ՎԱՐԴԱՆԱՆՔ. սուրբ Վարդանանք, 451-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում, հաջորդ օրերի հետապնդումների ու մարտերի ընթացքում ընկած 1036 վկաները, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի, «հայրենիքի սուրբ նահատակների» հավաքական անունը, որոնք «հանուն հավատքի և հայրենյաց» կռվել են պարսկական զորքի դեմ: Ավելի լայն իմաստով՝ պարսկական տիրապետության դեմ 449–451-ին Հայոց սպարապետ (422-ից) Վարդան Մամիկոնյանի, հոգևոր դասի և սպարապետի կողմնակից նախարարների գլխավորությամբ հայրենիքի ազատագրության, քրիստոնեության և Հայ եկեղեցու պաշտպանության համար հայ ժողովրդի մղած պայքարի՝ Վարդանանց պատերազմի մասնակիցները, նահատակները:
428-ին կործանելով հայ Արշակունիների թագավորությունը և իր տիրապետությանը ենթակա Հայաստանը վերածելով պարսկական մարզպանության՝ Սասանյան արքունիքը Պարսից թագավոր Հազկերտ II-ի գլխավորությամբ վարել է հայ ազնվականության ներքին ինքնավարությունը վերացնելու, ժողովրդի քրիստոնեական հավատն արգելելու, ազգային ու կրոնական զգացումները ոտնահարելու և բռնի կրոնափոխելու քաղաքականություն: Հոների դեմ հաղթանակից (449) հետո Հազկերտ II-ը հատուկ հրովարտակով հրամայել է կրոնափոխել քրիստոնյա բոլոր հպատակներին և նրանց պարտադրել զրադաշտականություն: Պետականության կորստից հետո քրիստոնեական կրոնը և Հայ եկեղեցին դարձել էին հայոց ինքնության միակ խարիսխը, և եկեղեցական ու աշխարհիկ իշխանությունները, մտավորականությունը, զինվորականությունը հստակ գիտակցել են, որ Հազկերտ II-ի հրովարտակն ուղղված է ոչ միայն հայոց հավատի, այլև՝ ժողովրդի բուն ֆիզիկական գոյության դեմ: 449-ի սկզբին Արտաշատում գումարված հայ նախարարների ու հոգևորականների ժողովը մերժել է Հազկերտ II-ի կրոնափոխության հրամանը: Պարսից արքունիքին մերժող պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Հայոց, Վրաց և Աղվանից մարզպանությունների իշխող ներկայացուցիչները կանչվել են Տիզբոն՝ պատասխանատվության: Մահապատժի սպառնալիքի ներքո նրանք ստիպված դիմել են առերես հավատուրացության (հայրենիք վերադառնալու և անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով): Պատանդներ պահելուց հետո Հազկերտ II-ը հայ նախարարներին՝ 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ, արձակել է Հայաստան՝ նրանց հանձնարարելով մեկ տարում եկեղեցիները վերածել ատրուշանների, հիմնել պարսկական դպրոցներ, արմատախիլ անել քրիստոնեությունը և տարածել զրադաշտականություն: 449-ի սեպտեմբերի վերջին, երբ Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Անգղ ավան ժամանած մոգերը փորձել են տեղի եկեղեցին վերածել ատրուշանի, հայ շինականները՝ Ղևոնդ Երեցի գլխավորությամբ, կոտորել են նրանց և ջուրը նետել զրադաշտական սրբությունը՝ «անշեջ հուրը»: Անգղի օրինակին են հետևել նաև Զարեհավանի բնակիչները: Այդ դեպքերից հետո ժողովրդական տարերային շարժումը ծավալվել է ամբողջ երկրում: Ապստամբության առաջնորդ է ընտրվել Վարդան Մամիկոնյանը: Չնայած բյուզանդական Մարկիանոս կայսրը մերժել է օգնել հայերին և այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ IIին, ուխտապահ նախարարներն ու հոգևոր դասը նախապատրաստվել են դիմադրության: Հայ հոգևորականության մեծ մասի, մասնավորապես Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Հողոցմեցու և Ղևոնդ Երեցի արմատական դիրքորոշման և սպարապետ Վարդան Մամիկոնյանի դրսևորած վճռականության ու կամքի շնորհիվ ապստամբական շարժումը շարունակվել է, չնայած նրանք քաջ գիտակցել են, որ հաջողության հավանականությունը մեծ չէ: Հոգևորականությունը ժողովրդին կոչ է արել նահատակի պսակ ընդունել հանուն հավատի պայքարում, վստահություն ներշնչել հաղթանակի հանդեպ: 450-ի վերջին Արտաշատում գումարված ժողովում ուխտապահ նախարարներն ու բարձրաստիճան հոգևոր ականները Վարդան Մամիկոնյանին ընտրել ենՀայոց տանուտեր՝ ի հակակշիռ Հայոց մարզպան Վասակ Սյունու, որը համագործակցում էր Պարսից արքունիքի հետ և դեմ էր ծավալվող ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարությունների և հոգևորականության ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը, համախմբել իր կողմնակիցների ռազմական ուժերը և նախապատրաստվել վճռական գոտեմարտի:
