Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խաչատուր Ջուղայեցի

ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ, Խաչատուր Իսահակյան. ծնվել է Նոր Ջուղայում, թվականն անհայտ է, մահացել է 1792-ին, Իրաքի Բասրա քաղաքում: Պատմագիր, եկեղեցական գործիչ: Սովորել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում, աշակերտել Հովհաննես Մրքուզին: Ձեռնադրվել է աբեղա, եղել Սուրբ Ամենափրկիչ վանքի միաբան, նվիրակ: Գրել է «Վասն ճառագրութեան Պարսից աշխարհի» աշխատությունը (հրատարակիչը խորագրել է «Պատմութիւն Պարսից»): Երկը պետք է լիներ երկհատոր՝ Աքեմենյան տերության կազմավորումից մինչև իր ապրած օրերը: Հեղինակը 1787-ին հասցրել է ավարտել միայն առաջին հատորը, որն ընդգրկում է Աքեմենյան Կյուրոս 2-րդ Մեծից (ՔԱ 550–530) մինչև Քերիմխանը (1760–79) և բաղկացած է երկու մասից. առաջինում տրված է Պարսից թագավորների ժամանակագրությունը, որտեղ համակարգված են հայ մատենագրության մեջ Իրանի պատմության մասին հայտնի տեղեկությունները, օգտագործված են նաև պարսկական սկզբնաղբյուրներ, վավերագրեր, գավազանացանկեր: Խաչատուր Ջուղայեցին զգալի տեղ է հատկացրել առանձնապես 17-րդ դարի սկզբին շահ Աբբաս I-ի կազմակերպած հայերի բռնագաղթին, Նոր Ջուղայի հիմնադրմանը, նրա մշակութային, հասարակական ու կրոնական կյանքին, Պարսկաստանի հայկական համայնքներին: Արժեքավոր տեղեկություններ է հաղորդել պարսկահայերի տնտեսական ծանր վիճակի, ազգային և կրոնական հալածանքների, հարկային համակարգի մասին: Հետաքըրքրություն են ներկայացնում Սուրբ Ամենափրկիչ վանքի վանահայրերի, նշանավոր վարդապետների գործունեությանը նվիրված հատվածները: Տրված են հոգևոր առաջնորդների (Խաչատուր Կեսարացի, Սիմեոն Ջուղայեցի և այլն) ժամակարգությունը, կենսագրությունները: Եզակի են նրա հաղորդած տեղեկությունները 1625 1642 թվականներին Նոր Ջուղայում ծավալված դերձակ Թոմասի (Թումիկի) աղանդավորական շարժման մասին: Ըստ հեղինակի, Թոմասը «խօսեր զհայհոյութիւնս ընդդէմ ուղղափառ հաւատոյս Քրիստոսի» և «առաւել չարագոյն և դժնդակագոյն» էր, քան Նեստորը, Արիոսը և մյուսները: Թոմասն ու կողմնակիցները չեն ընդունել Քրիստոսի աստվածային էությունը, մերժել են եկեղեցական նվիրապետությունը, ժխտել եկեղեցական խորհուրդները, դատապարտել հոգևորականներին և այլն: Խաչատուր Ջուղայեցի անդրադարձել է նաև դավանաբանական վեճերին, Պարսկաստանի հայկական համայնքներում կաթոլիկ քարոզչության հարուցած ազգային անմիաբանության հետևանքներին, քննադատել պապականության ծավալապաշտական քաղաքականությունը: Աշխատության երկրորդ մասը Խաչատուր Ջուղայեցին շարադրել է որպես դեպքերի ականատես: Այն նվիրված է Քերիմ խանի ժամանակաշրջանին և կարևոր ստուգապատում աղբյուր է պարսկագիտության համար: Գրքի վերջում տրված է պարսկական թագավորների անվանացանկն ըստ արքայատոհմերի: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1795-ին, Մադրասում հրատարակվող «Ազդարար» ամսագրում (դ 5–16, առանց պարսկական թագավորների անվանացանկի): Երկրորդ անգամ՝ Պատմութիւն Պարսից, Վաղպատ, 1905:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am