«ՎԵՀԱՓԱՌԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Վազգեն Վեհափառի Ավետարան», X դ. վերջի– XI դ. 1-ին կեսի պատկերազարդ ձեռագիր մատյան: Գրչի և ծաղկողի հիշատակարանները չեն պահպանվել: Մեզ հասած առաջին հիշատակարանը (1088) ձեռագրի նորոգման մասին է: Հետագա հիշատակարաններից (XV դ. կեսից) տեղեկանում ենք, որ ձեռագիրը գտնվել է Գեղարքունիքի գավառում, ապա տերերի հետ տեղափոխվել Արցախ-Խաչեն (XVIII դ.՝ Խադավանք): 1978-ին Վազգեն Ա Պալճյանը ձեռագիրն ստացել է Մ. և Թ. Անթիկյաններից և նվիրել Մատենադարանին (ձեռ. դ 10780): Չափերը՝ 30,5x22 սմ, բաղկացած է մագաղաթե 265 թերթից, երկսյուն է, ուղղաձիգ երկաթագիր:
Մյուս կողմից՝ «Վեհափառի ավետարանում» առկա ավետարանական սյուժետային դրվագները, Քրիստոսի հրաշքներն ու առակները ներկայացնող տեսարանները, երբ կան որոշակի շարքեր (ինչպես «Խաչելության» շարքը մի քանի դրվագներով, որտեղ խաչի վրա մերկանդամ Քրիստոսի առաջին պատկերներից մեկն է), ներկայացնում են մի համակարգ, որն իր լիակատար զարգացումն է գտնում կիլիկյան մանրանկարչության մեջ (Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, «Ութ մանրանկարիչների Ավետարան»): Մերձավորարլյան մի հնավանդ ավանդույթ ևս կա «Վեհափառի ավետարանում», այն է՝ նկարների մեջ և դրանց առընթեր մակագրությունները, երբ հաճախ մեկի բերանից դուրս եկող խոսքը արձանագրվում է մինչև մյուսի ականջը և իր բովանդակությամբ (քաղվածք Ավետարանից և բացատրություններ) հուզական հավելյալ լիցք տալիս մանրանկարներին և շեշտում գրի հանդեպ պաշտամունքը:
Այդ ավանդույթը (ավելի զուսպ արտահայտչաձևերով) հետագայում շարունակվել է Փոքր Հայքի (XI դ.) և ավելի մանրամասն՝ երբեմն Վասպուրականի մանրանկարչության մեջ (XIII–XV դդ.): Կերպարների անհամաչափ կառուցվածքը չի խոչընդոտում հուզական ռիթմին և ձեռքերի արտահայտիչ շարժումներին, որոնք կատարելության են հասնում կիլիկյան մանրանկարչության մեջ: «Վեհափառի ավետարանի» խորանները նման են 1038-ի Ավետարանի խորաններին:
Ձեռագրում հանդիպում ենք հայ մանրանկարչության մեջ պատվիրատուի մեզ հայտնի առաջին պատկերներից մեկին (թերթ 5ա). Թվում է՝ նա միացած է «Հովիվների և մոգերի երկրպագությանը» և նկարված օրանտի (աղոթողի) տեսքով՝ ձեռքերը վեր պարզած:
Բոլոր այդ հատկանիշները ձեռագիրը դարձնում են անզուգական և կապող օղակ վաղ և հասուն միջնադարի գրքարվեստի միջև:
Ղազարյան Վ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 978-979:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am