Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Վասակ իշխանի ավետարան

«ՎԱՍԱԿ ԻՇԽԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ»«Վասակ արքաեղբոր Ավետարան», XIII դ. 70-ական թթ. պատկերազարդ ձեռագիր մատյան (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 2568): Ընդօրինակվել (գրիչ՝ Ավետիս) և պատկերազարդվել է Կիլիկիայի Հայոց Հեթում Ա արքայի եղբոր՝ Վասակ իշխանի պատվերով: Նրա համար նույն Ավետիս գրիչն ընդօրինակել է Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահում գտնվող «Վասակի Ավետարանը» (ձեռ. դ 32.18), որի պատկերազարդումը վերագրվում է Թորոս Ռոսլինին: Երուսաղեմի ձեռագրի Վասակ արքաեղբոր սեփականությունը լինելը հավաստում են Աստվածամոր առջև նրա և որդիների ծնկաչոք պատկերը և գեղեցիկ բոլորգրով գրված մակագրությունը: «Վասակ իշխանի Ավետարան»-ում չեն պահպանվել Եվսեբիոս Կեսարացու թուղթը, մի քանի խորաններ: Պահպանվել են Ա և Ժ կանոնների խորանները, ավետարանիչների պատկերները, անվանաթերթերը և էջով մեկ արված տերունական մանրանկարները. Մատթեոսի Ավետարանում՝ «Ծնունդը»«Մկրտությունը»«Խաչելությունը»  «Յուղաբեր կանայք տիրոջ գերեզմանի մոտ»,  Ղուկասի Ավետարանում՝ «Ավետումը»«Տյառնընդառաջը»«Համբարձումը»«Հովհաննեսի Ավետարանում՝  «Ոտնլվան», ձեռագրի վերջում՝ Վասակի և նրա Կոստանդին ու Հեթում որդիների նկարը: Համապատասխան տեքստային հատվածների մոտ կա նաև տասը լուսանցանկար՝ «Ավետում»«Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը»«Ծնունդ»«Ավետում հովիվներին»«Քրիստոսը և դպիրները» ևն:

«Վասակ իշխանի Ավետարան»-ում և «Կեռան թագուհու Ավետարան»-ում լուսանցքների և էջով մեկ արված նկարներն ավելի նրբագեղորեն փոխակերպում են Թորոս Ռոսլինի ոճը ակադեմիական-մանիերիստական ոճի: Վասակ արքաեղբոր և նրա երկու որդիների նկարը պատկերագրական առումով կարելի է համարել նորույթ Թորոս Ռոսլինի ստեղծած Լևոն արքաորդու(1269–89-ին՝ Լևոն Գ արքա) և Կեռանի պատկերի (1262, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 2660) համեմատությամբ: Վասակ արքաեղբոր ու նրա որդիների պատկերում Վասակի հետևում կանգնած և իր փեշով նրա ընտանիքը հովանավորող Աստվածամայրը նաև բարեխոսի դեր է կատարում՝ մի ձեռքը պարզած դեպի Քրիստոսը: Սա Բարեգութ Աստվածամոր ամենավաղ օրինակներից է և եզակի՝ իբրև գթության և բարեխոսության համադրում: Բազմապիսի տերևներով կազմված շրջանակներում տերունական համառոտած լուսանցանկարները բացառիկ են կիլիկյան մանրանկարչության մեջ: Էջով մեկ տերունական նկարները մի կողմից հարազատ են «Կեռան թագուհու Ավետարան»-ի նկարներին, մյուս կողմից՝ ազդել են Հովհաննես Արքաեղբոր 1289-ի Ավետարանի մանրանկարների վրա: Մատթեոսի Ավետարանի անվանաթերթի Հեսսեի ծառի պատկերը (Քրիստոսի նախնիների կիսանդրիները հանդիպակաց տերևազարդերում և բոլորի վերևում սպիտակափառ Քրիստոսի պատկերը) նույնպես եզակի է իր ձևով և նրբագեղությամբ:

 

                                                                                  Ղազարյան Վ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 961:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am