Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Վազգենյան հոգևոր դպրոց

 ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑ, ուսումնական հոգևոր հաստատություն: Հիմնադրվել է Սևանի թերակղզում, 1990-ին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արք. Ներսիսյանի (1999-ից` Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոս) նախաձեռնությամբ, Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ:  Ի հիշատակ վեհափառ հայրապետի` հոգևոր դպրանոցը 1994-ին անվանակոչվել է «Վազգենյան»:

Վազգենյան հոգևոր դպրանոց1990-ին Հայ եկեղեցուն վերադարձվել է Սևանի եկեղեց. համալիրը, այդ շարքում` Մկրտիչ Ա Վանեցի հայրապետի օրոք, 1897-ին շուշեցի մեծահարուստ Ավետիք Ղուկասյանի մեկենասությամբ կառուցված հոգևոր ընծայարանի շենքը: Սկզբնական շրջանում նորահաստատ դպրանոցի միակ մասնաշենքը 100-ամյա այդ կառույցն էր, որը ծառայեցվել է և՛ ուսումնական, և՛ կենցաղայաին նպատակների: 1992-ին ուսումնական մասնաշենքի է վերածվել դպրանոցին հանձնված «Սևան» ազգային պարկի ակումբը:

Վազգենյան դպրանոցը գիշերօթիկ, հնգամյա ուսումնական  հոգևոր հաստատություն է, որի շրջանավարտները, ևս մեկ տարի ուսանելով Մայր աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում, անցնում են հոգևոր լիարժեք սպասավորության:

Դպրանոց կարող են ընդունվել միջնակարգ կրթությամբ երիտասարդները` հանձնելով ընդունելության քննություններ: Ստուգվում են նաև դիմորդների երաժշտական ընդունակությունները:

Դպրանոցում դասավանդում են հոգևորականներ և հանրապետության բուհերի դասախոսներ: Ուսուցանվում են կրոն. առարկաներ` ընդհանուր աստվածաբանություն, Հին և Նոր կտակարանների ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու և Ընդհանրական եկեղեցու պատմություն, դավանաբանություն, վարք սրբոց, շարականագիտություն, հայրաբանություն, ծիսագիտություն, նաև` գրաբար, հայ ժողովրդի և ընդհանուր պատմություն, պատմական աշխարհագրություն, մատենագիտություն, ընդհանուր և հայ փիլիսոփայության պատմություն, հայ և համաշխարհային գրականություն:

Մեծ ուշադրություն է դարձվում հայերենի,  ռուսերենի, անգլերենի,  հունարենի և լատիներենի ուսումնասիրմանը, կապեր են հաստատվում տարբեր երկրների ուսումնական հաստատությունների հետ:

Սարկավագական առաջին ձեռնադրությունը դպրանոցում եղել է 1992-ին: Վազգենյան  հոգևոր  դպրոցի առաջին շրջանավարտները (անդրանիկ ինը սարկավագներ) տվել է 1996-ին:

Դպրանոցի գործունեությանը զորակցում են Արարատյան հայրապետական թեմի ամերիկահայ բարերարները. 1998-ին հիմնվել է «Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց» հիմնադրամը, Սևանի թերակղզում ընթանում են Ս. Աստվածածին եկեղեցու, Սևանի վանական համալիրի, հոգևոր դպրանոցի նոր մասնաշենքերի շինարարական աշխատանքները:

2000-ին դպրանոցում ուսանել է շուրջ 50 սան: 

                                                                                                         Անտոնյան  Ա.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 948-949:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am