Հոկտեմբերի 28-29-ին Երևանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձերագրերի մատենադարանում կայացած այս գիտաժողովը նվիրված էր անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին: Երկօրյա գիտաժողովն իրականացվեց «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն:
Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը առանձնացրեց գիտաժողովին հատկապես հեղինակավոր հայագետների մասնակցությունը՝ ինչը հարգանքի տուրք է Գրիգոր Նարեկացուն։ Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան նարեկացիագիտության անվանի մասնագետներ, որոնց թվում էին Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարտըն վան Լինտը, Հայաստանից Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը: Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև «Մատյան ողբերգության» պոեմի իտալերեն և ֆրանսերեն թարգմանությունները: Նշենք, որ աշխատության իտալերեն թարգմանությունը կատարել է Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, ում ջանքերով 2015 թ.-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Իսկ «Նարեկի» ֆրանսերեն թարգմանության նախաձեռնությունն իրականություն է դարձրել 6 տարվա ընթացքում՝ շնորհիվ նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահենի: Հավելենք, որ ընթացքում տեղի ունեցան նաև Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ) և Սեյրանուշ Մանուկյանի «Դավիթ Ղազարյան. «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն) գրքերի շնորհանդեսները:
|