ՎՐԹԱՆԵՍ Ա ՊԱՐԹԵՎ, սուրբ Վրթանես (262, Կեսարիա – 341, Վաղարշապատ, ամփոփվել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 333-ից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Գրիգոր Ա Լուսավորչի ավագ որդին: Հաջորդել է կրտսեր եղբորը՝ Արիստակես Ա Պարթևին: Մինչև հոգևորական ձեռնադրվելը եղել է զինվորական: Կեսարիայից Վաղարշապատ է եկել Հայոց թագավոր Տրդատ Գ-ի հրավերով և մինչև 324-ը մնացել արքունիքում:
Վերջինիս և Վրթանես Ա Պարթևի հրահանգով Աղբիանոս եպիսկոպոսը ուղարկվել է հաշտեցնելու իրար դեմ պայքարող Մանավազյան, Բզնունյաց և Որդունի նախարար. տներին, որոնք հետագայում թագավորի հրամանով բնաջնջվել են, իսկ նրանց տիրույթները հանձնվել կաթողիկոսի իշխանությանը: Այնուհետև, Հայաստանում ստեղծված ծանր պայմաններում (նախարարների միջև ընթացող պատերազմները, Սանատրուկ Արշակունու՝ Փայտակարանում իրեն թագավոր հռչակելը, Աղձնիքի Բակուր բդեշխի անկախանալը ևն) Վրթանես Ա Պարթևը «Թուղթ» է հղել հռոմեական կայսր Կոստանդին I-ին՝ խնդրելով ռազմական օգնություն: Շուտով Հայաստան է եկել Անտիոքոս զորավարը և երկրում կարգավորել իրադրությունը: Պարսիկների դեմ մարտում Վաչե սպարապետի զոհվելուց հետո Վրթանես Ա Պարթևն ամեն տարի նշել է նրա հիշատակը (Վաչեանց տոն, ներկայումս չի նշվում): Պայքարել է հեթանոսության մնացուկների դեմ: Խոսրով Բ Կոտակի մահից (338) հետո Վրթանես Ա Պարթևը երկրի իշխանությունն առժամանակ հանձնել է Արշավիր Կամսարականին, իսկ ինքը թագաժառանգ Տիրանի հետ ուղևորվել Կ. Պոլիս և նրան հռչակել Հայոց թագավոր: Վրթանես Ա Պարթևի երկվորյակ որդիներից Գրիգորիսը կարգվել է Վրաց և Աղվանից Կողմերի եպիսկոպոս:
Հայ եկեղեցին ս. Վրթանես Ա Պարթևի հիշատակը տոնում է Գրիգոր Ա Լուսավորչի «սրբոց որդւոց և թոռանց» հետ Սուրբ Ծնունդի 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի 2-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
«Մանկունք» շարականում նրան են նվիրված հետևյալ տողերը. «Բանաւոր հօտին Քրիստոսի ընտրեալ հովիւ քաջ, Ի Հօրէն Լուսոյ բըղխ եալ շառաւիղ բարի...»: Կաթողիկոսական գահին Վրթանես Ա Պարթևին հաջորդել է Հուսիկ Ա Պարթևը:
Հարությունյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 990:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am