ՎԱՐՔԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ագիոգրաֆիա, միջնադարյան գրական ժանր, սրբախոսության գլխավոր տարատեսակներից մեկը: Եկեղեցու կողմից ընդունված՝  կանոնացված պատմություն սրբի, նրա կյանքի, հոգևոր սխրանքների ու չարչարանքների, կատարած հրաշագործությունն երի և այլնի մասին: Վարքագրությունը (ինչպես և վկայաբանությունը) սկզբնավորվել է քրիստոնեական կրոնի հետ մեկտեղ, թեև ունեցել է առավել հին՝ հինկտակարանային սկզբնակերպեր: Վարքագրության ձևավորման գործում մեծ է եղել անտիկ շրջանում ստեղծված գրական ժառանգությունը:

Այսպես, անտիկ գրականության մեջ հայտնի էին. 1. հիպեմնեմատիկ՝ տեղեկատու-գործնական կենսագրությունը, որտեղ հերոսի կյանքը ներկայացվում էր հատուկ կետերով, 2. գովասանական կամ պարսավող հռետորական կենսագրությունը և 3. բարոյահոգեբանական պատումը (էտյուդ), որն ավելի ուշ առաջ գալով՝ ունեցել է խրատական բնույթ: Այդ երեք կարգի կենսագրություններն էլ փոխանցվել են բյուզանդական գրականություն: Սակայն վարքագրության  մեջ ավելի շատ զգացվում է բարոյահոգեբանական պատումի ազդեցությունը: Սրբախոսությունը սեփականել է նրա վառ արտահայտված բարոյախոսական  բնույթը: Հետագայում երեք կարգի կենսագրությունները միախառնվել են, ինչն իր արտահայտությունն է գտել բյուզանդական դասական շրջանի սրբախոսության մեջ (VI–VIII դդ.): Այդ ժանրի հիմքն են հանդիսացել առաջին եկեղեցական հայրերի վարքագրական գրվածքները: Դրանց շարքում հատուկ տեղ է գրավում Գրիգոր Նազիանզացու Դամբանաճառը՝ գրված Բարսեղ Կեսարացու մահվան առթիվ: Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու և IV դ. այլ եկեղեցական հայրերի թղթերում, ճառերում և ներբողյաններում աստիճանաբար ձևավորվել է վարքագրական հերոսի՝ քրիստոնեական իդեալի և բարոյականության կրողի կերպարը:

Կենսագրականների կառուցման սկզբունքներն ամփոփվել են անտիկ աշխարհում լայն տարածում գտած ճարտասանական ձեռնարկների մեջ: Դրանցից էր նաև «Պիտոյից գիրքը»,  որը V դ., իսկ ըստ ոմանց՝ է՛լ ավելի առաջ, հայտնի էր Հայաստանում: Ըստ ՙՊիտոյից գրքի՚՝ ներբող.վարքն ունի հետևյալ կառուցվածքը. 1. սկսվում է հատուկ առաջաբանով, բացահայտում գրության դրդապատճառը, 2. այնուհետև փառաբանվում է հերոսի ծագումը, 3. Դրան հետևում է հերոսի մանկության և ուսումնառության նկարագրությունը, 4. վարքի գլխավոր  մասը նվիրվում է հերոսի գործունեությանը, 5. հերոսը համեմատվում է որևէ նշանավորանձնավորության հետ, 6. վարքն ավարտվում է հերոսի վախճանի նկարագրությամբ:

Վարքի կառուցվածքում կարևոր տեղ է հատկացվում առաջաբանին, որը սրբի կենսագրության նախերգանքն էր: Վարքի առանցքը կազմում է հերոսի արարքների, նրա գլխավոր  գործի նկարագրությունը: Զանց են առնվում երկրորդական դրվագները կամ մտերմիկ բնույթ կրող դեպքերը, քանի որ միայն ժամանակավորից ազատագրված մարդը կարող էր դառնալ վարքագրության  հերոս: Հերոսը պետք է լինի բարու և կատարելության ընդհանրացած մարմնավորում:

