ՎՐԹԱՆԵՍ ՔԵՐԹՈՂ, Քչկանորդ ի (VI դ. կես – VII դ. սկիզբ), մատենագիր, դավանաբան: Ըստ X դ. պատմիչ Ուխտանեսի, սովորել է Դվինի կաթողիկոսարանի դպրատանը:

Վրթանես Քերթողը  Գրիգոր անունով մի վարդապետի հետմասնակցել է Կ. Պոլսում 589-ին գումարված եկեղեցական ժողովին՝ որպես Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի նվիրակ: Վերջինիս մահից հետո՝ 604-ին, ընտրվել է կաթողիկոսական տեղապահ մինչև Աբրահամ Ա Աղբաթանեցու ընտրությունը:

Եղել է ժամանակի ուսյալ և գիտուն աստվածաբաններից, ընտիր ոճով գրելու համար նրան տրվել է Քերթող մակդիրը:

Վրթանես Քերթողի տեղապահության օրոք սկիզբ են առել հայ-վրացական եկեղեցական վեճերը՝ կապված քաղկեդոնականություն ընդունելու Վրաց եկեղեցու դիրքորոշման հետ: Մեծ է եղել նրա դերը «Գիրք թղթոց»-ի կազմման գործում, որտեղ, ինչպես նաև Ուխտանեսի «Հայոց պատմությանն» մեջ, պահպանվել են նրա անվամբ մեզ հասած բազմաթիվ թղթեր, շրջաբերականներ, դավանաբանական գրություններ, նամակներ՝ ուղղված հայ և վրացի հոգևորականներին: Դրանց զգալի մասը Վրթանես Քերթողի և Գուգարքի Ցուրտավ քաղաքի եպիսկոպոս Մովսեսի թղթակցություններն են՝ Քաղկեդոնի ժողովի, նեստորականության դեմ և երկաբնակության խնդիրների շուրջ: Որպես Ս. Հռիփսիմե տաճարի կառուցման ժամանակակից և ականատես՝ գրել է նրա համառոտ պատմությունը: Գլխավոր  գործը «Յաղագս պատկերամարտից» (ձեռագրերում հանդիպում են նաև «Ընդդեմ ընդդիմամարտից»«Յաղագս ընդդիմամարտաց» խորագրերը) գրվածքն է, որն ուղղված է պատկերամարտության դեմ: Թուղթը մեծ արժեք է ներկայացնում և՛ Ընդհանրական եկեղեցու, և՛ հայ պատկերամարտության պատմության համար: Ուսումնասիրողները (Ն. Ակինյան, Մ. Աբեղյան, Ս. Տեր-Ներսեսյան) հաստատել են, որ այն պատկերամարտության դեմ առաջին գրվածքն է ընդհանուր եկեղեց. գրականության մեջ, որ հասել է մեզ: Վրթանես Քերթողը արժեքավոր տեղեկություններ է հայտնում հայ արվեստի (նկարչության, որմնանկարչության, քանդակագործության ևնի) վերաբերյալ, խոսում եկեղեցիներում իր տեսած պատկերների, մասնավորապես՝ Գրիգոր Ա Լուսավորչի, Գայանեի և Հռիփսիմեի, Ստեփանոս Նախավկայի նկարների ու որմնանկարների մասին, նկարագրում ավետարանական թեմաներով, հատկապես՝ Քրիստոսի փրկչական տնօրինություններին նվիրված նկարները (ծնունդ, մկրտությունչարչարանքներ, խաչելություն, թաղում, հարություն, համբարձում): Հեղինակի վկայությամբ, եկեղեցիներում եղել են նաև Ավետարանի ոսկե և արծաթե նկարազարդ տուփեր, փղոսկրե և կարմիր մորթուց պատրաստված կազմեր, հեթանոսական տաճարներն էլ ունեցել են մեծ թվով նկարներ և քանդակներ: Գրելով «կուռքերի մեհյաններում» Անահիտի, Աստղիկի, Աֆրոդիտեի նկարների ու քանդակների մասին՝ «իրենց պղծություններով, արբեցություններով և անառակություններով»,  Վրթանես Քերթողը համեմատել է քրիստոնեական և հեթանոսական արվեստը, տվել դրանց նշանակության, գործածման, ընկալման և մեկնաբանման տարբերությունները: Ըստ հեղինակի, քրիստոնեական «պատկերները աստվածության պատվի և երկրպագության փառքի սպասավորության համար են», քանզի քրիստոնյաները ոչ թե նյութն են պաշտում, այլ պատկերված սրբերին են փառավորում և նրանցից բարեխոսություն խնդրում:

Երբ երկրպագում կամ համբուրում են Ավետարանը, ոչ թե փղի ոսկորներին կամ կաշվին են երկրպագություն մատուցում, «այլ Փրկչի խոսքին, որ գրված է մագաղաթի վրա»: Պատկերային համեմատություններով և սուրբգրային վկայություններով Վրթանես Քերթողը հիմնավորել է պատկերահարգությունը և հանգել այն եզրակացության, որ պատկերների պաշտամունքը շեղում չէ Սուրբ Գրքից:

Գրվածքն արժեքավոր է նաև նրանով, որ բովանդակում է «դեղերի» (ներկերի) բաղադրությունը՝ պատկերացում տալով, թե դեռևս վաղ շրջանում ինչից են պատրաստել այն ներկերը, որոնցով ստեղծված գործերը մինչև հիմա պահել են իրենց պայծառությունը:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 990-991:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am