ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ [ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ, 20.9(3.10).1908, Բուխարեստ – 18.8.1994, Ս. Էջմիածին], Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ի սեպտ. 30-ից: Հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանին:

Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (որտեղ առաջին աշխարհամարտի տարիներին հաստատվել էր Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում: Պալճյանների ընտանիքի՝  Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան Ազգային, ապա՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում (1924–26):

1936-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937-ին՝ գործնական մանկավարժության բաժինը (1937). պաշտպանելով «Կարգապահության հարցը մանկավարժության մեջ» ավարտաճառը՝ ստացել է ուսուցիչ-մանկավարժի վկայական:

1930-ական թթ-ից ազգային-հասարակական, այնուհետև եկեղեցական եռանդուն գործունեություն է ծավալել ռումինահայ գաղութում՝  վերջինիս վերաբերող խնդիրներն արծարծելով նախ Փարիզում լույս տեսնող «Մարտկոց» թերթում (1933), ապա՝ Բուխարեստում իր իսկ հիմնած և հրատարակած գիտահաս. «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937-ի հունիսից 1938-ի մայիս): 1929–43-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել Ռումինիայում գտնվող հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44) կազմում: 1943-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Ս. Կարապետ եկեղեցում հունահայ թեմի առաջնորդ Կարապետարք. Մազլըմյանի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Վերադառնալով Բուխարեստ՝ Ս. Հրեշտակապետաց եկեղեցում մատուցել է անդրանիկ Պատարագը: Նույն օրը (նոյեմբերի 28) Ռումինիայի հայոց թեմական պատգամավորական ժողովը նրան ընտրել է թեմի առաջնորդական տեղապահ, այնուհետև՝ թեմի առաջնորդ (1947–55): 1948-ի մայիսի 23-ին Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն

հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանից ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան, 1951-ի մայիսին՝ օծվել եպիսկոպոս: 1954-ի դեկտեմբերի 31-ին Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:

Դեռևս Ռումինիայում Վազգեն Ա իր կարևոր նպաստն է բերել հայրենիքին սատարելու, հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդելու գործին: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեց. շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:

Հայրապետական անդրանիկ կոնդակում (1955-ի դեկտեմբերի 1), ընդգծելով հատկապես եկեղեցիների և վանքերի շուտափույթ նորոգման անհրաժեշտությունը, ծավալել է եկեղեցաշինական վերականգնողական մեծ աշխատանքներ: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են

Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:

Վազգեն Ա մեծ ավանդ ունի նաև հոգևորմշակութային նոր արժեքների ստեղծման, հների հավաքման գործում: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած  «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը»,  Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:

Մեծ է  Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցումիասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում:

1962-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խո

րհրդի (տես Էկումենյան շարժում հոդվածում), այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:

Դեռևս 1952-ին ընտրվելով Ռումինիայի խաղաղության պաշտպանության կոմիտեի անդամ, հաջորդող տարիներին արդեն որպես Հայոց հայրապետ, Վազգեն Ա մասնակցել է կրոնական

գործիչների Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխ. համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի): Խաղաղարար այս գործունեության համար պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվ. (1962) և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի (1968) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952), «Պատվո նշան» (1968), Ժողովուրդների բարեկամության (1978) շքանշաններով:

Ազգային-եկեղեցական  այս գործունեությունն իր արտահայտությունն է գտել նաև Վազգեն Ա-իիմաստասիրական  և հրապարակախոսական բնույթի գործերում և հայրապետական գրություններում, որոնք սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց»,  Փարիզ, 1933, դ 73) հոդվածից, արծարծել են սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, հայրենիք-սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու ունեցած դերի ու առաքելության հարցերը: Վազգեն Ա-ի գործերը գրված են համաշխարհային գրականության, Ընդհանրական ու Հայ եկեղեցու հայրերի երկերի խորին իմացությամբ, որի շնորհիվ հոգևոր-եկեղեցական ավանդական հարցերը դիտարկվում են հայությանը հուզող արդիական խնդիրների լուծման տեսանկյունից՝ նրբին անդրադարձով քննելով նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհը («Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ»), «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»  Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված մի ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը: Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացվում և ազգային վերիմաստավորման են ենթարկվում «Մեր Պատարագը» գրքույկում:

Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը:

Դեռևս 1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել

է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Նրա ջանքերով վերստին կյանքի են կոչվել Սյունիքի և Գուգարքի թեմերը:

Մեծ է Վեհափառի ավանդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում, որին սատարելու և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին:

Իր երկարատև գահակալության ընթացքում հինգ անգամ ս. Մյուռոնի օրհնություն կատարելուց հետո, Վազգեն Ա իր կյանքի մայրամուտին օրհնած վերջին՝ վեցերորդ Մյուռոնը

(1991-ի սեպտ. 29) անվանել է Անկախության Մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գ. Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր:

Ի գնահատություն տասնամյակների հոգևոր-եկեղեցական և գիտամշակութային վաստակի, Վազգեն Ա ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991, ապրիլի 30), առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն ու Հայրենիքի շքանշանին (1994-ի հուլիսի 29):

Կաթողիկոս. գահին Վազգեն  Ա Պալճյանին հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանը:

 

                                                                                Դևրիկյան Վ.


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 946-948:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am