ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մարտիրոլոգիա, սրբախոսական գրականության գլխավոր տարատեսակներից, միջնադարյան գրական ժանր: Երևան է եկել II–III դդ.՝ քրիստոնյաների դեմ դաժան հալածանքների ժամանակաշրջանում, որպես պատում՝ նվիրված քրիստոնյա նահատակներին, վկաներին: III–IV դդ. Արդեն Արևելա-Հռոմեական կայսրության սահմաններում մշակվել են վկայաբանությունների հորինման սկզբունքները՝ նախօրինակ ունենալով հին հունական հերոսներին նվիրված պատումները: Սակայն քրիստոնեական դարաշրջանը բերել է նոր գաղափարախոսությանը համապատասխանող հերոսականության իր պատկերացումը, որը խարսխված է հոգևոր-գաղափարական մղման վրա և ոչ մի կապ չունի մարմնավոր արիության հետ: Առաջին քրիստոնյա փիլիսոփաներ Կղեմես Ալեքսանդրացին և Որոգինեսը քրիստոնյաներին բաժանել են կատարյալների և անկատարների: Կատարյալ քրիստոնյան նա է, ով վստահում է Աստծուն և զոհաբերում իր անձը՝ հանուն նրա սիրո: Ահա կատարելության այս սկզբունքն է ընկած վկայաբանության հիմքում: Այս առումով վկայաբանությունը և վարքագրությունը կամ վարքը ունեն ընդհանրություն՝ երկուսն էլ ոչ թե սովորական, այլ սուրբի, կատարյալ մարդու կենսագրություն են: Վկայաբանությունը վկայի հերոսական նահատակության հետ կապված իրադարձությունների պատմությունն է:
Այս ժանրի կառուցվածքի համար հիմք են հանդիսացել այսպես կոչված՝ «իրական ակտերը», որոնք կրել են զուտ դատական հետաքննության բնույթ՝ կազմված նահատակությանը նախորդող դեպքերի նկարագրությունից, հարցաքննությունից և մահապատժից: Վկայի կերպարի բացահայտումը հիմնականում տեղի է ունենում արտաքին բախումների՝ քրիստոնեության թշնամիների (քրմի, հեթանոս տիրակալի) հետ սուր հակադրության միջոցով:
Ամենուր տիրում է ծայրահեղ անձնուրացության ոգին՝ վկայի գերմարդկային չարչարանքների նկարագրություն, անսովոր դիմակայում այդ տանջանքներին, վկայի հետ կապված հրաշքներ և տեսիլքներ: Իդեալական-ընդհանրական կերպարների ստեղծման միտումը խոր անում է՝ հանգեցնելով ժանրի վերջնականձևավորմանը (VII–X դդ.). վկայաբանությունները հագեցվում են աղոթքներով, վկայի ապաշխարանքի, աշխարհիկ կյանքի հրաժարման դրվագներով:
Վկայաբանության զարգացումը հայ իրականության մեջ զգալիորեն պայմանավորված է եղել նաև ժողովրդի ողբերգական պատմությամբ: Եթե Արևելա-Հռոմեական կայսրությունում քրիստոնեության պաշտոնական ճանաչումից հետո արագ թափով զարգացող վարքագրությունը Վկայաբանությանը մղել է հետին շարք, ապա Հայաստանում վկայաբանությունը շարունակել է զարգանալ (վարքի կողքին և նրանից ավելի բուռն) ընդհուպ մինչև XVIII դ.: Մեզ են հասել 200-ից ավելի արձակ և մեծաթիվ չափածո վկայաբանություններ:
Ամենավաղ շրջանի վկայաբանությունները կապված են քրիստոնեության մուտքի, ապա հայերի դարձի պատմության հետ (Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների Վ., ս. Գրիգոր Ա Լուսավորչի վարքի և վկայաբանության, ս. Հռիփսիմյանց կույսերի վկայաբանության ագաթանգեղոսյան խմբագրություններ): Հերոսների կերպավորման առումով սրանք մեծ ընդհանրություն ունեն ասորա-հունական գրական հուշարձանների հետ: Նշված հուշարձանները բնորոշվում են մի ընդհանուր դարձաբանական բնույթով. վկայի, քարոզչի մահվանն անպայման հաջորդում է հեթանոսների դարձը:
V դ. կեսից արդեն վկայաբանությունների հերոսները ազգությամբ հայեր են, իսկ քրիստոնեությունը Հայաստանում ոչ միայն իշխող կրոն է, այլև՝ ազգապահպանման կարևոր գործոն: Հեթանոսների (քրիստոնյա վկաներին հալածողների) դերում հանդես են գալիս այլազգի՝ օտարերկրյա զավթիչները, և դարձաբանական ոգին այս հուշարձաններում փոխարինվում է ազգային-ազատագրականով. քրիստոնեական հավատի նահատակ, վկա և հայրենիքի համար զոհված մարտիկ հասկացությունները նույնացվում են: Արդեն Եղիշեի պատմական երկում Վարդան Մամիկոնյանն ու նրա 1036 զինակիցները ներկայացվում են որպես վկաներ և օժտվում վերջիններիս հատկանիշներով: Հայկական բուն վկայաբանական երկերից շատերի հերոսները նույնպես ազատագրական պայքարում զոհված զորականներ և զինվորներ են, ինչպես Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին՝ իրենց զինակիցներով, Համազասպ և Սահակ Արծրունիները:
Հայ վկայաբանությունների ազգ-ազատագրական երանգավորումը վառ արտահայտություն է գտել ս. Շուշանիկի և ս. Վահան Գողթնացու վկայաբանություններում, որոնք հայ միջնադարյան արձակի լավագույն նմուշներից են: Այդ յուրահատկությունը՝ ազգ-ազատագր. երանգավորումը, հատկապես ցայտուն դրսևորվել է V–X դդ. վկայաբանություններում, երբ դեռ հայերը վերջնականապես չէին զրկվել պետականությունից և պայքարում էին օտար նվաճողների դեմ:
XI–XII դդ. հայ վկայաբանությունը թևակոխել է մի նոր շրջան, որը բնութագրելի է «ժողովրդական» տիպի հուշարձանների տարածումով, վկայաբանությունների գործնական-կիրառական նշանակության ընդլայնումով:
«Ժողովրդականացման» միտումը իր արտահայտությունն է գտել նաև Գրիգոր Խլաթեցու (Ծերենցի) Հայսմավուրքի խմբագրության մեջ: Պարզ լեզվով գրված այդ Վկայաբանությունները նպատակամիտված էին հավատարմության և հաստատակամության օրինակ ծառայել գոյության անողոք կռվի մեջ գտնվող հայ քրիստոնյային:
XI–XV դդ. վկայաբանությունների հերոսները, կերպարային առումով, «մանրացել» են. հակամարտության հիմքում այժմ ընկած են առօրյա, կենցաղային դեպքերը՝ քրիստոնյայի բռնի ամուսնության փորձ մահմեդացի կնոջ հետ (Խոսրով Գանձակեցի), քրիստոնյայի կողմից պարտքը վճարելու անկարողություն (Թեոդորոս Կեսարացի, Ամենավագ Դերջանցի), մահմեդացի տիրակալի սանձարձակ վերաբերմունք հայ կնոջ հանդեպ և վերջինիս վկայություն՝ հանուն հավատի և պատվի պաշտպանության (Թամար Մոկացի), դավանափոխ անելու փորձ՝ վկայի նկատմամբ ևն:
XVI–XVIII դդ. վկայաբանական գրականությունը դեռևս շարունակել է գոյատևել: Վկայաբանությունները մեծ տեղ են գրավել Զաքարիա Քանաքեռցու և Առաքել Դավրիժեցու երկերում, սակայն արդեն պատմ. պատումների տեսքով: Տես նաև Նոր վկաներ հոդվածը:
Տեր-Դավթյան Ք.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 983-984:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am