Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Վարժապետյան Ներսես

 ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ Ներսես, Ներսես Բ Վարժապետյան Իսթանպուլցի (ավազանի անունը՝ Պողոս, 28.1.1837, Կ.Պոլիս – 26.1.1884, Կ.Պոլիս), Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874–84-ին: Սովորել է Խասգյուղի (Կ.Պոլսում) Ներսեսյան վարժարանում: 1853-ից զբաղվել է ուսուցչությամբ (Ադրիանուպոլսում, Տարոնում, Նիկոմեդիայում): Վարդապետ է ձեռնադրվել 1858-ին, եպիսկոպոս՝ 1862- ին: 1861-ին, Կ. Պոլսի պատրիարքարանի հանձնարարությամբ, որպես քարոզիչ մեկնել է Ռումինիա, այնուհետև՝ Տրանսիլվանիա: 1866-ին Էջմիածնում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու ընտրությանը: 1872-ին Վարժապետյանը եղել է Նիկոմեդիայի հոգևոր առաջնորդը: Նրա պատրիարքության Ներսես Վարժապետյանտարիներին կրոնական ժողովը կանոնավորել է իր գործունեությունը, հաստատել հոգևոր աստիճան շնորհելու տարիքային նվազագույն սահման: Վարժապետյանը գործունորեն մասնակցել է  «Միացյալ ընկերություն հայոց» կրթասիրական կազմակերպության աշխատանքներին: Օգտվելով 1877–78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Հայկական հարցի արծարծման համար ստեղծված նպաստավոր պայմաններից՝ խնդրագիր է ներկայացրել Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ին՝ հայցելով արևմտահայերի պաշտպանությունը:

Համագործակցելով Կ.Պոլսի Ազգային ժողովի հետ՝ մեծ աշխատանք է կատարել Սան Ստեֆանոյի պայմանագրում (1878) արևմտահայերի մասին հատուկ հոդված (16-րդ) մտցնելու համար: Բեռլինի կոնգրեսում (1878) Հայկական հարցի քննարկումը նախապատրաստելու նպատակով Մկրտիչ Խրիմյանի (Մկրտիչ Ա Վանեցի) գլխավորությամբ Եվրոպա է ուղարկել հայկական ազգային պատվիրակություն: Շրջահայաց քաղաքականություն է վարել Բարձր դռան, Ռուսաստանի, Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արք. Վարժապետյան և Մեծ Բրիտանիայի միջև՝ Հայկական հարցում նրանց բարեհաճ վերաբերմունքը շահելու նպատակով: 1879-ին դիմել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին՝ Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու, և անգլիական դեսպանին՝ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը գործադրելու պահանջով, սակայն՝ ապարդյուն:

Բարձր դռանը ներկայացրած հուշագրերը նույնպես անպատասխան են մնացել:

Հրատարակվել են Վարժապետյանի  «Քրիստոսի սուրբեկեղեցին և անոր հակառակորդները» (1864) և «Ուսումն համաբարբառ Աւետարանի Տեառն մերոյ» (1875) խորագրերը կրող աշխատությունները: Վերջինս Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանների համեմատական միացումն է՝ գրաբար բնագիր և աշխարհաբար բացատրություններ պարունակող տեղեկություններով ու խորհրդածություններով: Առաջաբանում հեղինակը նշել է, որ համառոտել է «հնուց և նորոցկարևորագույն բացատրությունները» հենվելով առավելապես Հայ եկեղեցու և սուրբ հայրերի գրվածքների վրա: Այն երկար ժամանակ իբրև կրոնի դասագիրք է ծառայել արևմտահայ դպրոցներում: Վարժապետյանը 1884-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն առողջական վիճակի պատճառով հրաժարվել է:     

 

                                                                                 Կոստանդյան  Է.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ Էջ 974-975:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am