Հայ-պարսկական սուր հակասությունները հանգեցրել են խոշոր ճակատամարտի Ավարայր գ. մոտ, Տղմուտ գետի ափին: Ճակատամարտից առաջ քահանայից դասը քաջալերել է զորքին, չմկրտվածները մկրտվել են, բոլորը հաղորդվել: Հովսեփ Ա Հողոցմեցու կարգադրությամբ զորականների բազմության առաջ հանդես է եկել Ղևոնդ Երեցը, խրախուսել և ոգեշնչել նրանց, կոչ արել սրտապնդվել հանուն մեծ գաղափարի և հաստատուն հավատով կռվել երկիր ներխուժած թշնամու դեմ: Ղազար Փարպեցու վկայությամբ՝ Հովսեփ Ա Հողոցմեցին և Ղևոնդ Երեցը հայ զինվորներին, նախարարներին խրախուսել և գոտեպնդել են «հոգեւոր բանիւք»:
Զորքին ոգևորել և խրախուսել է նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Նա կոչ է արել չվախենալ հեթանոսների բազմությունից և մահկանացուի սրին թիկունք ցույց չտալ, քանզի Աստված իրենց հաղթանակ կտա, իսկ եթե բախտ է վիճակվել մեռնելու պատերազմի դաշտում, ապա այն պետք է ընդունել սրտի խնդությամբ: Խիստ տպավորիչ են Հայոց սպարապետի խոսքերը, թե երկյուղը թերահավատության նշանակ է, ուստի պետք է մեր մեջ մերժել թերահավատությունը, որով և վախն ու երկյուղը կանհետանան մեր մտքից ու խոհերից: Վարդանանց հերոսամարտի ականատես-պատմիչ Եղիշեն ժողովրդի ազատագրական պայքարի փիլիսոփայությունը, հանուն մեծ գործի գիտակցաբար մահը հանձն առնելու, մահը մահով հաղթելու և Քրիստոսով անմահանալու քրիստոնեական գաղափարաբանությունն արտահայտել է «Չիմացյալ մահը մահ է, իսկ իմացյալը՝ անմահություն» ասույթ դարձած խոսքերում:
Հայկական 66 հզ. զորքը դիմակայել է պարսկական 80–90 հազարանոց բանակին: Ճակատամարտը տևել է մեկ օր, պարսիկները տվել են 3544 զոհ: Ճակատամարտից հետո հայկական զորքը հեռացել է երկրի խորքերը և շարունակել դիմադրությունը:
Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի ելքը:
Պարսկական արքունիքը, համոզվելով, որ հայերին հնարավոր չէ ստիպել ուրանալ քրիստոնեությունը, Հայաստանում սկսել է նոր քաղաքականություն: Չնայած ապստամբության ղեկավարների և հոգևորականների (տես Ղևոնդյանք) նկատմամբ հետագա հալածանքներին, Հազկերտ II-ը հարկադրված հետ է կանչել իր զորքին, ճանաչել Հայաստանի ներքին ինքնավարությունը, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից, թեթևացրել հարկերը, վարել հայերին սիրաշահելու քաղաքականություն: Իսկ հայ ժողովրդի ազատագր. պայքարը շարունակվել է նաև հետագա տասնամյակներում և 481–484-ին՝ Հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորած Վահանանց պատերազմում հասել լիակատար հաջողության ու հաղթանակի: 484-ին կնքված հայ-պարսկական Նվարսակի պայմանագրով պարսից արքունիքը վերացրել է քրիստոնյաների հանդեպ հալածանքները, քանդել Հայաստանում կառուցած ատրուշանները, Հայ եկեղեցուն տվել ազատ գործելու իրավունք, իսկ երկրին՝ վարչական մեծ ինքնուրույնություն:
Վարդանանքը դարձել են օտար բռնապետության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարի, ազգային ինքնուրույնության պահպանման և աննկուն կամքի դրսևորման խորհրդանիշ: Նրանք հայոց պատմության առաջին նահատակներն էին, որոնք գիտակցել են հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերելու անհրաժեշտությունը:
