ՎԱՐԴԱՎԱՌ, Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Այլակերպություն, Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից: Համաձայն Ավետարանի՝ Քրիստոսն իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը, իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասացությունից վեց օր հետո, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթ. 17.2, հմմտ. Մարկ. 9.2, Ղուկ. 9.29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ տեղի պիտի ունենային Երուսաղեմում (Ղուկ. 9.31): Շուտով մի ամպ հովանի է լինում իրենց, և մի ձայն ամպի միջից ասում. «Դա է իմ սիրելի Որդին, դրան լսեցեք» (Մարկ. 9.6, հմմտ. Մատթ. 17.5, Ղուկ. 9.35):

Այլակերպություն (անհայտ նկարիչ, Ավետարան, XV դար)Ի հիշատակ այս իրադարձության՝ եկեղեցին հաստատել է տոն, որը հայերի մեջ տարածված է Վարդավառ անունով: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ՝միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն:

Հույները և լատինները Վարդավառը տոնում են օգոստոսի 6-ին: Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին: Ըստ մեկ այլ տեսակետի՝այս կարգադրությամբ Գրիգոր Ա Լուսավորիչը քրիստոնեացրել է Նավասարդի հեթանոսական այն մեծ տոնը, որը հանդիսավորությամբ կատարվել է հեթանոսական  Հայաստանի գլխավոր սրբավայրեր Աշտիշատում և նրանից քիչ հեռու ընկած Իննակնյա մեհյանի շուրջը (Մշո Ս. Կարապետ վանքի տեղում): 

Հայկական թվականի հաստատումով (551 թ. = հայոց 1 թ.) Վարդավառի տոնը բաժանվել է Նավասարդից, կապվել Քրիստոսի Հարության տոնի շարքին և սկսել տոնվել ս. Զատկին հաջորդող 14-րդ կիրակի օրը՝տատանվելով հունիսի 28-ից օգոստոսի 1-ի միջև: Թեև բաժանվել է Նավասարդյան տոնից, սակայն պահպանել է Վարդավառ անունը և հեթանոսական այնպիսի սովորություններ, ինչպիսիք են վարդերով ու ծաղիկներով զարդարվելը, միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը ևն: Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս Տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է՝ հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Հայ մատենագրության մեջ Վարդավառին նվիրված առավել հայտնի երկերից են Մովսես Խորենացու անվամբ կենցաղավարած «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» (Մովսես Խորենացի,«Մատենագրութիւնք», 1865, էջ 326– 338), «Ի մեծի աւուր տապանակին..., որ ի Կարիաթարիմ, որ բերէ զտօն Վարդավառի» («Սոփերք հայկականք», հ. 18, 1854, էջ 71–86) ճառերը, Գրիգոր Նարեկացու նշանավոր տաղը («Գոհար վարդն...»), Ներսես Շնորհալու տաղերը («Արփիական լոյսն...» ևն):

Երաժշտություն: Շարակնոցում Վարդավառի Ա օրվա կանոնը («Որ ի լերինն այլակերպեալ») վերագրվում է Անանիա Շիրակացուն, իսկ Բ («Ճառագայթ փառաց») և Գ («Այսօր որ էն ի յերկինս բան») օրերի կանոնների երգերը հեղինակել է Ներսես Շնորհալին: Գրչագիր Գանձարաններում ևս պահպանվել են Վարդավառին նվիրված մի շարք խազագրված տաղեր և մեղեդիներ, որոնցից մի քանիսը երգվում են առ այսօր: Դրանցից են, օր., Գրիգոր Նարեկացու «Տաղ Վարդավառի», ինչպես նաև անանուն «Այսօր լեառն Թաոր» և «Լեառն ցնծա դու Թաբոր» տաղերը:

Պատկերագրություն«Պայծառակերպության» կամ Վարդավառի պատկերագրությունն իր կանոնական հորինվածքով, գունային և լուսային համապատասխան հարաբերակցությամբ մասնավոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարի մանրանկարչության և արվեստի մեջ: «Պայծառակերպության» տեսարանի հնագույն օրինակն Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարն է, սակայն այս թեմայի պատկերումները հայտնի են դեռևս VI դ. բյուզանդական արվեստից:

Մանրանկարներում սովորաբար Հիսուսը պատկերվում է Թաբոր լեռը խորհրդանշող բարձունքի վրա, աջ և ձախ կողմերում՝ Եղիա և Մովսես մարգարեները, ներքևում՝ վախեցած կամ զարմացած Պետրոս, Հակոբոս, Հովհաննես առաքյալները: Երբեմն Քրիստոսին նկարում են կլոր կամ էլիպսաձև մանդոռլայի (Քրիստոսի փառքի խորհրդանիշը) մեջ: Հին օրինակներում վերևում պատկերվում են Աստծո Աջը, աստղեր, խաչ: Եղիան և Մովսեսը պատկերվում են կիսատ մարմնով, իսկ առաքյալների փոխարեն պատկերվում են երեք գառներ: Հատկապես ուշագրավ են XI–XIII դդ. հայկական  մանրանկարները:


                         եպս. Պետրոսյան Ե., Արևշատյան Ա., Միքայելյան Մ.

 

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 973-974:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am