Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խորհրդատետր-Պատարագամատույց

ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ-ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՒՅՑ. Խորհրդատետր, ծիսամատյան, որը պարունակում է Պատարագի բովանդակությունը և մատուցման կարգը:

Առկա են տարբեր առաքյալների (Անդրեաս, Հակոբոս Զեբեդյան, Հակոբոս Տյառնեղբայր) վերագրված խորհրդատետր-պատարագամատույցներ: Հայ եկեղեցին ժամանակի ընթացքում հայացրել է մի շարք խորհրդատետր-պատարագամատույցներ, որոնք հայտնի են Բարսեղյան, Նազիանզյան, Ոսկեբերանյան, հռոմեական անուններով: Բարսեղյան պատարագամատույցը հայկական ձեռագրերում հայտնի է Գրիգոր Ա Լուսավորչի անունով:

Այս վերագրումը հետևանք է այն բանի, որ Գրիգոր Լուսավորիչն է Կեսարիայից այն բերել Հայաստան և դարձրել կիրարկելի: Նազիանզյան խորհրդատետր-պատարագամատույցը, որ սխալմամբ վերագրվել է Աթանաս Ալեքսանդրացուն, խմբագրել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը. որդեգրվելով Հայ եկեղեցու կողմից՝ այն դարձել է նրա հիմնական խորհրդատետր-պատարագամատույցը: Ոսկեբերանյան խորհրդատետր-պատարագամատույցը, որը շատ նման է Բարսեղյանին, կիրառվում է գլխավորաբար Հույն եկեղեցում, իսկ հռոմեական խորհրդատետր-պատարագամատույցը (հայերեն է թարգմանել Ներսես Լամբրոնացին) իր մի շարք հատվածներով ներմուծվել է հայոց Պատարագի մեջ:

Հայոց խորհրդատետր-պատարագամատույցը գլխավորապես կազմված է կապադովկյան հայրերի՝ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հեղինակած պատարագամատույցից: Ըստ այսմ՝ հայոց Պատարագը կատարվում է համաձայն խորհրդատետր-պատարագամատույցի, որն ունի հետևյալ մասերը.

Ա մաս՝ Պատրաստություն, որի մեջ մտնում են.

1. Զգեստավորում (Ոսկեբերանյան),

2. Լվացում (Հռոմեական),

3. Խոստովանություն (Հռոմեական),

4. Նախամուտ (±),

5. Աղոթք՝ Գրիգոր Նարեկացու (Հայկական),

6. Առաջադրություն (Բարսեղյան),

Բ մաս՝ Ճաշու պաշտոնակատարություն, որի մեջ մտնում են.

1. Խնկարկություն (Ոսկեբերանյան),

2. Ճաշու մուտք (Բարսեղյան),

3. Ընթերցվածք (Ոսկեբերանյան),

Գ մաս՝ Կանոն սուրբ Պատարագի, որի մեջ մտնում են.

1. Մեծ մուտք (Բարսեղյան, Նազիանզյան),

2. Ողջույն (Ոսկեբերանյան, Նազիանզյան),

3. Սրբագործություն (Բարսեղյան, Նազիանզյան),

4. Հիշատակություններ (Բարսեղյան, Նազիանզյան),

5. Ճաշակումն (Բարսեղյան, Նազիանզյան, Ոսկեբերանյան),

Դ մաս՝ Արձակում (Ոսկեբերանյան):

Խորհրդատետր-պատարագամատույցի բովանդակության վերաբերյալ ժամանակին մեկնաբանություններ են շարադրել Խոսրով Անձևացին, Ներսես Լամբրոնացին, Մովսես Երզնկացին, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակերը (13-14-րդ դարեր):

Հայերեն խորհրդատետր-պատարագամատույց առաջին անգամ տպագրել է Հակոբ Մեղապարտը, 1513-ին, Վենետիկում:

Տես նաև Ծիսամատյան:

 

Հակոբ Քյոսեյան

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002, էջ 445 – 446:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am