V դ-ից մինչև մեր օրերը հայոց պատմությունն իր հիմնական խորքով ու էությամբ կրում է Վարդանանց հերոսների և պայքարի ազդեցությունը: Դեռևս V դ. մի հայ ուխտավոր Երուսաղեմի հայկական սրբատեղիներից մեկում իր ծախսով կերտել է տվել մի խճապատկեր հուշարձան և հայերեն բոլորաձև երկաթագրով գրել, որ այն նվիրվում է Վարդանանց պատերազմում զոհված անանուն հերոս նահատակների հիշատակին:
Վարդանանց է նվիրված Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Շնորհալու «Նորահրաշ» շարականները: Ավարայրի ճակատամարտի թեման արտացոլվել է միջնադարյան մի շարք հայկական ձեռագրերի մանրանկարներում:
Կիլիկիայի XV դ. Շարակնոցում (Մատենադարան, ձեռ. դ 1630) և XV դ. Ճառընտիրում (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 588), Բաղեշի XVI դ. Շարակնոցում (Մատենադարան, ձեռ. դ 1920) ճակատամարտն ունի պատկերագրական նույն կառուցվածքը՝ պարսից զորքը նկարված է ձախից, հայոց զորագունդը՝ աջից, կանգնած դեմդիմաց, մարտն սկսելու պահին:
Վարդան Մամիկոնյանի և Ավարայրի ճակատամարտի թեման արտահայտվել է նաև ժամանակակից հայ քանդակագործների և նկարիչների ստեղծագործություններում: Երևանում Ե. Քոչարի «Վարդան Մամիկոնյան» արձանը օժտված է տարածական տպավորիչ ուրվագծով, սպարապետի կանոնիկ պատկերագրությամբ: Գ. Խանջյանի և Վ. Խորենյանի մեծադիր կտավներում պատկերված է Ավարայրի ճակատամարտը, որտեղ հայ մարտիկներից յուրաքանչյուրի կերպարն ունի շեշտված անհատականություն: Է. Իսաբեկյանը նկարազարդել է Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը:
Վարդան Մամիկոնյանի և Վարդանանց հերոսների կերպարները XIX դ. 60–70-ական թթ. հայ թատերագրության մեջ և թատրոնում մարմնավորվել են Կ. Պոլսում՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան», Վանում՝ Տ. Ամիրջ անյանի «Մեծն Վարդան», Թիֆլիսում՝ Հ. Կարենյանի «Վարդանանց պատերազմ» ներկայացումներում: Գեղարվեստական գրականության մեջ թեմայի լավագույն արտացոլումը Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպն է:
Վաղ միջնադարից սկսած Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի բազմաթիվ նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում նաև՝ սփյուռքում: Ս. Վարդանի անունը կրող հնագույն կառույցը Զովունիի V դ. մատուռ-դամբարանն է, որտեղ, ըստ ավանդության, թաղված է սպարապետի զինակից, Ավարայրի ճակատամարտում իր 19 զինվորների հետ նահատակված իշխան Տաճատ Գնթունին: Վանի Ս. Վարդան եկեղեցում պահվել է Վարդան Մամիկոնյանի մասունքը (ճկույթը): Ռշտունիքում, Նարեկավանքի դիմաց գտնվում է XIII դարից հիշատակվող Ս. Վարդան, Մոկսում, Գավաշ գ. մոտ՝ Ս. Վարդան Զորավար, Հայոց ձորում՝ Ս. Վարդան վանքերը ևն: Ս. Վարդանանց նվիրված վանքեր կան Համշենում՝ Տրապիզոնի մոտ, և Բարձր Հայքում՝ Սյուրմենե գ. մոտ: Նախիջևանում, Աստապատ ավանի մոտ Ս. Վարդան վանքը (XVII դ.) Արաքս գետի ջրամբարի կառուցման հետևանքով մնացել է ջրի տակ: Ախալցխայի հվ. Բարձունքի վրա կանգուն է Ս. Վարդանանք գմբեթահարկ եկեղեցին (XIX դ.): Կոտայքի մարզի Ալափարս գ. Ս. Վարդան Զորավար եկեղեցու (1857) բեմի վրա դրված է սև գույնի քար, որը, ըստ ավանդության, ներկված է Վարդան Մամիկոնյանի արյունով (քարը բերվել է Մակու քաղաքից, երբ բնակիչները գաղթել են Պարսկաստանից և հաստատվել Ալափարսում):
Սփյուռքում կառուցված Ս. Վարդան անունով եկեղեցիների շարքում հայաոճ ճարտյամբ առանձնանում են ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի, Լիբանանում՝ Բեյրութի, Ռուսաստանում՝ Կիսլովոդսկի (օծվել է 1997-ին) եկեղեցիները:
Հայ եկեղեցին ս. Վարդան Մամիկոնյանի ևս. Վարդանանց 1036 վկաների հիշատակը տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Կատվալյան Մ., Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2002, էջ 969-971:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am