնակության և օտարամուտ հոսանքների դեմ մղած նրա պայքարում, մեծ ընդունելության և ճանաչման արժանացել Կիլիկիայի Հայոց արքունիքում, դարձել հակաքաղկեդոնական դավանական պայքարը կազմակերպող հանձնարարելի և հեղինակավոր ձեռնարկ: Վարդան Այգեկցին, իր երկասիրության նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությանը գոհացում տալու համար կարճ ժամանակում 12 անգամ ընդօրինակել է այն և տարածել՝ ուրիշներին հանձնարարելով վարվել նույն կերպ: «Արմատ հաւատոյ»-ն իբր առավել «վտանգավոր մոլորություններ» պարունակող գիրք հիշատակվում է 1341-ին Ավինյոնում (Ֆրանսիա, Հռոմի պապերի ժամանակավոր նստավայրը. մոտ 70 տարվա այդ ժամանակաշրջանը հայտնի է «Պապերի Ավինյոնյան գերություն» անունով) Ներսես Պալիանենցի կազմած և Բենեդիկտոս XII պապին ներկայացված ցուցակի մեջ: Դավանական պայքարում ժողովածուի ներգործուն դերի մասին է վկայում նաև այն փաստը, որ XIIIդ. կեսին քաղկեդոնական հայերը հարկադրված հրապարակ են հանել նույնանուն քաղկեդոնական մի աշխատություն՝ մարդկանց մոտ շփոթություն ստեղծելու, «Արմատ հաւատոյ»-ն մեկուսացնելու կամ նրա ներգործությունը մեղմելու նպատակով:
Վարդան Այգեկցու դավանական բնույթի գործերից են «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյ Հայաստանեայց» և «Վասն շատահաջ քննողացն յանդիմանութիւն» խորագրով երկերը, որոնք Երևանի Մատենադարանի դ 8356 ձեռագրում (ընդօրինակված՝ 1322-ին, Կիլիկիայի Կարմիր անապատում) հայտնաբերել, ուսումնասիրել և հրատարակել է (սկզբում՝ «Բազմավեպ»-ի 1968-ի 7–12 համարներում, այնուհետև՝ առանձին գրքով՝ Վենետիկում, 1969-ին) Հ. Անասյանը: «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» փոքրածավալ երկը լուսաբանում է այն խնդիրները, որոնք ծնունդ են տվել «Արմատ հաւատոյ» ժողովածուին, և գրվել է գրեթե նույն ժամանակամիջոցում:
Այդ գործը ևս գրվել է հայրենի ավանդությունները պահպանելու ձգտումով և հիմնականում նվիրված է Հայ եկեղեցու առաքելական ծագմանն ու նրա հիմքերի պաշտպանությանը: Այն ուղղված է քաղկեդոնականությանը հարող հայերին, որոնք գաղափար չունենալով Հայ եկեղեցու դավանության մասին,բամբասել են, թե «հայք տգէտ և վերջին ազգ են»:
«Վասն շատահաջ քննողացն յանդիմանութիւն» խորագրով ընդարձակ թուղթն իր բնույթով ու բովանդակությամբ տարբերվում է Վարդան Այգեկցու մյուս դավանական գործերից: Գրվել է Դոսխի (Տոսխ) Այգեկ վանքում և ուղղված է հեղինակի ծննդավայր Մարաթայի ու նրա հարակից շրջանների,այսինքն՝ Տլուք գավառի հայ, հույն և ասորի բնակիչներին: Իր այս թղթով Վարդան Այգեկցին հանդես է գալիս որպես ժողովուրդների բարեկամության ջատագով, խաղաղության պաշտպան, անկողմնակալ հաշտարար և համերաշխության գաղափարախոս: Նա իր «հոգևոր որդիներին» Տլուք գավառի հայ, ասորի և հույն բնակիչն երին, հորդորում է վերջ տալ կրոնական անիմաստ վեճերին, վիրավորանքներին, ազգամիջյան խռովություններին, դավանական Երկպառակությունն երին: «Վասն շատահաջ քննողացն յանդիմանութիւն» թղթում Վարդան Այգեկցին շարունակել և զարգացրել է Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Գրիգոր Դ Տղայի ազգային ու կրոնական համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության և եկեղեցիների միասնության գաղափարները:
Վարդան Այգեկցու խրատներն («Խրատք», Վնտ., 1956) ու քարոզներն ուղղված են մարդկային արատների դեմ: Ճառերն ու քարոզները համեմված են առակներով ու զրույցներով, որոնք ավելի ընկալելի են դարձնում քարոզվող գաղափարները: Դրանով Վարդան Այգեկցին հայ գրականության մեջ մտցրել է նոր գրական տեսակ՝ առակավոր ճառեր: Նա միջնադարի հայ նշանավոր առակագիրներից է: Խրատների մեջ ներառված առակների համար հիմնական աղբյուրներ են եղել եզոպոսյան առակները և «Բարոյախոս» ժողովածուն: Միջնադարում Եզոպոսից թարգմանված 60 առակներից Վարդան Այգեկցին իր ճառերի մեջ հյուսել է 13-ը՝ դրանց աշխարհիկ բարոյախոսությունը փոխարինելով հոգեշահ խրատներով: «Բարոյախոսից» քաղել է 8 նյութ՝ փոխելով դրանց այլաբանությունը: Ենթադրվում է, որ Վարդան Այգեկցին, ինքը հավաքելով իր ճառերում գործածած առակները, կազմել է մեկ կամ երկու ժողովածու. այդ օրինակով նման ժողովածու-առակագրքեր են կազմել նաև ուրիշները: Այդպիսի ժողովածուներից է «Աղվեսագիրքը», որը, ըստ Ն. Մառի՝ Վարդան Այգեկցիու առակախմբերի մի ուրույն խմբագրություն է: «Աղվեսագիրք» անվանումը տարածվել է XVII դ.՝ Ոսկան Երևանցու հրատարակությունից հետո (1668, ունեցել է ևս 3 հրտ.՝ 1683, 1698 և 1827): Վարդան Այգեկցու անունով տարածում գտած ժողովածուները, հարստանալով ժողովրդական բանահյուսությունից վերցված նյութերով, հոգևոր սնունդ են տվել միջնադարյան ընթերցողին և ունկնդրին: Դրանց մեջ տեղ գտած ստեղծագործությունները (առակներ, զրույցներ, պատմություններ, մանրապատումներ ևն) միջնադարի գեղարվեստական արձակի լավագույն նմուշներից են, միաժամանակ՝ կարևոր աղբյուր ժամանակի կյանքի, ժողովրդի, հատկապես քաղաքային միջավայրի կենցաղի ու բարքերի լուսաբանման համար:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 964-966:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am