Վարքագրության հերոսի դերում հանդես են եկել իրական մարդիկ, և հաճախ նրանց կենսագրությունը գրել են իրենց անմիջական աշակերտներն ու հետնորդները, հանգամանք, որը չէր կարող իր դրոշմը չդնել վերացական իդեալի որոշ ակի կերպավորումների վրա: Հայկական վարքերը, նվիրված լինելով մշակութային, եկեղեցական, հասարակական գործիչներին, մեծ արժեք են ներկայացնում նաև որպես պատմական աղբյուրներ, հատկապես միջնադարյան համալսարանների, վարդապետարանների, վանական դպրոցների պատմության ուսումնասիրման համար: Մեզ են հասել Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի (V դ.), Մաշտոց Ա Եղիվարդեցու (IX դ.), Գրիգոր Նարեկացու (X դ.), Հովհաննես Սարկավագի (XI– XII դդ.), Ներսես Շնորհալու (XII դ.), Սարգիս Շնորհալու (XII դ.), Ներսես Լամբրոնացու (XIIդ.), Հովհաննես Վանականի (XII–XIII դդ.), Ստեփանոս Տեր Հուսկանորդու (XIII դ.), Ներսես Մշեցու (XIII դ.), Գևորգ Սկևռացու (XIII դ.), Մխիթար Սասնեցու (XIII–XIV դդ.), Մաղաքիա Ղրիմեցու (XIV դ.), Հովհան Որոտնեցու (XIV դ.), Գրիգոր Տաթևացու (XIV–XV դդ.), Գրիգոր Խլաթեցու (XIV–XV դդ.), Թովմա Մեծոփեցու (XIV–XV դդ.), Մկրտիչ Նաղաշի (XIV–XV դդ.), Ներսես Անկյուրացու (XV դ.) և այլոց վարքերը:

Հայ վարքագրության զարգացման փուլերի մեջ առանձնակի տեղ են գրավում V և XI–XII դարերը: Առաջին սրբախոսությունների հետ հայերի ծանոթությունը տեղի է ունեցել դեռևս գրերի գյուտից շատ առաջ: Այդ են վկայում V դ. հայ պատմիչների երկերում պահպանված ասորական և հունական սրբախոսական զրույցների ու պատմությունների արձագանքները և հետքերը, IV դ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների վկայաբանությունների, Գրիգոր Ա Լուսավորչի վարքի և Հռիփսիմյանց կույսերի վկայաբանության առկայությունը հավաստող փաստերը: Սակայն վարք-վկայաբանությունը իսկական զարթոնք է ապրել հայ գրերի գյուտից հետո, առաջին թարգմանիչների ջանքերով, հայ մատենագրություն ներմուծած ասորերեն և հունարեն վարքագրության, ինչպես նաև նույն ժամանակամիջոցում ստեղծված հայկական վարքագրությունների շնորհիվ: Աստվածաշնչից հետո ամենավաղ թարգմանություններից էին  «Հարանց վարքի» մասնակի թարգմանությունները (Աթանաս Ալեքսանդրացու գրչին պատկանող՝ Անտոն Անապատականի, Հերոնիմոսի գրչին՝ Պողոս Անապատականի վարքերը, ապա Մակար Եգիպտացու, Հովհան Գբացու վարքերը՝  թարգմանված հունարենից, սուրբ Թեկղիի վարքը՝ ասորից, Ապողոնի վկայաբանությունը՝  հուն-ից, Հովհաննես Թեզբացու վարքը՝ ասորերենից), ապա՝ Մարութա Նփրկերտցու «Վկայք արևելից» ժողովածուն`  ասորերենից, Գրիգոր Նազիանզացու ներբողյանները ևն:

V դ. հայկական  վարքագրությունները, ըստ թեմատիկ ընդգրկման, հիմնականում հետևյալներն են. 1. հայ ժողովրդի դարձին, քրիստոնեության ընդունմանը նվիրված Ագաթանգեղոսի Պատմությունը, որի բաղկացուցիչ մասերն են Գրիգոր Լուսավորչի վարքը և Հռիփսիմյանց կույսերի վկայաբանությունը, ապա Մովսես Խորենացու հեղինակությամբ հայտնի Հռիփսիմյանց վկայաբանության մեկ այլ տարբերակը, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների վկայաբանությունների V դ. խմբագրությունները ևն, 2. հայոց գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին նվիրված երկը (Կորյուն, «Վարք Մաշտոցի»), 3. Եղիշեի  «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկը, որտեղ ազատագրական պատերազմում զոհված Վարդան Մամիկոնյանն ու նրա զինակիցները ներկայացված են որպես վկաներ:

Այդ խմբին են հարում նաև Շուշանիկի և Ատոմյանց վարք-վկայաբանությունները: Սրբախոսության մեջ առկա են թե՛ ներբողական (Կորյուն, «Վարք Մաշտոցի»), թե՛ ժողովրդական (Փավստոս Բուզանդ, ապա մասամբ՝  Ագաթանգեղոս) տիպի վարքերը: Այս շրջանի վարքագրության առանձնահատկությունը նրա դեռևս չտարբերակված բնույթն է՝ պատմական, վիպական արձակի հետ միահյուսված հանդես գալը:

V դ. հայ վարքագրության ամենամեծ նվաճումն է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը: VI–X դարերից պահպանված վարքերից և վկայաբանությունն երից (Ագաթանգեղոսի երկից սերած Գրիգոր Լուսավորչի որդիների, թոռների համառոտ վարք-վկայաբանությունը), մեզ հասած վարքերի առանձին կտորներից, վարքերի հետագա մշակումներից (Ստեփանոս Սյունեցու վարքի խմբագրությունը՝ պահպանված Մովսես Կաղանկատվացու Պատմության մեջ) կարելի է եզրակացնել, որ այդ ժամանակաշրջանում գերակշռել են գործնական-տեղեկատու բնույթի վարքերը: IX–X դդ., շնորհիվ Ատոմավանքի վանահայր Գագիկի թարգմանական գործունեությ ան, վարքագրությունը համալրվել է մի քանի ասորական վկայաբանություններով: 991–992-ին Հովսեփ Կոստանդնուպոլսեցին հայերեն է թարգմանել բյուզանդական Հայսմավուրքը, որի հիման վրա կազմվել են հայկական Հայսմավուրքների հետագա խմբագրությունները: Նույն շրջանի հետ է կապվում վարքի մի նոր ենթատեսակի՝ վարք հիշատակարանի ծագումը, որի առաջին նմուշը Մաշտոց Ա Եղիվարդեցու վարքն է:

XI դարից հայ վարքագրությունը թևակոխել է զարգացման մի նոր շրջան, որը որակապես տարբերվում է նախորդից: Այդ շրջանի վարքագրությունների վրա իրենց կնիքն են դրել նախ գրական ընդհանուր վերելքը և հայ հասարակության կյանքում տեղի ունեցած կարևոր տեղաշարժերը, ապա՝  սրբախոսության գործն. նշանակության ընդլայնումը, խրատական կողմի խորացումը: XI–XIII դդ. հայ վարքագրությունը կրում է նաև իր ժամանակի բյուզանդական սրբախոսության ազդեցությունը՝  վերջինիս նման աստիճանաբար վերածվելով «բարձր» գրականության ժանրի: Հայ վարքագրության  բուռն ծաղկմանը մեծապես նպաստել է Գրիգոր Բ Վկայասերի, ապա Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու գրական վաստակը: Հսկայական աշխատանք է կատարվել հնագույն վարքերի ու վկայաբանությունների ժողովման, ընդօրինակման և ասորերենից ու հունարենից թարգմանելու ուղղությամբ: Վերջնական տեսք է ստացել և լրացվել V դ. թարգմանված «Վարք սրբոց հարանց»ժողովածուն: Ժողովածուի շատ վարքեր ժամանակի ոգով թարգմանվել են երկրորդ անգամ: Միայն Գրիգոր Բ Վկայասերի անունով հայտնի թարգմանությունների թիվն անցնում է մեկ տասնյակից (Հովհան Ոսկեբերանի վարքը, վերջինիս նվիրված Պրոկղի ներբողյանը, Գրիգոր Նազիանզացու, Գևորգ Զորավարի վարքերը, Պարասկևայի վկայաբանությունը, Վարվառայի և Հուղիտայի վկայաբանությունը ևն): Գրիգոր Բ Վկայասերի գրչին է պատկանում նաև «Տոնամակ» սրբախոսական-արարողական ժողովածուի վերախմբագրման, ամբողջականացման գործը: XI–XII դդ. հայ վարքագրության մեջ առանձնացվում են. 1. Վարքեր և ներբողյաններ՝  նվիրված ժամանակի հոգևոր և մշակութային խոշոր գործիչներին (Վարդան Արևելցու ներբողյանները՝ նվիրված Գրիգոր Բ Վկայասերին, Ներսես Շնորհալուն, Գրիգոր Սկևռացու ներբողյանը՝  նվիրված Ներսես Լամբրոնացուն ևն), 2. Ներբողյաններ՝  նվիրված անցյալի գործիչներին (Վարդան Արևելցու ներբողյանները՝  նվիրված Գրիգոր Ա Լուսավորչին, Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին): Հիշյալ գովասանական-հռետորական բնույթի վարքերի կողքին ստեղծվել են նաև ժողովրդական ուղղությանը հարող տեղեկատու տիպի վարքերի տարբեր տարատեսակներ. 1. պարզ պատմողական, 2. հայսմավուրքային, 3. հիշատակարանատիպ: Սրանց թիվը գնալով աճել է և XIV–XV դդ. վարքագրության մեջ գերակշռող դարձել: XI–XV դդ. գրված պարզ-պատմողական վարքերն են Հովհաննես Սարկավագի, Ստեփանոս Տեր Հուսկանորդու, Ստեփանոս Սյունեցու վարքի՝ Մխիթար Այրիվանեցու խմբագրությունը, Գրիգոր Խլաթեցու, Թովմա Մեծոփեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց վարքերը: Սրանց բաղկացուցիչ մասն են կազմում տեսիլքներն ու հրաշապատումները: Սակայն կենց աղային, առօրեական տարրերը աստիճանաբար դուրս են մղում առաջին շրջանին բնորոշ հրաշքների ֆանտաստիկ տարրերը:

X–XV դդ. լայն տարածում են ստացել գործն ական-արարողական ժողովածուները: Հայտնի են Հայսմավուրքների մի քանի՝  Տեր-Իսրայելի (XIII դ. 40-ական թթ.), Գրիգոր Գանձակեցու, Գրիգոր է Անավարզեցու (XIV դ. սկիզբ), Գրիգոր Խլաթեցու (1401) խմբագրությունները:

Հայսմավուրքային վարքերի, վկայաբանությունների, սրբերի հիշատակին նվիրված ընթերցվածքների առանձնահատկությունը, պայմանավորված ժողովածուի գործնական-արարողական պահանջներով, կառուցվածքի միաձևությունն է և ընթերցվածքների համառոտությունը: Հարյուրավոր վարքագրական երկերի դասավորումը, ըստ եկեղեցական Տոնացույցի օրվա, բերում է համապատասխան բանաձևերի մշակման, վարքերի սկսվածքների և եզրափակումների նմանության: Սակայն Հայսմավուրքի առանձին խմբագրությունների վրա իրենց հետքն են թողել նրա խմբագիրների հաս-դավան. դիրքորոշումները և ժամանակը:

Գրական վերելքի ու գրչության զարգացման շնորհիվ XI–XII դարերից զգալի զարգացում և տարածում են ստացել վարք-հիշատակարանները (Գրիգոր Նարեկացու, Ներսես Լամբրոնացու, Մխիթար Սասնեցու, Գրիգոր Տաթևացու, Մկրտիչ Նաղաշի և այլոց): Այս կարգի վարքերի հեղինակները մեծ մասամբ եղել են հերոսների ժամանակակիցներն ու մտերիմները: Նման գրվածքներում խրատաուսուցողական կողմն ունի երկրորդական նշանակություն, առաջնակարգ են դառնում որոշակի կենսագրական տեղեկությունները: Իրենց բնույթով այս վերջինն երը մոտ են պատմ. աղբյուրներին: Հիշատակարանատիպ վարքերի տարածումը վկայում է վարքագրության եկեղեցական շրջանակներից դուրս գալու, այլ հատկանիշներ ձեռք բերելու մասին:

XVI–XVII դդ վարքագրությունը նոր առաջընթաց չի ապրել: Գրիչները բավարարվել են հին երկերի ընդօրինակություններով: Երբեմն հանդիպում են հատուկենտ նոր վարքեր, որոնք փաստորեն արդեն նոր ժամանակի կենսագրություններ են:


                                                      Տեր-Դավթյան  Ք.



Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 976-978:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am