Հայաստանի ազգային արխիվը հրատարակության է պատրաստում Արևմտյան Հայաստանի հայկական մի քանի եկեղեցիների կալվածագրերը: Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանի ֆոնդի գրագրություններն ուսումնասիրելու ընթացքում, Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները գտել են այս բացառիկ ու արժեքավոր կալվածագրերը, որոնք օսմանյան կայսրության իշխանությունների կողմից տրված փաստաթղթեր են, և որոնք կարձանագրեն ու մանրամասնորեն կնկարագրեն, թե տվյալ եկեղեցին ի՞նչ կալվածներ ու ի՞նչ սեփականություններ է ունեցել: «Նշվում է գավառը, գյուղը, վայրը, կալվածքը, նշված է՝ որտե՞ղ է գտնվում, սահմանները, ի՞նչ կա տվյալ մարգագետնի 4 կողմում», բացատրել է Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ՝ Գոհար Ավագյան: Գտնված շուրջ 200 կալվածագրերը պատկանում են միայն մի քանի եկեղեցիների։ Կալվածներից յուրաքանչյուրի՝ արտի, հողատարածքի, խանութի ու նույնիսկ բաղնիքի համար առանձին փաստաթուղթ է պատրաստված: Սեփականության նման վկայականներ են ունեցել մեր բոլոր եկեղեցիները, բայց դրանցից շատերի մասին առայժմ տեղեկություններ չկան: «Այս եզակի նմուշները գաղթի ժամանակ փրկել և Մայր Աթոռ է հասցրել Բայազետի քահանան: Ազգային արխիվի կազմած գրքում կլինեն բնագրերի լուսանկարները, և դրանց կարճ բովանդակությունը հայերեն և ռուսերեն, հնարավոր է՝ նաև անգլերեն: Առանձին մի թղթածրարում Բայազետի Սուրբ Աստուածածին եկեղեցու կալվածագրերն են: Եկեղեցին արդեն գոյություն չունի, բայց դրա սեփականությունը, ըստ կնիքով հաստատուած փաստաթղթերի, անառարկելի և անժամկետ է: Բայազետի եկեղեցու կալվածագիրն օսմաներեն է, որի հայերեն թարգմանությունը մենք ունենք: Գրված է, որ արեգակի նման պարզ և հավերժ է այն, որ այս տարածքը վերաբերում է, այսինքն՝ պատկանում է հայ եկեղեցուն», դիտել է տվել Գոհար Ավագյանը: Ըստ նրա, փաստաթղթերը հրատարակության նախապատրաստելու ընթացքում դժվարությունների են հանդիպել, մանավանդ տեղանունները օսմաներեն թարգմանելու իմաստով: Այնտեղ նշված է նաև կալվածի արժեքը: «Պետք է մի քիչ ավելի խորը ուսումնասիրել, համեմատել, թե այդ գումարը հիմա որքա՞ն է կազմում, հողն ի՞նչ արժեր: Հաշվի առնելով, որ այդ 150-170 կալվածագրերը վերաբերում են ընդամենը մի քանի եկեղեցու ու եթե դրանք նաև մյուս եկեղեցիների վրա, բավականին լուրջ թիվ է ստացվում», նշել է Ավագյանը: Եկեղեցիների կալվածագրերը իրավական հիմք ունեցող փաստաթղթեր են: Հեղինակները հույս ունեն, որ հրատարակությունից հետո գիրքը մասնագետների համար ուսումնասիրության կարևոր նյութ է լինելու։
Աղբյուր՝ Ասպարեզ թերեթի պաշտոնական կայք, սկզբնաղբյուրը՝ Երկիր Մեդիա, Երևան, հունվար 2016: |