ՎԿԱ, խոստովանող, նահատակ, մարտիրոս (հուն. բαvρτυρος – նահատակ, վկա), քրիստոնեական հավատքի համար նահատակված անձ: Վկա  են անվանվում հավատքը վկայելու, խոստովանելու, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին մինչ ի մահ Աստծո Որդի և Տեր դավանելու և հանուն դրա անձն ու աշխարհը ուրանալու համար [համաձայն Պողոս առաքյալի խոսքի՝  «..նրանք, որ քրիստոսյաներ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ» (Գաղ. 5.24)]:

Վկաների կամ վկայության նախօրինակները բազմաթիվ են Հին ուխտում. նրանք Աստծո Վկաներն էին՝ աստվածային պատգամներին նախանձախնդիր մարգարեներ, նահապետներ, առաջնորդներ, դատավորներ, քահանաներ, զինվորներ, սրբուհիներ, աստվածանվեր անձինք:

Եբրայեցիներին ուղղված ընդհանրական թղթում Պողոս առաքյալը հիշատակում է Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, որոնք վարել են հավատքի հաղթական կյանքը, շատերն էլ ենթարկվել են տարաբնույթ չարչարանքների՝ մեղսալի կյանքից գերադասելով մահը, «...որպեսզի հասնեն լավագույն հարության»  (Եբր. 11.35):

Վկաների գլուխը Հիսուսն է, այն մշտնջենավոր զոհը, որն իր քավչարար արյունը թափեց հանուն մարդու փրկագործության: Նոր կտակարանի ռահվիրա-վկաներից են Հիսուսի առաքյալները, որոնք գրեթե բոլորն էլ մարտիրոսական մահով հաստատեցին սուրբ հավատքը:

Անդրանիկ վկա է դիտվում ս. Ստեփանոս Նախավկան, որը հետագա Վկաների համար դարձել է հոգևոր խիզախության, կատարյալ սիրո ու հնազանդության օրինակ:

Հայ իրականության մեջ վկաների բանակը հաստատագրված է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիր-առաքյալների՝ ս. Թադեոսի և ս. Բարդուղիմեոսի զոհաբերական քարոզչությամբ, նրանց աշակերտների՝ ս. Ադդե հայրապետի, Կումսիի, բազմաթիվ ճգնավորների ու անապատականների գործունեությամբ: Հայոց հին վկաներից առավել հայտնի են ս. Սանդուխտ կույսը (I դ.), ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք (II դ.), ս. Գրիգոր Ա Լուսավորիչը, ս. Հռիփսիմյանց կույսերը և ս. Գայանյանց կույսերը, ս. Մանե և ս.Նունե կույսերը, ս. Դանիել Քորեպիսկոպոսը, ս. Ատոմյանք, ս. Վարդանանք, ս. Շուշանիկը (V դ.), ս.Վահան Գողթնացին (VIII դ.), ս. Գոհարինյանք (XI դ.) ևն:

Հայ եկեղեցին ընդունում է (թեև չի ընդգրկել Տոնացույցի մեջ) վկաների մի ստվար բազմություն ևս, որոնք կոչվում են Հայոց նոր վկաներ: Այս հասկացությունը պատկանում է Հայսմավուրքի վերջին խմբագիր Գրիգոր Խլաթեցուն, որն իր խմբագրության մեջ ոչ միայն ներմուծել է XII–XIV դդ. վկաների վկայաբանությունները, այլև հավելել իր ժամանակի մի շարք վկաների կենսագրությունները: Վկաների վկայաբանությունների (մինչև XIII դ.) ուսումնասիրման և հրատարակման գործում մեծ ավանդ ունեն Մխիթարյանները (Մ. Ավգերյան, «Լիակատար վարք և վկայաբանութիւնք...», հ. 1–12, 1810–15, «Սոփերք հայկականք»,  հ. 1–22, 1853–61 ևն): Հետագայում, հայ պատմիչների երկերում, Հայսմավուրքներում սփռված վկայաբանություններն ամփոփելով՝ Հ.Մանանդյանն ու Հ.Աճառյանը հրապարակել են 1155–1843-ի ժամանակահատվածում հայտնի վկաների վերաբերյալ «Հայոց նոր վկաներ» ժողովածուն (1903), որտեղ ցանկերով տրվում են բազմաթիվ վկաներ, նշվում վկայության աղբյուրները, մարտիրոսության հանգամանքները, վայրը, թվականը ևն: Մեսրոպ արք. Աշճյանն իր խմբագրած-կազմած «Սուրբերը և մենք» (1993) գրքում զետեղել է հայոց հին և նոր վկաների (I դարից մինչև 1820-ական թթ.) ցանկերը: Ընդ որում տվել է նաև հայոց Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի մի ստվար ցանկ (հոգևորականներ, մտավորականներ)՝ Հայ եկեղեցու և հասարակայնության ուշադրությունը բևեռելով այն կարևոր հանգամանքին, որ թեև հիշյալ նահատակներն անուն առ անուն Տոնացույցի մեջ չեն մուծվել, բայց իրենց անձնուրացությամբ ըստ էության քրիստոնեական հավատքի վկաներ են:

Հայ եկեղեցին ապրիլյան զոհերի հիշատակը նշում է ապրիլի 24-ին: Տես նաև Սուրբեր Հայաստանյայց առաքելական եկեղեցու:

 

                                                     Տեր-Դավթյան Ք., Սարգսյան Լ.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 982:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am