Նորություններ
Տպել

Վեստմինստրյան աբբայությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված արարողություն:

Հոկտեմբերի 28-ին Վեստմինստրյան աբբայությունում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին:

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հոգևոր դասը` գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և հրավիրյալներ:

Հիշատակի արարողության ընթացքում Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները, Հայոց Ցեղասպանության վերապրածների ժառանգները Մեծ Եղեռնի նահատակ հայորդիների համար առ Աստված աղոթք բարձրացրեցին` երախտագիտություն հայտնելով բոլոր այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, ովքեր այսօր ջանքեր են գործադրում աշխարհում խաղաղության հաստատման և արդարության վերականգնման համար: Ներկաներն աղոթեցին նաև հանուն Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության անվրդով ու բարօր կյանքի:

Շարականների կատարումներով հանդես եկավ Լոնդոնի Ս. Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը` ղեկավարությամբ Արիս Նադիրյանի: Արարողության ավարտին ներկաներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անգլիկան Եկեցեղու և հավատացյալների անունից խոսք ասաց նաև Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ Լոնդոնի Եպիսկոպոս լորդ Ռիչարդ Չարթրեսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով էկումենիկ արարողության ընթացքում.

- Ձերդ Գերազանցություն ՀՀ Նախագահ,

- Ձերդ Արքայական Մեծություն,

- Սիրելի բարեպաշտ եղբայրներ և քույրեր.

Փառք և գոհություն ենք մատուցում առ Բարձրյալն Աստված, որ շնորհն ունենք հոգևոր ավանդույթներով հարուստ Վեստմինստերյան աբբայությունում մասնակցություն բերելու Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված էկումենիկ այս արարողությանը՝ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների և հավատավոր զավակների հետ:

- Սիրելի հավատակից եղբայրներ և քույրեր.

Մեր ժողովրդի սրտում դեռ չի սպիացել վերքը քսաներորդ դարասկզբին Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ոճրի, որին իրենց ազգային պատկանելության և քրիստոնեական հավատքի համար զոհ գնացին մեկ և կես միլիոն հայորդիներ: Մենք կորցրեցինք պատմական, հինավուրց մեր հայրենիքի մեծագույն մասը, հազարավոր հայեր տարագիր սփռվեցին ողջ աշխարհով:

Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական մի իրողության, մեկ ժողովրդի հանդեպ կատարված եղեռնագործության դատապարտում է, այլև առավելաբար մերժումն ու բացառումն է մարդկության դեմ գործված և գործվող բոլոր տեսակի բռնությունների և ոճիրների, որոնց այսօր էլ զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ՝ հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում: Ցեղասպանության ժխտողականությունը կամ աջակցությունը ժխտողականությանը և կամ եղեռնագործ երկրների նկատմամբ զգուշավորության ու սիրաշահման քաղաքականությունը նոր խթան են ցեղասպանության հանցագործությունների կրկնության համար: 

Մեզ համար հոգևոր խորը գոհունակություն է, որ Վեստմինստերյան աբբայությունում մեր համատեղ աղոթքով ոգեկոչեցինք հիշատակը Հայոց Ցեղասպանության զոհերի և հայցեցինք բարեխոսությունը սրբադասված նահատակների՝ հանուն մարդկության խաղաղ ու ապահով կյանքի: Հիշատակի արարողության կազմակերպման աշխատանքներում ներդրած ջանքերի համար Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Վեստմինստերյան աբբայության վանահայր հոգեշնորհ դոկտոր Ջոն Հոլին, Լոնդոնի եպիսկոպոս լորդ Ռիչարդ Չարթրեսին, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին:

Թող Տիրոջ օրհնության ներքո առավել զորանան և արգասավորվեն բարի հարաբերություններն ու համագործակցությունը մեր երկրների և ժողովուրդների: Եվ թող մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները լինեն մեզ հետ և ամենքի՝ այսօր և միշտ. ամեն:



Աղբյուրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 29 Հոկտեմբերի, 2015

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am