ՎԱՐԴԱՆ ԲԱՂԻՇԵՑԻ [ծ. թ. անհտ, Խողց գյուղաքաղաք – 31.3. 1704/1705, Բաղեշ (Բիթլիս)],  Ամրդոլու վանքի վանահայր, ժամանակագիր: Ուսանել է Ամրդոլու վանքում, դարձել վարդապետ և 1663-ից ցկյանս առաջնորդել նույն վանքը: Ծավալել է մշակութային և շինարարական եռանդուն գործունեություն: 1669–71-ին այցելել է Հայաստանի հոգևոր կենտրոնների դպրոցները: Եղել է Լիմում, նաև՝ Տարոնում, որտեղ փակել է Ս. Առաքելոց վանքի պարտքերը, նորոգել եկեղեցու գմբեթը և վերստին շինել տվել Ս. Ստեփանոս տաճարը, որը կործանվել էր Լենկթեմուրի արշավանքների հետևանքով:

Վարդան  Բաղիշեցուց մեզ են հասել Ամրդոլու մեծահռչակ մատենադարանի ձեռագիր ու տպագիր գրքերի ցուցակը, ապա մի ժամանակագրություն, որն ընդգրկում է 1170–1657-ի Հայաստանի պատմական անցքերի համառոտ շարադրանքը, ինչպես նաև հայ պատմիչների գործերի և օտարազգի պատմիչների հայերեն թարգմանությունների (V դ. – XVIII դ. սկիզբ) ցանկեր: Ցանկերում նշված են նաև այնպիսի պատմիչների անուններ, ովքեր թեև հայտնի են, բայց նրանց պատմությունները մեզ չեն հասել. Վարդան  Բաղիշեցու ջանքերով նրանց երկերը ժողովվել են Ամրդոլու վանքում: Վանքի դպրոցը ծաղկում է ապրել Վարդան  Բաղիշեցու 42 տարիների արգասավոր առաջնորդության ժամանակաշրջանում: Նրա օրոք դասավանդվող առարկաներին ավելացվել են հայ մատենագրություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, և վանքի դպրոցը վերածվել է համալսարանի:

Վարդան  Բաղիշեցու վախճանվելուց հետո դպրոցը դադարել է գործել: Մեզ է հասել Վարդան  Բաղիշեցու դիմանկարը, որ նկարել է տվել Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակիրը և պահել մատուռում՝ ի հիշատակ սիրելի ուսուցչի: Վարդան  Բաղիշեցու կրթած և ուսուցանած նշանավոր սաներից են նաև Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, Աբրահամ Քեղեցին և այլք: Վարդան  Բաղիշեցուն ներբողել է Գրիգոր Շղթայակիրն իր  «Վիպասանութեան» մեջ:

Նրան է ձոնվել նաև աշուղական մի երգ՝ «Գովասանք Վարդան վարդապետին Բաղիշեցւոյ, ասացեալ յաշըղներաց» խորագրով:

 

                                                                     

                                                                     Դոլուխանյան  Ա.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 968:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am