ԵՊՀ-ում ապրիլի 17-ին տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի «Հավատի և բանականության հետքերով» և «Մարտին Լութեր. մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը» գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետների ղեկավարները, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր և ուրիշներ:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Գրքերի հեղինակ Հակոբ Սրբազանը մեր եկեղեցում հայտնի է ոչ միայն որպես եկեղեցական բարձր դասի գործիչ, այլև որպես գիտնական, աստվածաբան, մարդ, ով գիտի գիտական աշխատանքի համը: Մարդ, ում աշխատությունները մեծ արժեք են ներկայացնում բոլորիս համար»: Հավելենք, որ «Հավատի և բանականության հետքերով» գիրքը նվիրվում է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին, իսկ մյուսը՝ «Մարտին Լութեր. մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նշեց, որ միջոցառումը շատ կարևոր է ողջ ակադեմիական հանրության համար, ովքեր հետաքրքված են աստվածաբանական և կրոնագիտական հիմնախնդիրներով: Ժամկոչյանի խոսքով հեղինակն առաջին գրքում փորձել է վեր հանել ընդհանրական եկեղեցու հավատքի, բանականության փոխհարաբերությունների հիմնախնդիրները, իսկ երկրորդ գրքում հեղինակը գիտական անաչառությամբ վերլուծում է լյութերականության կրոնադավանական առանձնահատկությունները: Այնուհետև գրքի հեղինակը՝ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, շնորհակալություն հայտնեց երկու գրքերի մեկենասին՝ Գրիգոր Մովսիսյանին, նրա տիկնոջը Նաիրա Կարապետյանին, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: «Անահիտ» հրատարակչության տնօրեն Արտակ Ոսկանյանն էլ իր հերթին երախտիքի խոսք հայտնեց հեղինակներին, նման գիտական և արժեքավոր աշխատությունների համար: Շնորհանդեսի ավարտին գրքերի հեղինակներին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պարգևատրեց ԵՊՀ հուշամեդալով:
|