ԾԱԹԵՐ, ԾԱԴԵՐ. քաղկեդոնականություն ընդունած հայ երկաբնակներ: Անվան իմաստը պարզաբանված չէ: Փորձ է արվել այն բացատրել որպես «խեղված, անկատար, կիսատ» քրիստոնյա, այսինքն՝ տրվել է հայհոյական, վիրավորական իմաստ: Սակայն այս մոտեցման դեմ է վկայում այն հանգամանքը, որ ծաթեր իրենց այդ անունով են կոչում: Իրենց վանքերում գրված հայերեն ձեռագրերի հիշատակարաններում գրիչները հաճախ անվան կողքին նշել են և իրենց ծաթ լինելը: Պահպանվել են բյուզանդական գործիչների արճճե կնիքներ, որոնց հայ տերերն իրենց անվան կողքին նշել են ծադ մականունը: Ն. Ադոնցը ծաթեր նույնացրել է արաբական աղբյուրներում հիշված զոտտերի կամ զուտտերի հետ, նրանց համարել ժամանակակից գնչուների՝ Հնդկաստանից եկած նախնիներ: Ն. Մառը ծաթերին հայ-քաղկեդոնիկներ է համարել, իսկ 20-րդ դարին սկզբում Ակնի շրջանում բնակվող հայ-հոռոմներին՝ նրանց հետնորդներ: Հիշվում են 10-րդ դարից: Բնակվել են գլխավորապես բյուզանդական Միջագետք բանակաթեմում, Կարինում, Երզնկայում, Ակնում, Կամախում, Չմշկածագում, Եփրատի վերին հոսանքում:

Անիի Մայր տաճարի հարավ գավթի մի արձանագրությունում հիշվում է Ծադնոց տեղանուն: Ուխտանես պատմիչը (10-րդ դարին) իր գրքի նախաբանում նշում է, որ աշխատության 3-րդ գլուխը (մեզ չի հասել) նվիրված է ծադ կոչվող «ազգի» մկրտությանը: Մխիթար Այրիվանեցին (13-րդ դարին) գրում է, որ Հայոց կաթողիկոս Դավիթ Բ Կակաղեցու (806–833) ժամանակ հայերից (իմա՝ հայադավաններից) անջատվել է ծաթերի «ազգը»: Կեսարիայի շրջանում բնակվող ծաթերի մասին տեղեկություններ է հայտնում Մխիթար Ապարանեցին (15-րդ դարին): Ծաթեր հիշվում են նաև բյուզական աղբյուրներում: Նիկոն Սևլեռնցին (11-րդ դարին) ծաթերին համարում է իրենց (հույների) դավանակից եղբայրներ, հայազգի, որ հեռացել են հայադավանությունից:

Ըստ բյուզանդական աղբյուրների, ծաթերի մետրոպոլիտին ձեռնադրել է Անտիոքի պատրիարքը: Պահպանվել են նրանց վանքերում ստեղծված կրոնական բնույթի հայկական ձեռագրեր:

Ծաթեր անունով գյուղ մինչև 20-րդ դարին սկիզբը հայտնի էր Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Երզնկա գավառում: Ունեցել է 52 տուն հայ բնակիչ, եկեղեցի (Սուրբ Աստվածածին), վարժարան: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են Մեծ եղեռնի ժամանակ: Ծաթեր անունով գյուղ ներկայումս կա ՀՀ Լոռու մարզում: Այն հիշատակված է դեռևս Սանահինի վանքի 1221-ի մի վիմագիր արձանագրությունում: Հնարավոր է, որ այս գյուղերի բնակիչները նախկինում Ծաթեր են եղել:

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանգլխավոր խմբագիր՝ՀովհաննեսԱյվազյանԵրևան, 2002, էջ 445 – 446:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am