ՎԱՐԴԱՊԵՏ, Հայ առաքելական եկեղեցու կուսակրոն քահանայության գիտական աստիճան: Նշանակում է ուսուցիչ, ուսման առաջնորդ, մեկնիչ, որից և վարդապետել՝ սովորեցնել, քարոզել, մեկնել: Հին կտակարանում օրենքի Վարդապետները մեծ ազդեցություն և հեղինակություն են վայելել իրենց գիտակությ ամբ և ուսումնականությամբ, օրենքի իմացությամբ ու մեկնությամբ: Նոր կտակարանում ևս Վարդապետները մեծ տեղ են գրավում եկեղեցու հոգևոր կյանքում: Առաքյալների ժամանակ եղել են Հին կտակարանին խորամուտ Վարդապետներ, որոնք մեկնաբանել են մարգարեական գրքերը, քարոզել Աստծո խոսքը և ուսուցանել: Պողոս առաքյալի վկայությամբ, Վարդապետը եկեղեցու երեք գլխավորներից մեկն էր՝ առաքյալներից և մարգարեներից հետո, որ Աստված կարգեց եկեղեցում և զորավոր գործեր կատարելու շնորհներ պարգևեց (Ա Կորնթ.12.28):
Հայ եկեղեցին ունի վարդապետ. Տասնչորս աստիճաններ, որոնք որպես տիտղոս և կոչում շնորհվում են ուսումնառությունն ավարտած և ավարտաճառ ներկայացրած կուսակրոն քահանաներին հատուկ արարողությամբ՝ հնում ծայրագույն կամ մեծ Վարդապետների, ներկայումս՝միայն եպիսկոպոսների կողմից: Առաջին չորս աստիճանները կոչվում են մասնավոր վարդապետություն, իսկ մնացած տասը՝ ծայրագույն վարդապետություն: Վարդապետը և ծայրագույն Վարդապետը համապատասխանում են եվրոպական աստվածաբանության արտոնավորի և մագիստրոսի գիտական աստիճաններին: Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքի «Յաղագս դատաստանաց վարդապետաց» բաժնում կանոնադրել է վարդապետական կարգը, իսկ Գրիգոր Տաթևացին՝ վարդապետական տասնչորս աստիճանները և նրանց տվչության կարգը, ինչը մտել է Մաշտոց և ներկայումս գործածվում է Հայ եկեղեցում:
Վարդապետ են կոչվում նաև համաքրիստոնեական կամ Ընդհանրական և Հայ եկեղեցու սուրբ հայրերը (տես Եկեղեցու հայրեր), որոնք մտել են Տոնացույց և Հայ եկեղեցու տոնելի սուրբեր են՝ «երկոտասան վարդապետք» (համաքրիստոնեական սուրբ հայրեր), «եկեղեցւոյ սուրբ հարք» «վարդապետք եկեղեցւոյ», «թարգմանիչ վարդապետք» անուններով:
Ղազարյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 971-972:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am