Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Յոթանասուն կամ յոթանասուներկու աշակերտներ կամ առաքյալներ

Յոթանասուն կամ յոթանասուներկու աշակերտներ կամ առաքյալներ. բացի տասներկուսից Հիսուսն ընտրեց նաև յոթանասունին (ըստ այլ հաշվարկների՝ յոթանասուներկուսին), որոնց ևս տվեց իշխանություն՝ Ավետարանը քարոզելու, մարդկանց միջից դևեր հանելու և զանազան բժշկումներ կատարելու (Ղուկ. 10.1–24): Նրանց անունները ստույգ հայտնի չեն, թեև կան որոշ պարականոն զրույցներ, որոնցում հիշատակվում են ինչ-ինչ անուններ ու վարքաբանական դրվագներ: Սակայն ամենահավաստի իրողությունն այն է, որ դա եղել է առանձին խումբ՝ Աստծո Որդու թագավորության բարի լուրը քարոզելու և Սուրբ Հոգով բժշկելու համար: Ի տարբերություն տասներկուսի, որոնք միշտ Հիսուսի հետ են շրջել, նրանք գործել են նաև առանձին-առանձին՝ ուղարկվելով Հրեաստանի տարբեր գավառներ, իսկ Հիսուսի խաչելությունից ու համբարձվելուց հետո՝ նաև աշխարհի տարբեր երկրներ:

Ըստ եկեղեցու մեկնողական ընթերցման՝ Հին ուխտում նկարագրված տասներկու աղբյուրները խորհրդանշում են տասներկու առաքյալներին, յոթանասուն կամ յոթանասուներկու արմավենիները՝ յոթանասուն (յոթանասուներկու) աշակերտներին (Ելք 15.27), իսկ երկու խմբերը, իրենց թվաքանակով, Հիսուսից (իբրև Կենտրոնից) մերձ կամ հեռու լինելով, կարծես խորհրդանշում են երկնային ու տիեզերական իրողություններ: Յոթանասնից առաջ սրբերի առանձին խումբ են նկատվում Բեթղեհեմի մանուկները: Գործքում և առաքելական թղթերում հիշատակվում են առաքելություն ունեցող այլ անձինք ևս (Բառնաբաս, Շիղա և ուր.): Ավետարաններում առկա են և ակնարկվում են նաև այլ խմբեր ու առանձին անձեր, որոնց անունները և գործունեությունը գաղտնի են (լրիվ կամ մասամբ):

Դրանցից մեկն է մեծահարուստ Հովսեփ Արիմաթացին՝ Հիսուսի ծածուկ աշակերտներից մեկը, որը երևում է միայն Հիսուսին խաչից իջեցնելու ու թաղելու ժամանակ (Մատթ. 27.57–58, Մարկ. 15.42–43, Ղուկ. 23.50–53, Հովհ. 19.38): Ավետարաններում առկա են նաև այլ խորհրդավոր դրվագներ ու անձեր (ինչպես, օրինակ, զատկական ընթրիքի համար իր վերնատունը տրամադրող անձը), որոնք ունեցել են աստվածային որոշակի պատվեր և որոշակի առաքելություն: Հայ եկեղեցին Յոթանասնից հիշատակը նշում է ս. Խաչվերացի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Լևոն Սարգսյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am